կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-08 12:35
Հասարակություն

Լևոն Արոնյանին, Մերուժան Տեր-Գուլանյանին, Էդուարդ Թադևոսյանին և Կարինե Դանիելյանին կշնորհվի «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում

Լևոն Արոնյանին, Մերուժան Տեր-Գուլանյանին, Էդուարդ Թադևոսյանին և Կարինե Դանիելյանին կշնորհվի «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում

Այսօր Երևանի ավագանու հերթական նիստում որոշվեց Երևան քաղաքի 2796-րդ տարեդարձի առթիվ հայկական երաժշտության բնագավառում ունեցած բազմամյա վաստակի և ներդրած նշանակալի ավանդի համար հայ ականավոր ջութակահար, Կոմիտասի անվան լարային քառյակի առաջին ջութակահար և գեղարվեստական ղեկավար, պրոֆեսոր Էդուարդ Զոհրաբի Թադևոսյանին շնորհել «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում:

 

Ստեղծագործական ակնառու նվաճումների, հասարակական, գրական նշանակալի գործունեության և բազմամյա վաստակի համար գրող, հրապարակախոս Մերուժան Սարգսի Տեր-Գուլանյանին շնորհել «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում:

 

Շախմատի բնագավառում ունեցած մեծ վաստակի, ներդրած նշանակալի ավանդի և շախմատի զարգացումը խթանելու համար միջազգային գրոսմայստեր, հանրահայտ շախմատիստ Լևոն Գրիգորի Արոնյանին շնորհել  «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում։

 

 

Գիտական, մանկավարժական, հասարակական նշանակալի գործունեություն ծավալելու, բազմամյա վաստակի և անմնացորդ աշխատանքի համար պրոֆեսոր, բնապահպան, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Սուրենի Դանիելյանին շնորհել «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում։

 

Բոլոր որոշումներին ավագանու անդամները միաձայն կողմ քվեարկեցին: Միայն Մերուժան Տեր-Գուլանյանին «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչումը շնորհելու կապակցությամբ ավագանու` «Բարև Երևան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը նշեց, որ ձեռնպահ է քվեարկելու:

 

«Կշեռքի վրա դրեցի Մերուժան Տեր-Գուլանյանի արածները: Մի կողմում ես տեսնում եմ նրա լուրջ գրիչը, որն ավանդ է թողել իր «Գարուն» ամսագրով: Մյուս կողմում էլ դրեցի նրա վերջին տարիների վերաբերմունքը իշխանությունների նկատմամբ: Նա դեմ էր Միկոյանի արձանի տեղադրմանը, ահա` ինչու ձեռնպահ կքվեարկեմ»,- ասաց Դավիթ Սանասարյանը: