Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ամերիկյան СNN մեդիա ընկերությունը ծավալուն հոդված է հրապարակել աշխարհահռչակ շախմատիստ Լևոն Արոնյանի մասին:
«Հայաստանի շախմատի Դևիդ Բեքհեմ»-ը վերնագրված հոդվածում Շինա Մըքքենզին գրել է. «Իր հայրենի Հայաստանի փողոցներով քայլելիս մարդիկ ողջունում են նրան, ռեստորաններում նա անվճար է ուտում, ծնողներն իրենց նորածին երեխաներին անվանակոչում են նրա անունով: Արոնյանը դերասան չէ, ոչ էլ՝ ակտիվիստ կամ աստղագնաց: Նա շախմատիստ է` աշխարհում չորրորդ լավագույն շախմատիստը: Եվ այս փոքր հետխորհրդային շախմատային երկրում դա նշանակում է, որ նա ազգային հերոս է»:
Կայքը նաև մեջբերել է Լևոնի խոսքերը, թե ինչպես են հայաստանյան բենզալցակայաններից մեկում հերթական անգամ հրաժարվել իրենից գումար վերցնել:
«Երբ առաջին անգամ իմ հարսնացուն ժամանեց Հայաստան, մենք կանգ առանք բենզալցակայանում և այստեղ ինձ ասացին. «Մենք չենք պատրաստվում Ձեզնից գումար վերցնել»: Հարսնացուիս համար դա ապշեցուցիչ էր, սակայն դա տեղի է ունենում անընդհատ»,- CNN-ը մեջբերում է Լևոնի խոսքերը:
Կայքն այնուհետև անդրադարձել է Հայաստանի դպրոցներում շախմատի՝ որպես պարտադիր առարկա դասավանդմանը` նշելով, որ Հայաստանում անգամ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահն է:
«3 միլիոն բնակչությամբ Հայաստանն աշխարհում առաջատարն է շախմատային գրոսմայստերների թվով: Շախմատի նախորդ 5 օլիմպիադաներում ազգային հավաքականը, կուռքի` Լևոն Արոնյանի գլխավորությամբ, հաղթել է երեք անգամ»,- գրել է CNN-ը՝ հիշեցնելով նաև Հայաստանում շախմատի նկատմամբ ձևավորված ջերմ զգացմունքների «պատասխանատուի» ՝ 1960-ականներին շախմատի աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի մասին:
Եզրափակելով հոդվածը՝ կայքը մեջբերել է Արոնյանի խոսքերը. «Մենք միայն պայքարող, կռվող ազգ չենք: Մենք նաև այնպիսի ազգ ենք, որը կարող է վերադառնալ իր փառքին, երբ մենք մեծ երկիր էինք: Երբ ճամփորդում ես Հայաստանում, տեսնում ես ավելի քան 1500 տարվա վաղեմության վանքեր, համալսարաններ, և քեզ մի զգացում է պատում` ասես «սա հենց այն է, ինչ մենք կանք: Մենք եղել ենք մի ազգ, որն ունի ինտելեկտուալ հսկայական կարողություն: Այդ պատճառով էլ, կարծում եմ, որ ժողովրդին դեպի շախմատ տանող ուժը հենց ցանկությունն է՝ հետ վերադարձնել այն զգացողությունը, որ մենք ժամանակին գիտնական ազգ ենք եղել»:
Թարգմանությունը` Արազ Գայմագամյանի