կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-21 10:43
Քաղաքական

Պատգամավորի պատասխանատվությունն իր ընտրողների վերաբերմունքի միջոցով է արտահայտվում. Հովհաննես Սահակյան

Պատգամավորի պատասխանատվությունն իր ընտրողների վերաբերմունքի միջոցով է արտահայտվում. Հովհաննես Սահակյան

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովին կից ստեղծվել է աշխատանքային խումբ, որն աշխատում է «ԱԺ կանոնակարգ» նոր օրենքի մշակման վրա: Այդ մասին Yerkir.am-ին տեղեկացրեց  պետաիրավական հանձնաժողովի  նախագահ Հովհաննես Սահակյանը:

Նրա խոսքով` նոր Սահմանադրությունն է ենթադրում փոփոխությունների անհրաժեշտությունը: «Սահմանադրությունն արդեն ընդունված է, և նոր գումարման ԱԺ-ում պետք է ընդունենք նոր կանոնակարգ-օրենքը: Այս ընթացքում մենք պետք է կարողանանք աշխատանքները կազմակերպել: Ձևավորել ենք նոր աշխատանքային խումբ»,- ասաց Սահակյանը:

Դիտարկմանը, թե նոր կանոնակարգ-օրենքը չի՞ ենթադրում նաև փոփոխություններ պատգամավորների` այդ կանոնակարգի խախտման դեպքում որոշակի պատասխանատվության ենթարկում, նա պատասխանեց. «Եթե դեպքի վայրում, կատարման պահին չեն բռնել, չեն  արձանագրում և այլն հետագայում այդ ամենն այլ ընթացակարգ ունի: Մնացած բոլոր դեպքերում, քանի որ պատգամավորը ընտրովի պաշտոնում է, պատասխանատվությունն ընտրողների վերաբերմունքի միջոցով է արտահայտվում: Հստակ սահմանված է, որ եթե նորմերը խախտվում են, Էթիկայի հանձնաժողովը գտնում է, որ խախտվել է այս կամ այն էթիկայի նորմը և  ներկայացնում է ԱԺ լիագումար նիստին, սա էլ հենց պատասխանատվությունն է, և ազդեցությունը ընտրողների վերաբերմունքն է»,- ասաց նա` հավելելով, որ բոլոր առաջադեմ երկրների պրակտիկայում հենց այս տարբերակն է գործում:

«Եթե մարդը վարչական իրավախախտում է կատարել, ասենք` կարմիր լույսի տակով է անցել, դրա համար նաև տուգանվում է, բայց այս դեպքում խոսքը դրա մասին չէ: ԱԺ կանոնակարգ-օրենքի 6.1 կետում հստակ սահմանված են նորմերը` հարգել օրենքները, սեփական գործունեությամբ նպաստել ԱԺ-ի նկատմամբ վստահության բարձրացմանը, հարգանքի ձևավորմանը և այլն: Իսկ եթե կա վիրավորանք, զրպարտանք, դա քաղաքացիական օրենսգրքով է  կարգավորվում: Որևէ մեկը կաշտկանդված չէ դիմել դատարան և քննարկման առարկա դարձնել վիրավորանքի հարցը: Դրանք բացառապես քաղաքացիա-իրավական հարաբերություններ են: Դա այլ գործընթաց է, իսկ Էթիկայի հանձնաժողովին դիմելը` լրիվ այլ գործընթաց»,- բացատրեց պատգամավորը: