կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-06 15:35
Քաղաքական

Վերադառնալու ենք հին վառարաններին...

Վերադառնալու ենք հին վառարաններին...

Այս շաբաթ կառավարության նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարություն արեց գազի գների վերաբերյալ՝ ասելով, որ գազի սպառման ծավալների նվազումն ակնհայտորեն վկայում է, որ «Գազպրոմ» ընկերությունը կարող է ունենալ ավելի մեծ հասույթներ՝ ավելի ցածր գների դեպքում: Վարչապետը նաև ակնարկել է, որ Հայաստանի տնտեսության և բնակչության համար ևս գազի գինը պետք է լինի մատչելի ու շահավետ:

Ի դեպ, գազի գնի հետ կապված՝ սա առաջին ակնարկը չէ: Ավելի վաղ Հովիկ Աբրահամյանը Մոսկվայում ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ նույնպես խոսել էր գազի գնի նվազեցման անհրաժեշտության մասին, սակայն մինչ օրս ՌԴ-ից որևէ պատասխան չկա: Ականջալուր կլինե՞ն Հայաստանի կառավարության խնդրանք-առաջարկին, թե՞ ոչ:

Yerkir.am-ի հետ զրույցում խոսելով գազի գնի մասին, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը համաձայնեց, որ ժողովուրդն ի վիճակի չէ վճարել կոմունալ ծախսերը՝ գազի ու հոսանքի վարձերը, համաձայնեց, որ գազի սպառումն իսկապես նվազել է:

«Ախր ո՞նց գազ վառեն, ո՞նց, գալու ենք էլի հին փայտե վառարաններին»,-ասաց Աշոտ Աղաբաբյանը՝ կարծիք հայտնելով, որ հարցի լուծումն այն կլինի, որ  կարևոր էներգետիկ  օբյեկտները, որոնք պետությունը վաճառել է, ստիված պետք է  լինի նորից ետ գնել: Հարցին, դա հնարավոր համարո՞ւմ է, Աշոտ Աղաբաբյանը պատասխանեց. «Ինչո՞ւ ոչ, եթե 112 միլիոն դոլար կարողանում են տալ ճանապարհներ կառուցելու համար, եթե կարողանում են վարկ վերցնել, ապա ինչու՞ ոչ»:

Հարցին, ինչպես՞ կմեկնաբանի ՀԷՑ-ի սեփականատիրոջ՝ Սամվել Կարապետյանի կողմից  նոր բարեգործական հայտարարարությունն այն մասին, որ Արցախում ծնված 4-րդ երեխայի համար պատրաստ է վճարել 5000 դոլար, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Բարեգործություն, բայց ու՞մ հաշվին,  հոսանքի գնի բարձրացման հաշվի՞ն»: