Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
10 տարի առաջ այս օրը Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն արեց իր առաջին բեմելը: Այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա համերգ` նվագախմբի 10-ամյակին նվիրված: Համերգին հանդես կգա նաև անվանի դիրիժոր և կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին:
Այսօր Պենդերեցկին լրագրողներին ասաց, որ արդեն մի քանի անգամ համագործակցել է Երիտասարդականի հետ և ամեն անգամ նկատում է, որ նվագախումբն ավելի է աճել: Նվագախումբը, ըստ նրա, Հայաստանում լավագույններից է: «Ես գուշակ չեմ, որ ասեմ` ինչ ապագա է սպասվում նրանց, բայց կուզեի` գնալով ավելի բարձունքներում տեսնել նրանց»,- նշեց Պենդերեցկին:
Նա ասաց նաև, որ իրեն հիմա երիտասարդ երաժիշտները շատ են հետաքրքրում, այդ պատճառով էլ Լեհաստանում երիտասարդ երաժիշտների կենտրոն է հիմնել:
«Ես ողջ կյանքում գործ եմ ունեցել կայացած նվագախմբերի հետ, և հիմա եկել է մի տարիք, որ ավելի շատ ուզում եմ երիտասարդներին օգնել, նրանց կողքին լինել, նրանց ճանապարհը հարթել: Չեմ կարծում` մեծ տարբերություն կա հայ, լեհ կամ գերմանացի երիտասարդների միջև, բոլորն էլ էնտուզիազմ ունեն, որը պետք է ճիշտ «ծախսել»,- ասաց Պենդերեցկին:
Կոմպոզիտորը նշեց, որ, չնայած երիտասարդների հետ աշխատելուն, շարունակում է ստեղծագործել, այն էլ` միաժամանակ մի քանի գործերի վրա է աշխատում: Պենդերեցկին Վիեննայի օպերայի հետ համագործակցության շրջանակում օպերա է գրում, ինչպես նաև լարային քառյակի համար ստեղծագործություն: Բացի այդ` Հայաստանի «Հովեր» երգչախմբի հետ է համագործակցում, որի հետ արդեն պատրաստ ստեղծագործություն ունի:
«Ւնձ համար ոգեշնչումը տարբեր աղբյուրներից է գալիս: Ապրելով Լեհաստանում` պատերազմի, ինչպես նաև օկուպացիայի մեջ գտնվելու տարիներին ես միայն աբստրակտ գործեր էի գրում, նաև` ռեքվիեմներ: Սակայն պետք է խոստովանեմ` ամենակարևոր ստեղծագործությունները ոչ մի իրադարձության հետ կապ չունեն»,- ասաց մաեստրոն:
Նա նշեց նաև, որ մեր օրերում ամեն ինչ քաղաքականացված է, և չի կարծում, որ արվեստը կփրկի աշխարհը: «Այս կամ այն դեպքերի վրա մեր ազդեցությունը` որպես արվեստագետի, մինիմալի է հասցված: Օրինակ` Հայոց ցեղասպանության ընդունման հարցում էլ արվեստագետներն անում են, ինչ կարող են /ես էլ` իմ հերթին/, սակայն չեմ կարծում, որ արվեստագետները կարող են ինչ-որ բան փոխել»,- կարծիք հայտնեց Պենդերեցկին: