Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ի տարբերություն իր գործընկերների, ընդունում է՝ իր ղեկավարած ոլորտում կոռուպցիա կա:
«Ես չեմ բացառում, որ առողջապահության ոլորտում կա կոռուպցիա: Բայց հաճախ այդ տերմինի իմաստն եմ բնութագրում. եթե մենք խոսում ենք բուժհաստատությունների կամ բուժհաստատություններում վերցվող ապօրինի եկամուտների մասին, և դա համարում ենք կոռուպցիա, ապա դա կա: Ինքս սա կոռուպցիա չեմ համարում, համարում եմ ապօրինի եկամուտ, որը դարձյալ չպետք է լինի: Դա ապօրինի եկամուտ է, որը բժիշկը հայցում է պացիենտից, նրա բարեկամից: Եթե գնում ենք մի քիչ ավելի վերև, և խոսքը պետական ապարատում եղած կոռուպցիայի մասին է, կարող եմ ասել՝ մենք ամեն ինչ անում ենք, որ դա չլինի: Մեր նախարարության հետ կապված վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ դա մեզ 100 տոկոսով չի հաջողվել, բայց մեր քայլերը միայն այդ ուղղությամբ են: Միշտ ասել եմ՝ ֆինանսների բաշխման առումով մեր գործոնը պետք է բացառել՝ որպես առողջապահության նախարարություն: Մենք նման ֆունկցիա չպետք է ունենանք, մենք չպետք է փող բաժանենք: Հիմա, դժբախտաբար, բաժանում ենք, բայց երբ լինի հետվճարային համակարգ, այդ ժամանակ մարդու գործոնը նվազ կլինի, հետևաբար՝ ռիսկերն էլ նվազ կլինեն»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նախարարը:
Ըստ նրա` կոռուպցիայի դեմ պայքարում են երկու ճակատով՝ կանխարգելում, այն է՝ համակարգերի ներդրում, երկրորդ՝ պատժում, երբ այդ դեպքերն արձանագրվում են: «Պատժումն էլ է մի քիչ կանխարգելում, բայց մենք չենք սպասում` դեպք լինի, որ պատժվեն, ու դրանով կանխարգելենք, այլ փորձում ենք համակարգեր ներդնել: Այս տարվա պետպատվերի բաշխման տակ բավականին տրամաբանություն է դրվել՝ պացիենտի քանակ, աշխարհագրական դիրք, համահարթեցում, որից բավականին մարդիկ դժգոհ են, քանի որ անհիմն շատ փող են ստացած եղել: Եթե մենք ունենք երեք խոշոր կենտրոն, որոնք նույն ծավալի ծառայություններ են մատուցում, նույն ծավալի մասնագիտական ներուժ և մահճակալային կարողություն ունեն, պետք է մոտավոր նույն գումարները ստանան, բայց երբ մեկն ավելի է ստացած լինում, նշանակում է՝ ինչ-որ բանի համար է դա եղել, և մենք փորձել ենք համահարթեցնել»,- նշեց Թորոսյանը:
Վերադառնալով ապօրինի եկամուտներին՝ առողջապահության նախարարն ասաց, որ առաջնային օղակներում դրա դեմ պայքարում են աշխատավարձերի բարձրացմամբ: Ըստ նրա՝ ոչ մի բժիշկ հաճույք չի ստանում, երբ գրպանը 5000 դրամ են դնում: «Նրանք ուզում են այդ 5000-ը, 10000-ն ամեն ամիս օրինական ստանան իրենց աշխատավարձի հետ: Հիմա մեր խնդիրն է այդ ամենը տեղափոխել օրինական դաշտ: Պետպատվերի շրջանակում ծառայությունների համար դա հստակ գների սահմանումն է, որն այս տարի 230.000 հոգու համար մենք ունեցանք, այսինքն՝ դրանք այնպիսի գներով ծառայություններ են՝ վիրահատություն, ստացիոնար բուժում, դիագնոստիկա, որ բուժհաստատությունը կարող է իր բժշկին լավ վարձատրել, և նա հավելյալ գումար ակնկալելու կարիք չի ունենա: Նույնը անելու ենք հաջորդ տարվա բյուջետային հայտով, որն ավելի շատ թվով մարդկանց համար է լինելու: Մենք մյուս տարի պետպատվերով բուժվող հիվանդների մասով գներն այնքան կբարձրացնենք, որ որևէ մեկը նրանցից գումար չուզի: Եթե այս դեպքում էլ ուզեց, դա ես կհամարեմ արդեն ծանր հանցագործություն»,- շեշտեց Թորոսյանը:
Առողջապահության նախարարը բացատրեց, որ, օրինակ, առաջնային օղակում բժշկի աշխատավարձը բարձրացել է հետևյալ կերպ՝ 30 տոկոսը գումարվել է նրա դրույքաչափին, որը հաշվարկվում է բնակիչների թվով. եթե նա ունի 500 բնակիչ և ստանում է 50.000 դրամ, ապա դրան է գումարվում 30 տոկոս, եթե ունի 2500 բնակիչ և ստանում է 250.000 դրամ, գումարվում է 30 տոկոս:
«Մենք առաջնային օղակում բժիշկներ ունենք, այդ թվում՝ Երևանում, որ ստանում են 300.000-ից 400.000 դրամ մաքուր աշխատավարձ, գյուղերում ավելի շատ ունենք: Գոնե առաջնային օղակում, միջնաժամկետ կտրվածքով, այդ հարցը համարում եմ լուծված, և հիմա ուշադրություն ենք դարձնելու հիվանդանոցային օղակին»,- ասաց Արսեն Թորոսյանը: