կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-01 10:40
Հասարակություն

Հայ երեխաներին կանգնեցրել են Եփրատ գետի կամրջին, սրախողխող արել ու նետել գետը

Հայ երեխաներին կանգնեցրել են Եփրատ գետի կամրջին, սրախողխող արել ու նետել գետը

«Իմ տատը վերապրել է Հայոց ցեղասպանությունը: Նա այդ մասին պատմել է հայրիկիս, հայրս՝ ինձ:

 

Տատս՝ Մարիամ Սարգսի Պետրոսյանը, ծնվել է 1908 թվականին Թուրքիայի Թերջան շրջանի Խաչգյուղ գյուղում: Ունեցել է երկու եղբայր՝ Համբարձումը և Մկրտիչը: Երբ թուրքերը սպանել են նրա հորը, նրանք տեղափոխվել են Հայաստան: Այսպես է պատմում տատս. «Բոլոր հայ երեխաներին կանգնեցնում էին Եփրատ գետի կամուրջի վրա, սրախողխող էին անում և նետում գետը: Հերթը հասել էր մեզ, երբ մի քուրդ թուրքերից գնում է մեզ և իր տանը պահում՝ որպես ծառա»:

 

Տատիկիս մայրը՝ Վարդիթերը, որոշում է գիշերով երեխաների հետ միասին վերադառնալ Հայաստան:

«Մենք երկու ամիս շարունակ քայլում էինք անտառի միջով, ցերեկները թաքնվում, իսկ գիշերը շարունակում էինք գնալ: Գաղթի ճամփին մահացավ մայրս:

 

Ես փոքր էի, չէի կարող երկար քայլել, եղբայրս ինձ շալակած էր տանում: Ոսկե դրամներ էինք տալիս քրդերին, որ մեզ օգնեին անցնեինք դժվարանցանելի արահետներով: Մոտ երկու ամիս քայլելուց հետո հասանք Գյումրի, որտեղ էլ ընկանք որբանոց: Երբ մեծ եղբայրս դարձավ չափահաս, մենք դուրս եկանք որբանոցից»:

 

Տատս եղեռնի մասին պատմում էր թուրքերեն, և միշտ պատմելուց տխուր ժպիտ էր հայտնվում նրա կնճռոտված դեմքին, կարծես համոզված էր, որ հարյուր տարի անց մեղավորները կդատապարտվեն: