Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2016-02-02 12:32
Իրավական

Գոռ Վարդանյանին առաջադրված մեղադրանքը կփոփոխվի

Գոռ Վարդանյանին առաջադրված մեղադրանքը կփոփոխվի

Միջազգային դուքենդոյի եւ ֆուլ կոնտակտ կարատեի ֆեդերացիայի նախագահ, դերասան Գոռ Վարդանյանին առաջադրված մեղադրանքը հնարավոր է փոփոխվի: Այս մասին հայտնի դարձավ այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու և պահելու փաստի առթիվ հարուցված քրեական գործով հերթական դատական նիստում:

Մեղադրող դատախազ Արմեն Փանոսյանը միջնորդեց դատարանին` մեկ ամսով հետաձգել դատաքննությունը` նկատի ունենալով, որ գործում առկա փաստական հանգամանքներն անհրաժեշտություն են առաջացրել մեղադրանքը փոփոխելու: Դատախազը մասնավորապես հայտնեց, որ գործի քննությունը հետաձգելն անհրաժեշտ է համապատասխան մասնագետների միջոցով ռազմամթերքի և պայթուցիկ նյութերի կիրառման, դրանք ԼՂՀ տարածքից ՀՀ տեղափոխելու, ՀՀ-ի տարածքում մասնագետների կողմից դրանց մնացորդի հետազոտելու, փաստաթղթերում առկա տեղեկությունները հստակեցնելու և հայտնաբերված ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի, դրանց վերաբերելիությունը պարզելու նպատակով քննչական և այլ դատավարական գործողություններ կատարելու համար: Դատախազը նշեց, որ թեև Գոռ Վարդանյանը և նրա պաշտպանը մինչդատական վարույթում, ընդհանուր առմամբ, հայտնել են զենքերի ձեռք բերման նպատակի մասին, սակայն դատաքննության ընթացքում ցուցմունքներ են տրվել, և նոր տեղեկություններ են ի հայտ եկել՝ առաջ բերելով փաստական հանգամանքների էական արբերություն: Ըստ դատախազի` նպատակ կա մեղադրանքը հստակեցնելու:

Գոռ Վարդանյանի պաշտպան Նաիրա Պետրոսյանը հերթական անգամ հայտնեց, որ իր պաշտպանյալը զինամթերքը ձեռք է բերել ֆիլմի նկարահանման նպատակով, և որ դատախազի միջնորդությունը ենթակա է մերժման:

Այսպիսով` դատարանը բավարարեց միջնորդությունը, և դատական նիստը հետաձգեց մեկ ամսով:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա փետրվարի 4-ի ուշ երեկոյան ոստիկանության եւ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակիցներն օպերատիվ տվյալներն իրացնելիս Երեւանի Մոսկովյան փողոցի թիվ 17 հասցեում՝ Պուշկինի անվան դպրոցի հարեւանությամբ գործող Հայաստանի դուքենդոյի ֆեդերացիայի տարածքում, հայտնաբերել են մեծ քանակի զենք-զինամթերք՝ նռնակներ, լուսային ազդանշանային հրթիռներ, փամփուշտներ եւ այլն: Խուզարկությունը կատարվել է Կայարանցի Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործի շրջանակներում: Սպանության գործով մեղադրվում է Իսրայել Սարգսյանը, ով առավել հայտնի է Իսո մականվամբ: Նա ներկայացվել է որպես «Դուքենդո» ֆեդերացիայի փոխնախագահ:

Գոռ Վարդանյանն իրեն մեղավոր չի ճանաչում առաջադրված մեղադրանքում՝ նշելով, որ այդ զինամթերքն օգտագործել է ֆիլմ նկարահանելու համար: Խոսքը «Ճակատագիր» ֆիլմի մասին է, որը նվիրված է Ղարաբաղյան հերոսամարտի 20-ամյակին: