կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-11 14:26
Իրավական

Դատական դեպարտամենտի նախկին ղեկավարին առաջադրված մեղադրանքը փոփոխվեց

Դատական դեպարտամենտի նախկին ղեկավարին առաջադրված մեղադրանքը փոփոխվեց

Քիչ առաջ Կենտրոն և Նորո-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատանում մեղադրող դատախազ Մելքոնյանը միջնորդեց փոփոխել Դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանին  և դեպարտամենտի աշխատակից Անգին Ղուկասյանին առաջադրված մեղադրանքները:

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամբաստանյալներին մեղադրանք է առաջադրվել նախքան քրեական օրենսգրքում կատարված լրացումներն ու փոփոխությունները, դատախազը նրանց առաջադրված` ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածը հարմարեցրեց կատարված փոփոխություններին, այսինքն, ըստ էության, այդ քայլով տեխնիկական ճշգրտումներ արեց մեղադրանքի մեջ:

 

Դա ամբաստանյալ Միսաք Մարտիրոսյանը որակեց որպես վատ կազմակերպված բեմականացում և հերթական անգամ բարձրաձայնեց նիստերն անտեղի հետաձգելու մասին: Նա նշեց, որ, միևնույն է,  իր նկատմամբ համաներման ակտ է կիրառվելու:

 

Դատավորը կողմերին ժամանակ տվեց` մեղադրանքի փոփոխությանը ծանոթանալու համար:

 

Հիշեցնենք, որ Դատական դեպարտամենտի նախկին ղեկավարն ու Դատական կարգադրիչների ծառայության բարձրաստիճան պաշտոնատար անձինք մեղադրվում են «կազմակերպված խմբի կողմից ՀՀ պետական բյուջեից որպես աշխատավարձ և դրամական այլ բավարարումներ փոխանցված գումարներից 2009 թվականի հուլիսից մինչև 2013 թվականի օգոստոսն ընկած ժամանակահատվածում առանձնապես խոշոր չափերի` ընդհանուր 115.782.033 ՀՀ դրամ գումարի հափշտակության մեջ: Միսակ Մարտիրոսյանը մեղադրվում է նաև կաշառք ստանալու երկու դրվագով: