կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-04 11:57
Իրավական

«Աստաֆյան» ընկերության սեփականատերը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը

«Աստաֆյան» ընկերության սեփականատերը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը

Օգոստոսի 29-ին Թումանյան փողոցում գործող գրասենյակում կրակոցով դիտավորությամբ 53-ամյա Սուրեն Իսահակյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու մեջ մեղադրվող` «Աստաֆյան» ընկերության սեփականատեր Արսեն Ավագյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը` հայտարարելով, որ անզգուշությամբ է կրակել Իսահակյանի ոտքին: Այս մասին, yerkir.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան, հայտնեցին ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

 

Հիշեցնենք, որ օգոստոսի 29-ին՝ ժամը 20:20 սահմաններում, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում ահազանգ էր ստացվել, որ «ծնկային շրջանի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1963թ. ծնված Սուրեն Իսահակյանը:

 

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի ՔՎ Կենտրոնական քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Ըստ քննչական կոմիտեի` դեպքի հաջորդ օրը ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժին մեղայականով ներկայացել է Արսեն Դնեպրի Ավագյանը և հայտնել, որ իրեն պատկանող «Բերետտա» տեսակի ատրճանակից ինքն է կրակել և մարմնական վնասվածք պատճառել Սուրեն Իսահակյանին: Նույն օրն Ա.Ավագյանի կինը ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժին է ներկայացրել Ա.Ավագյանին պատկանող «Բերետտա 92FS» տեսակի ատրճանակը: 2014 թվականի սեպտեմբերի 1-ին Ա.Ավագյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով՝ դիտավորությամբ մեկ ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելու համար: Նույն օրը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից Ա.Ավագյանի նկատմամբ, որպես խափանման միջոց,  ընտրվել է կալանավորումը՝ երկու ամիս ժամանակով: Փաստի առթիվ նշանակվել են մի շարք փորձաքննություններ։

 

Հիշեցնենք, որ այս գործով տուժող ճանաչված Սուրեն Իսահակյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ վնասվածքը ստացել է ընկնելու հետևանքով: Հավելենք նաև, որ նշված քրեական գործի շրջանակներում, որպես մեղադրյալ, ներգրավված այլ անձինք չկան:

 

Նախաքննությունը շարունակվում է: