Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ «Ապառաժ»-ը զրուցել է Արցախի թեմի գրասենյակի գործունեության, Արցախի պատմամշակութային ժառանգության պաշտպանության, Արցախ վերադարձի հնարավորության և այլ հարցերի մասին։
Գրասենյակը կարևոր է այնքանով, որքանով թեմի գործունեությունը
-Սրբազան Հայր, Երևանում իր աշխատանքներն է սկսել Արցախի թեմի գրասենյակը, ինչպե՞ս ստեղծվեց այն և ի՞նչ առաքելություն ունի։
-Գրասենյակը կարևոր է այնքանով, որքանով թեմի գործունեությունը։ Եվ թեպետ թեմի գործառույթները փոքր ինչ փոփոխված են և թեմի կարևոր բաղադրիչները՝ վարչական տարածք, եկեղեցի ու հոգևոր դաս չկան, բայց, այդուհանդերձ, թեմը չի լուծարվում և այլ ձևաչափով է սկսում աշխատել։ Առաջին հերթին ստեղծեցինք թեմական խորհուրդը, որի անդամներն են Հայաստանում ապրող արցախցիները և այն արցախցիները, ովքեր երկար տարիներ եղել են Արցախի ներկայացուցիչներ տարբեր երկրներում՝ ԱՄՆ,ՌԴ, Բելգիա, Ֆրանսիա։ Սակայն վերջիններս երկար չմնացին թեմական խորհրդի կազմում, քանի որ ՀՀ իշխանությունները լուծարեցին ներկայացուցչական առաքելություն իրականացնող անձանց մանդատները և նրանք այլևս չեն կարողանում Արցախի հետ կապված որևէ աշխատանք կատարել կամ որևէ խնդիր հնչեցնել։
Դրանից հետո մենք արդեն փնտրում էինք մեր գործունեության համար վայր և մեր խնդրանքին ընդառաջեց «Դիալոգ» կազմակերպության ղեկավար Յուրի Նավոյանը, որի շնորհիվ սկսեց գործել Արցախի թեմի գրասենյակը։ Գրասենյակում աշխատում է 7-8 անձ, ովքեր տարբեր ոլորտներ են ղեկավարում։ Գրասենյակի ղեկավարը Մելանյա Բալայանն է, մեզ հետ աշխատում է ԱՀ ԿԳՄՍ նախկին նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը։ Նա մշակութային ժառանգության հետ կապված հարցերով է զբաղվում։ ԱՀ ԱԳՆ նախկին նախարար Կարեն Միրզոյանն արտաքին կապերով է զբաղվում, միջազգային կառույցների հետ է աշխատելու։ Մենք խորացված կարգով համագործակցելու ենք «Մունք» կազմակերպության, որը տեղակայված է Տաշիրում և Երևանում։ Կազմակերպությունն Արցախի Հաղորտի համայնքում կարևոր առաքելություն է իրականացրել և համագործակցում ենք, որպեսզի այսօրվա երիտասարդական միտքը կարողանանք նպաստավոր դարձնել արցախահայության միավորման գործում։
Ունենք նաև թարգմանչական ուղղվածություն, գրքերի թարգմանություն, նամակների, հոդվածների թարգմանչական աշխատանքներ է իրականացվելու։ Այսքանով հանդերձ մենք պետք է մեծ ուշադրություն դարձնենք լրատվական դաշտի վրա, ունենք Արցախի թեմի կայք, որը պետք է համապատասխան լրատվությունը հասցնի ամեն հայի, միջազգային հարթակում գործող սրտացավ մարդկանց։
Քանի որ Արցախի թեմն իրավական կառույց չէ, պետք է կյանքի կոչենք Արցախի թեմի հիմանդրամը, որը կկարողանա լիարժեք իրավական հարցերով զբաղվել։ Նոր ենք սկսել աշխատանքները, դեռևս մի քանի ամսվա ծրագիր ունենք։ Եթե կարողանանք որոշ չափով պատասխանել ամեն արցախցու հարցադրումներին, հուսադրող քայլեր առաջարկել, կնշանակի, որ մենք մեր առաքելության մեջ ենք։
Մենք պետք է բոլորս համախմբվենք՝ մեր աջակցութունը բերելու Արցախի պետական համակարգին։
-Իրավական ոլորտում արցախցիների աջակցության առումով ինչ-որ աշխատանքներ տանո՞ւմ եք։
-Այդ ուղղությունն իրակացնել չենք կարող, քանի որ Հայաստանում Արցախի հարցով գործող բոլոր կազմակերպությունների, հիմանդրամների գործունեությունը պիտի նպաստի Արցախի հիմնախնդրին արդարացի լուծում ապահովելուն։ Այսօր Արցախի իշխանությունն է զբաղվում արցախահայության սոցիալական, իրավական հարցերով և մենք պետք է բոլորս համախմբվենք միայն ու միայն մեր աջակցութունը, նպաստը բերելու Արցախի պետական համակարգին, որ այն ոչ միայն չլուծարվի, այլև իր դրական քայլերը, շարժը ցույց տա, որ կա, գոյություն ունի և ինքը լեգիմիտիմ իշխանություն է։ Այս առումով իրավական հարթության վրա նման ծրագրեր մենք չենք իրականացնում։ Արցախահայության հետ կապված սոցիալական բաղադրիչն իրականացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, որին կից սոցիալական բաժին է գործում։
Անտեսված լինելու պարագան մարդկանց մոտ առաջացնում է խուճապային տրամադրություն։
-Դուք անցած ամսիների ընթացքում հանդիպումներ եք ունեցել տարբեր մարզերում ապրող արցախցիների հետ։ Արդյո՞ք այն շարունակական է լինելու և ինչքանո՞վ է թեմը ի զորու լուծել, հասցեագրել բարձրացված խնդիրները։
-Ի սկզբանե, բռնի տեղահանության օրերին, մեր մտքում կար ստեղծել մի վայր, որտեղ Արցախի թեմը և հոգևորականները կկարողանան անմիջապես արձանագրել խնդիրները և իրենց նպաստը բերել։ Տեղահանության ժամանակ Սյունյաց թեմն իրականացրեց այդ աշխատանքը և բոլոր տվյալները փոխանցեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին։
Մեր հանդիպումներն արցախցիների հետ հունիս ամսից ենք սկսել, այցելել ենք 5 մարզեր։ Նախկինում, երբ որպես թեմակալ առաջնորդ հանդիպում էի տարբեր միջազգային կառույցների, գրասենյակների ներկայացուցիչների, դեսպանների, լրատվամիջոցների հետ, ես միանշանակ, արցախահայության մտքի թարգմանը լինելով, բարձրաձայնում էի, որ բոլոր արցախցիները ցանկանում են վերադառնալ, բայց այդ բարոյական իրավունքը կարծես թե չունեի։ Որպեսզի դա լինի ավելի տեսանելի և շոշափելի, սկսեցի այցելությունները, հարցաթերթիկներ ենք կազմել, որոնց մեջ նաև հարց կար որոշակի երաշխիքների պարագայում Արցախ վերադառնալու մասին։ Մենք հավաքագրել, ամփոփել ենք արդյունքները և հարցվածների 87 տոկոսը միանշանակ կողմ է արտահայտվել վերադարձին, 6 տոկոսը փոքր-ինչ կասկածում է։ Դա էլ կնշանակի՝ կասկածում է անվտանգային իրավիճակի հետ կապված, և 7 տոկոսը չէր պատկերացնում վերադարձը՝ երևի հոգեբանական և այլ հարցերի հետ կապված։
Հոկտեմբեր ամսին մյուս մարզերն այցելելուց հետո արդեն լիարժեք պատկերը պարզ կլինի։ Մոտ 1000 և ավելի ընտանիքների հետ հանդիպումից հետո պարզ կլինի, թե ինչ է պատկերը։ Բացի դրանից, մեր հանդիպումների նախապատրաստական աշխատանքները լիարժեք չենք կատարել, եթե լիարժեք կատարեինք, մասնակիցների թիվն ավելի շատ կլիներ։ Հանդիպումներին նաև մեր հոգևոր խոսքը, գոտեպնդիչ մտածումներն ենք փոխանցել ներկաների։
-Իսկ ի՞նչ հարցեր են հիմնականում բարձրացրել։
-Արցախցիների բարձրացրած հարցերի գերակշռող մասն այն է, որ իրենք անտեսված են, այն առումով, որ երբևիցե չեն պատկերացրել, որ իրենց նկատմամբ նման վերաբերմունք կլինի։ Անտեսված լինելու պարագան մարդկանց մոտ առաջացնում է խուճապային տրամադրվածություն, մարդը դառնում է ինքնամփոփ և չի ցանկանում խոսել։ Սրանք շոկային բաներ են, որ տեղի են ունենում, մանավանդ այս ցավից հետո։
Իսկ եթե ամեն համայնքի համար առանձին, միասնական ապրելու միջավայր ստեղծվեր, հոգեբանական աջակցության խթան լիներ և սոցիալական փաթեթների, ոչ թե ցաքուցրիվ, փնթի, այլ նորմալ կառավարվող ձևաչափով, այս ամենը կարելի էր իրականացնել համայնքների ղեկավարների, վարչակազմի ղեկավարների, նրանց տրվելիք հանձարարականների միջոցով։ Քանի որ բոլորն անտեսված էին, չկային վարչակազմին տրվող համապատասխան հանձնարարկաններ և քաոսային վիճակ էր ստեղծվել, այդ վիճակում պետք է լիներ այն, ինչ մենք տեսանք։ Իսկ եթե լիներ այն, ինչ մտածում էինք, նաև արցախցիների արտագաղթ չէր լինի դեպի տարբեր երկրներ։
Մյուս խնդիրն անձնագրի հետ է կապված։ Անձնագրի հետ կապված խոչընդոտները մեզ համար աբսուրդի են հասնում, որովհետև չի կարող ՀՀ անձնագիր ունեցող մարդը նման խնդիրների բախվել և երրորդը փախստականի կարգավիճակն էր։ Մարդիկ այնտեղից ինքնակամ չեն դուրս եկել, Ցեղասպանություն է տեղի ունեցել և դրա համապատասխան իրավական կարգավիճակը չկա։ Այս ամենը մարդկանց մոտ հիասթափությունների ալիք է առաջացնում։ Մեր ժողովուրդը համեստ, հանգիստ, կոլետիվ մտածողություն ունեցող ժողովուրդ է, և համապատասխան կարգադրությունը, առաջադրանքը մարդիկ հանգիստ կատարում են, ուղղակի հուսադրող խոսք է պետք, իրավական և բարոյահոգեբանական լուծում։ Եթե այս ամենը միավորենք, ժողովորդը հանգիստ իր աշխատանքը կշարունակի մայր Հայաստանում ապրելով և մտածելով այն լուսավոր տեսիլքի մասին, որ պիտի վերադառնանք Արցախ։
Ոչնչացումը տեղի է ունենում Ադրբեջանի իշխանության կողմից, իսկ ՀՀ-ի իշխանությունները լռում են
-Արցախի մշակութային ժառանգության հետ կապված, ամեն անգամ ականատես ենք լինում, որ ոչնչացնում են մեր դարավոր կոթողները, մշակութային, հոգևոր, հասարակական կառույցները, շատ դեպքերում ցուցադրական ու լկտիաբար, հնարավո՞ր չէ դատական ակտերի, կամ այլ միջոցներով այնպես անել, որ Ադրբեջանը չոչնչացնի դրանք։
-Ցավոք սրտի, եթե սա մի ժողովրդի հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացում է և այդ ժողովրդի իշխանության կողմից իրավական, քաղաքական գնահատական չի տրվում, հասարակ ժողովուրդը ոչինչ չի կարող անել, եկեղեցին իր ամբողջ ուժականությամբ չի կարող ազդել, սա պետական քաղաքականություն է, ոչնչացումը տեղի է ունենում Ադրբեջանի իշխանության կողմից, իսկ ՀՀ-ի իշխանությունները լռում են։ Սա ցավ է։ Իսկ մեր հասարակական կազմակերպությունները ինչքան էլ ծեծեն միջազգային կառույցների դռները, այդ դռները փակ են, մարդկանց ականջներն էլ խուլ։
Եկեղեցին, ինչքանով կարողանում է, իր խողովակներով հասու է դարձնում այս ցավալի երևույթները, սրանք էլ մնում են անպատասխան։ Բազմիցս նամակներ ենք հղել, բազմիցս բարձր մակարդակով Վեհափառ Հայրապետը հրավիրել է անգամ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներին, Համաշխարհային եկեղեցիների խորհուրդին, տասնյակ անգամներ Էջմիածինը և Էջմիածնում գործող գրասենյակը տարբեր մակարդակով դեսպանների է դիմել, բայց ցավ ենք ապրում, որ նույն փութաջանությամբ ՀՀ-ի իշխանություններն անգամ մատը մատին չեն տալիս, իսկ եթե նվիրական ձևով իշխանություններն ուզեն, անշուշտ այդ դռները կբացվեն, դատական հայց կներկայացվի։ Այսօր ՀՀ-ի իշխանություններն անգամ չեն ճանաչել բռնի տեղահանված Արցախի հարցի իրավական ձևաչափը։ Տարին լրանում է անգամ սգի օր չեն հայտարարել։
Այդ վանդալիզմի ձեռքը բռնող չկա, դա կշարունակվի այնքան ժամանակ, մինչև մենք կհասկանանք, որ դա ոչ միայն մեր ոգին է սպանում, այլ նաև մեր մարմինը, այս առումով ցավալի է, որ բոլորը ոչ միայն չեն խոսում, այլ համակերպվում են այն իրականության հետ, որն Ադրբեջանն իրականացնում է։ Գրասենյակային ցավ ապրելու, խոսքից անդին ոչ մի աշխատանք չի իրականացվում իշխանությունների կողմից։
Արցախը չի ընկել, ընկնողը մենք ենք, մենք ընկանք, ծնկի եկանք ֆիզիկապես, բարոյապես, հոգեպես
-Արցախի հայաթափումից հետո համարյա մեկ տարի է անցել, բայց տպավորություն է, թե երկար տարիներ են անցել, ու ամեն ինչ արվում է հարցը մոռացության տալու համար։ Ինպե՞ս կարող ենք վերադարձի նկատմամբ հավատը վառ պահել, իրատեսական հավատը։
-Բոլորս ենք ուզում այդ ավետիսը, բարի լուրը լսել և Արցախում ապրել։ Արցախը մենք չենք կորցրել, Արցախը կա ու շարունակում է մնալ, Արցախը չի ընկել, ընկնողը մենք ենք եղել, մենք ընկանք, ծնկի եկանք ֆիզիկապես, բարոյապես, հոգեպես․․․
Ինչո՞ւ այդպես եղավ։ Մենք պետք է հետ գնանք դեպի մեր ակունքները, տեսնենք, թե մեր նախնիներն ի՞նչ են արել, ի՞նչ գործընթաց են սկսել, որը մենք չենք շարունակել։ Սուրբ գրքում գրված է՝ «ես եմ Հայկի, Նոյի և Գրիգոր Լուսավորչի Աստվածը։ Հայկ նահապետը չարի դեմ պայքարել է, Հայաստան երկիր է ստեղծել, հույսի երկիր է դարձրել, Նոյ նահապետն իր ընտանիքն է փրկել, Լուսավորիչն այնքան խորը հավատ է ունեցել, որ Աստված իջել է Արարատյան դաշտավայրում։ Այս երեք անձերը ընտանիքի, հայրենիքի ու հավատի գաղափարն են մարմնավորում։
Մենք հեռացե՞լ ենք մեր հայրերի տված ուխտից, իհարկե հեռացել ենք։ Այդ դեպքում ի՞նչ ենք ուզում։ Երբ հրեա ժողովուրդը հեռացել էր իր Աստծուց, Աստված ասաց՝ ես Ձեզ կմատնեմ Ձեր թշնամիների ձեռքը, հիմա մեր թշնամիներն ի՞նչ տեսքով են, ի՞նչ գաղափարի կրող են, որտեղի՞ց են եկել, քո ներսի թշնամիների ձեռքն է տալո՞ւ։ Դու կկործանվես, եթե չկատարես քո նախնիների ուխտը։ Շղթան կտրվել է, հիմա ի՞նչ ենք ուզում։ Ոչ մի դաշնակից չունենք, որովհետև ամենակարևոր դաշնակցից՝ անդավաճան Աստծուց, մենք հեռացել ենք և մեղքի մեջ ընկել։ Աստվածապարգև հաղթանակները վերագրել ենք մեզ, անձնավորել ենք և ընկել մահացու մեղքի՝ հպարտության մեջ։
Որպեսզի նորից վերադառնանք մեր ակունքներին, պետք է օգտվենք մեր քրիստոնեական զինանոցից, ներենք իրար, զգանք մեր մեղքը, խոստովանենք, ապաշխարենք ու այդ դեպքում ծնկած վիճակից դուրս ենք գալու, բայց եթե դա չենք գիտակցում, ով ուզում է գա, ինչ ուզում է տեղի ունենա, չի լինելու։ Մենք հեռացել ենք ոչ միայն Աստծուց, այլ նաև մեր հայրերից։ Ուզում ես քամի ցանե՞ս ու ի՞նչ հնձես, փոթորիկ ես հնձելու, իսկ եթե ցորեն ցանես, ցորեն ես ճաշակելու։ Մենք հպարտություն ցանեցինք, ի՞նչ ենք քաղելու։
Պետք է մեր ինքնությունը տանենք դեպի մեր ակունքները, մեր գենետիկ հիշողությունը կապված է դրա հետ։ Մենք դրանով պիտի կարողանանք մեր ինքնությունը համեմել Աստծո խոսքով և մեր նահապետների տված լույսը տեսնել։ Արցախի վերադարձը պայմանավորված է այս հանգամանքներով․ կզղջանք, կգիտակցենք, Աստված ճանապարհը ցույց է տալու, թե ոնց ենք հետ վերադառնալու և դա կոչվելու է հաղթական վերադարձ, եթե մենք հավատում ենք դրան։