կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-23 16:10
Մշակույթ

Տիկնիկային թատրոնը վերազինվել է լուսավորության նոր համակարգով

Տիկնիկային թատրոնը վերազինվել է լուսավորության նոր համակարգով

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը 2016 թվականի հունվարի 22-ին արդիականացրել է Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի լուսավորության համակարգը:

Կատարված աշխատանքներին ծանոթանալու համար թատրոն են այցելել ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը և ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը:

Հիմնադրամը ֆինանսավորել է լուսավորության համակարգի բարեփոխման ծրագիրը՝ նպատակ ունենալով կրճատել էլեկտրաէներգիայի սպառումը: Թատրոնում էներգախնայողական միջոցառումների համար 32 միլիոն դրամի ներդրման շնորհիվ լուսավորության տարեկան սպառումը 120 հազար կՎտժ-ից կնվազի մինչև 30 հազար կՎտժ, այսինքն՝ 4 անգամ պակաս: Նշված խնայողության հաշվին 7 տարվա ընթացքում կմարվի ներդրումների ամբողջ գումարը:

Թատրոնում իրականացվել են ներքին և բեմական լուսավորության արդյունավետության բարձրացման աշխատանքներ, ինչի արդյունքում բոլոր ավանդական ոչ արդյունավետ ներքին լուսավորության շիկացման և ֆլյուորեսցենտային լամպերը և լուսատուները ամբողջությամբ փոխարինվել են բարձր արդյունավետությամբ լուսադիոդային լամպերով և լուսատուներով: Բեմական լույսերի մասնակի փոխարինումը կընձեռի ներկայացումների բեմադրման և ցուցադրման նոր հնարավորություններ՝ շնորհիվ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման: Թատրոնի բոլոր տարածքներում բարելավվել է լուսավորության մակարդակը, իսկ թանգարանային հատվածներում գիշերային ժամերին լուսավորություն ապահովելու շնորհիվ թանգարանը տեսանելի կլինի նույնիսկ փողոցից: Աշխատանքներն իրականացրել է «Դուստր Մարգարիտա» ՍՊԸ-ն:

Հիմնադրամը էներգախնայողության միջոցառումներ է իրականացնում Համաշխարհային բանկի կողմից Հայաստանին տրամադրված դրամաշնորհի և պետական միջոցների հաշվին: Ծրագիրը մեկնարկել է 2012 թվականին և այս պահին էներգասպառման կրճատմանն ուղղված միջոցառումներ են իրականացվել 42 հանրային օբյեկտներում (դպրոց, մանկապարտեզ, համալսարան, թատրոն, քաղաքապետարանի շենք, գիտական հաստատություն, համայնքային լուսավորություն և այլն): Էներգախնայողությունը միջինում կազմում է 50 %, իսկ որոշ դեպքերում գերազանցում է 60 %: 

ՀՀ մշակույթի նախարարության հետ համագործակցությամբ ծրագրում ընդգրկվել են նաև Հայաստանի ազգային գրադարանը և Երևանի պետական կամերային երաժշտական թատրոնը: Գրադարանում իրականացված ծրագրի արժեքը կազմել է 75 միլիոն, ակնկալվող խնայողությունը կկազմի 55 %, թատրոնում՝ 12.340 հազար դրամ, և 60 %:

Ներկայումս հիմնադրամն էներգախնայողության միջոցառումներ է իրականացնում ևս 15 պետական հաստատությունում: