Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
1. Հայաստանի արտաքին քաղաքականության վերստերնացման փորձագիտական հիպոթեզը նոր վառ մարմնավորում է ստացել: Նախ համառոտ իրադարձությունների հենքի մասին:
2. Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը թուրքական հայտնի TRT World ալիքի հետ հարցազրույցում հայտարարեց իր երկրի «եվրոպական նկրտումների» առկայության մասին: Հեռուստաալիքի երկրի հետ մերձենալու ու շփվելու տենչանքը (աֆիլիացիա) մեզ սոսկ պատահականության խաղ չի թվում, թեպետ դավադրապաշտական ծայրահեղությունների մեջ էլ չպետք է ընկնել: Հայաստանի ղեկավարության պատկերացմամբ՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը, հավասարապես եւ խաղաղությունն Ադրբեջանի հետ կմոտեցնեն եվրաինտեգրման հեռանկարները: Ճիշտ է այս ըմբռնումը, թե ոչ, կյանքը ցույց կտա, առայժմ պարզապես արձանագրենք այն։
3. Միրզոյանի հարցազրույցից 3 օր անց Եվրախորհրդարանը 504 կողմ, 4 դեմ եւ 32 ձեռնպահ ձայներով բանաձեւ ընդունեց, որը ԵՄ ղեկավարությանն առաջարկում է քննարկել Հայաստանին Վրաստանից, Մոլոդովայից եւ Ուկրաինայից հետո Եվրամիության անդամության թեկնածուի կարգավիճակ տալու հարցը: Տվյալ փաստաթղթի ընդունումից 2 օր անց էլ վարչապետը, բացելով կառավարության նիստը, հայտարարեց այդ թեմայով լայն հասարակական բանավեճերի անհրաժեշտության մասին:
4. Ընթացիկ կոնյունկտուրայի պատանդ չդառնալու համար դիտարկենք Երեւանի եւ Բրյուսելի կոոպերացիայի համակարգային հիմքերը: Առաջին տարին չէ, որ նման համագործակցություն է ծավալվում: Նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք Հայաստանը եւ Եվրամիությունը ստորագրել են Համաձայնագիր գործընկերության եւ համագործակցության մասին (1996, ուժի մեջ է մտել 1999ին): 2004-ին Երեւանը միացել է Եվրոպական հարեւանության քաղաքականության ծրագրին: 2010-ին՝ արդեն Սերժ Սարգսյանի նախագահության օրոք, Հայաստանը սկսել է բանակցությունները Ասոցիացիայի համաձայնագրի կնքման շուրջ: Եվ բացառված չէ, որ կստորագրեր նաեւ դա, եթե չլիներ ուկրաինական ճգնաժամը, Մոսկվայի դժգոհությունը, ռազմական ծավալումը Սիրիայում եւ Թուրքիայի դիրքերի ամրապմդումը Մերձավոր Արեւելքում ու Անդրկովկասում: 2013-ին Սարգսյանը սեղմեց «արգելակը» եւ նախընտրեց Մաքսային միությունը (որ հետագայում դարձավ ԵԱՏՄ): Բայց դա չխանգարեց նրան արդեն 2017-ին ստորագրել Բրյուսելի հետ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը: Այն լիակատար ուժի մեջ մտավ արդեն Նիկոլ Փաշինյանի օրոք՝ 2021-ի մարտին:
5. Ինչո՞ւ են պետք Հայաստանին եվրոպական ափերը: Առաջին՝ տնտեսությունը: Հայաստանի էկոնոմիկայի նախարարի գնահատականներով՝ «եթե վերցնենք ԵՄ-ն՝ որպես միասնական շուկա, ապա այն Հայաստանի երկրորդ խոշոր առեւտրային գործընկերն է Ռուսաստանից հետո»: Երկրորդ՝ երկար տարիներ համարվում էր, որ Երեւանի համար կարեւոր է չթողնել Բաքվին Բրյուսելի վրա ազդեցության մենաշնորհ ունենալ: Երրորդ՝ սփյուռքի գործոնը (որ կարեւոր է հատկապես Ֆրանսիայի դեպքում): Չորրորդ՝ Փարիզի ներկայությունը ԵԱՀԿ Մինսկի խմբում (սակայն 2020-ից հետո այդ ձեւաչափի նշանակությունը ենթարկվեց քաղաքական գերարժեզրկման): Հինգերորդ՝ սերնդափոխությունը եւ «նոր հայերի» կարիերայի առաջխաղացման պլանները հեռանկարային տնտեսական հատվածներում (օրինակ՝ ՏՏ, ոչ թե բեռնափոխադրում կամ մեծածախ-մանրածախ առեւտուր): Այդ բոլոր ուղղությունները, կրկնեմ, ոչ փաշինյանով են սկսվել, ոչ էլ նրանով են ավարտվելու:
6. Ի՞նչն է, սակայն, Հայաստանի ներկայիս իշխանական թիմի սկզբունքային տարբերությունը նախորդներից: Քոչարյանական եւ սարգսյանական կոմպլիմենտարիզմը կառուցված էր «եւ-եւ» սկզբունքով, ոչ թե «կամ-կամ»: 2017-ի փետրվարի 24-ին եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը (մինչ այդ նա զբաղեցրել է նաեւ Հայաստանի վարչապետի պաշտոնը) հայտարարեց Երեւանի դիրքորոշումը, այն է՝ համագործակցել եւ աշխատել թե՛ Եվրոպական Միության, թե՛ ԵԱՏՄ-ի հետ: 2017-ի համաձայնությունը Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ հենց հակադրվում էր Ասոցիացիային: Ոչ ոք կասկածի տակ չէր դնում նաեւ Մոսկվայի բացառիկ դերը հանրապետության անվտանգության ապահովման հարցում: Նույնիսկ ոչ հրապարակային բանաձեւ գոյութն ուներ «պաշտպանությունը եւ Ղարաբաղը Ռուսոաստանն է, իսկ տնտեսությունն ու տեխնոլոգիաները՝ Եվրոպան»: Թեպետ, անկեղծ լինենք, այդ բանաձեւըւ հեռու էր կատարելությունից, քանզի ՌԴ-ի տնտեսական նշանակությունը ոչ ոք չի վերացրել:
7. Իսկ այժմ, երբ Ղարաբաղը կորսված ու հայաթափված է, Երեւանը ձգտում է առաջ տանել «կամ-կամ» հայեցակարգը: Եվ օրեցօր ավելի հստակ, առանձնապես չկաշկանդվելով արտահայտությունների հարցում: Բայց այդ մոտեցումը հղի է վտանգներով: Հավանականություն կա, որ Եվրոպական հեռանկարների համար պայքարում, մի ափը լքելով, այդպես էլ մյուս ափին չհասնես:
Սերգեյ Մարկեդոնով
Թարգմ.՝ Գայանե Մանուկյանի