Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Զոհված ազատամարտիկների մայրերի` արդեն մի քանի ամիս շարունակվող բողոքը դեռեւս արդյունք չի տվել: Մայրերը դժգոհում են Եռաբլուրի Սուրբ Վարդանանց մատուռի կապակցությամբ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի «կարգադրությունների» դեմ:
Հիշեցնենք, որ վերջինս այնտեղ «աշխատանքի է նշանակել» իր թեմի հոգեւորականին ու կարգադրել, որ այսուհետ մատուռը գործի մյուս եկեղեցիների նման` մոմը վաճառվի, եկեղեցական արարողություններ կատարվեն եւ այլն: Ի դեպ, հավելենք, որ մայրերը հատկապես վիրավորվել էին Արարատյան հայրապետական թեմի քահանա Ղեւոնդյանի հայտարարությունից` թե «ավելի լավ է քանդել օգուտ չբերող մատուռը»:
Արարատյան հայրապետական թեմի մամլո դիվանի պատասխանատու Էլիզա Մանուկյանին խնդրեցինք մեկնաբանել ստեղծված իրավիճակը, մասնավորապես` թե ինչո՞վ են պայմանավորված Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանձնարարությամբ` Եռաբլուրի սուրբ Վարդանանց մատուռում կատարված փոփոխությունները: Նաեւ խնդրեցինք մեկնաբանել քահանա Ղեւոնդյանի հայտարարությունը:
«Հայ Առաքելական եկեղեցու ներքին համակարգումների համաձայն` բոլոր այն տաճարներում, մատուռներում, որոնք Հայ Առաքելական եկեղեցու հաշվեկշռում են գրանցված, կատարվում է մոմի, խունկի, խաչերի և հոգևոր գրականության վաճառք: Այս գործելաոճը որդեգրված է մեր եկեղեցու կողմից: Տեղեկացնենք, որ Եռաբլուրի Ս. Վարդանանց մատուռում կան անվճար մոմեր զոհված ազատամարտիկների ծնողների համար:
Բացի այդ` Արարատյան հայրապետական թեմը տարիներ շարունակ պատերազմի մասնակիցներին, վետերաններին, նրանց ընտանիքներին նյութական տարատեսակ օգնություն է ցուցաբերում: Թեմում գործում է նաև մեկ այլ բարեգործական գրասենյակ, որը տարեկան շուրջ 1600 ծնողազուրկների, այդ թվում` զոհված ազատամարտիկների անչափահաս երեխաներին ամեն ամիս նյութական օգնություն է ցուցաբերում: Գրասենյակը տարիների գործունեության ընթացքում օգնություն է ցուցաբերել 13700 կարիքավոր ընտանիքների:
Ինչ վերաբերում է Արարատյան հայրապետական թեմի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հոգևոր սպասավոր Տ. Շմավոն քահանա Ղեւոնդյանի ասված խոսքին, ապա պետք չէ այն աղավաղել: Տեր հայրը օգուտ բերելու մասին չի խոսել: Աղոթատեղին կենդանի է, երբ այնտեղ աղոթք է հնչում և հոգևոր արարողություններ` ժամերգություն, Ս. Պատարագ, Մկրտություն, Պսակ, Հոգեհանգիստ, այլ աղոթքներ են կատարվում: «Ավելի լավ է քանդենք այն եկեղեցին, մատուռը, որտեղ արարողություն չի կատարվում: Դրանք աղոթատեղի են, և այնտեղ պետք է աղոթք կատարվի և՛ ողջերի, և՛ մեռածների համար»,- ասել է տեր հայրը Ամալյա Եդիգարյանին տրված հարցազրույցում»,- ԵՐԿԻՐ-ին տեղեկացրեց Արարատյան հայրապետական թեմի մամլո դիվանի պատասխանատուն:
Շուշան ՇԱՀՎԵՐԴՅԱՆ