Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունվարի 13-16-ը Երեւանում լեհ նշանավոր կոմպոզիտոր եւ դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկու 80-ամյա հոբելյանի առթիվ կանցկացվի «Քշիշտոֆ Պենդերեցկու օրերը Հայաստանում» խորագրով միջոցառումների շարքը: Համերգների շարքով էլ կմեկնարկի «Երեւանյան հեռանկարներ» միջազգային փառատոնի 15-րդ համերգաշրջանը:
Yerkir.am-ի հետ զրույցում փառատոնի մամլո պատասխանատու Դավիթ Գրիգորյանը նշեց, որ «Քշիշտոֆ Պենդերեցկու օրերը Հայաստանում» խորագրով միջոցառումների շարքը կմեկնարկի հունվարի 13-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում` Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի եւ թավջութակահար Բարտոշ Կոզիակի համատեղ ելույթով:
«Տեղի կունենա 4 համերգ: Հունվարի 14-ին «Գաֆեսճէան» արվեստի կենտրոնում ելույթ կունենան ջութակահարներ Անուշ Նիկողոսյանը եւ Անի Կարապետյանը, թավջութակահար Արամ Թալալյանը, ալտահար Յանա Դարյանը, դաշնակահարներ Արթուր Ավանեսովն ու Ջուլիետա Վարդանյանը, կլարնետահար Դարկո Բռլեկը: Հունվարի 15-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ելույթ են ունենալու Հայաստանի պետական կամերային նվագախումբն ու «Հովեր» կամերային երգչախումբը, ֆլեյտահար Մասսիմո Մերչելլին: Իսկ վերջին համերգին` հունվարի 16-ին, Պենդերեցկու հետ համատեղ ելույթ կունենա Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը եւ ջութակահար Ագատա Շիմչեւսկան, ալտահար Ռոբերտ Կաբառան»,- ասաց Գրիգորյանը:
Բոլոր չորս համերգներին, Գրիգորյանի հավաստմամբ, կհնչեն Քշիշտոֆ Պենդերեցկու` երկու տասնյակից ավելի ստեղծագործություններ` կամերային, սիմֆոնիկ, վոկալ եւ գործիքային:
«Հոյակապ համերգներ են սպասվում. չէ՞ որ հնչելու են Պենդերեցկու գործերը, երաժիշտ, ով երեք անգամ «Գրեմմի» մրցանակի է արժանացել: Ի դեպ, հարցազրույցներից մեկի ժամանակ երաժիշտն ասել է, որ իր մեծ մայրիկը հայ է, եւ տարիներ առաջ իրենց տանն էլ հայերեն է խոսվել»,- ասաց Գրիգորյանը:
Պենդերեցկու հայտնի ստեղծագործություններից են «Երուսաղեմի յոթ դարպասները», «Credo», «Sextet», «Concerto grosso», «Piano concerto», «Largo», «Ութերորդ» սիմֆոնիան` այլ մեծակտավ գործերի շարքում:
Հայաստանում Պենդերեցկու օրերն առաջին անգամ անցկացվել են 2008-ի ապրիլին: