Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երեկ, երբ լսում էի Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը, մտածում էի՝ Իլհամ Ալիևն է հայերեն արտահայտվում՝ Նիկոլի կերպարանքը ստացած, որովհետև ինչ խոսում էր՝ խոսում էր թուրք-ադրբեջանական շահերի դիրքերից՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը ԱԺ մուտքերի առջև բողոքի ակցիայի ժամանակ, որում ցուցարարները «ամոթի պատ» են կազմել և շենք մտնող իմքայլական պատգամավորներին հատուկ վերաբերմունքի են արժանացնում։
Հանրային հեռուստատեսության հետ Փաշինյանի՝ երեկվա հարցազրույցին հետևելով, Արծվիկ Մինասյանը համոզվել է, որ վերջին պատերազմում իսկապես դավաճանություն է տեղի ունեցել և այդ դավաճանությունը շարունակվում է։
«Սա է կարևոր հաստատումը այդ ամբողջ հարցազրույցից։ Ոչ մի նախադասություն չկար Հայաստանի Հանրապետության ու հայ ժողովրդի շահերի պաշտպանության տեսակետից։ Մարդկանց թուրքական ու ադրբեջանական բանակի քմահաճույքին հանձնելը սրիկայաբար ներկայացնում է որպես անվտանգության մոտեցում»,-մեկնաբանեց Արծվիկ Մինասյանը։
Երկրորդ սկզբունքային հարցը, նրա խոսքով, այն է, որ Փաշինյանը հասել է այնտեղ, որ կեղծելով և տգիտություն թույլ տալով փորձում է ադրբեջանցիներին հաճոյանալ ու փորձում է հայ ժողովրդին խաբել՝ իբր եթե մենք հայրենիքը չհանձնեինք, պատերազմ էր սկսվելու․ «Բա դու ինչի՞ համար ես»։
Մինասյանն ընդգծեց, որ սրա համար են ասում ՝ այնքան ժամանակ, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը կա, պատերազմը կամ հող հանձնելը անխուսափելի է։
Նա համոզված է, որ, Սյունիքի գյուղերը հանձնելով, Փաշինյանը բացեց դավաճանության շարունակականության ընդամենը մի փոքր հատվածը։
«Հիմա թե՛ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, թե՛ Դատախազությունը, թե՛ զինված ուժերը պարտավոր են արդեն գործել, որովհետև բացահայտ մարդն ասում է՝ հատուկ պարտվել եմ, տվել եմ ու շարունակելու եմ տալ»,-ասաց նա։
Արծվիկ Մինասյանի համար ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանին արդեն պետք է դադարեցնել լսել, նա ադեկվատ չէ, իրավիճակին չի էլ տիրապետում, չի էլ հասկանում, նրա համար ամեն ինչ պտտվում է իր աթոռի շուրջ, որին սոսնձվել է։
«Անիմաստ է նրա որևէ ասածը արդեն լսել կամ որևէ ողջամիտ խոսք ընկալել, առավել ևս, որ նա ինչ խոսել է, ուղիղ հակառակն է արել, ստել է, խաբել է, ժողովրդին տարել է ծանրագույն փորձության, պարտության է մատնել Հայաստանի Հանրապետությունն ու Արցախը, այդքանից հետո մի հատ էլ լսում ենք իրեն, որ ի՞նչ անենք»,-նշեց նա։
Հաճախ են հարցեր հնչում՝ ի՞նչ պետք է անել հիմա, Արծվիկ Մինասյանը պատասխանում է, որ չափազանց կարևոր է այս վիճակում, մեր անվտանգության ամբողջ համակարգին սթափեցնելով հանդերձ, կասեցնել Փաշինյանի հետագա ընթացքը, ձերբակալել, կալանավորել, որպեսզի հնարավոր լինի բացահայտել ամբողջ ցանցը, որպեսզի նոր իշխանությունը հնարավորություն ունենա բացահայտել հայ ժողովրդի դեմ իրականացված ու շարունակվող թշնամական գործողությունները։
«Սա իշխանություն-ընդդիմություն պայքար չէ, սա հայ ժողովրդի պայքարն է իր սուվերենության, իր անկախության համար։ Ի՞նչ ընդդիմություն, ժողովո՞ւրդն է ընդդիմություն, հիմա ընդդիմությունը իրենք են հայ ժողովրդի հանդեպ, սա հայ ժողովրդի պայքարն է, հետևաբար, ինքն է, որ հիմա ընդդիմանում է հայ ժողովրդին»,-ընդգծեց Արծվիկ Մինասյանը։
Իսկ թե ինչու այդքան մարդաշատ չեն լինում միտինգները, Մինասյանը օբյեկտիվ պատճառներով բացատրեց․ «Մոռանում ենք, որ տասնյակ, հարյուր հազարավոր ընտանիքների Փաշինյանը դժբախտացրել է, որոնք սիրտ չունեն այսօր փողոց դուրս գալու, կորոնավիրուսն է փաթաթել այս ազգի գլխին, որոնք մարդաշատ վայրեր դուրս չեն գալիս, որ չվարակվեն, նա մոռացել է, որ ձմեռ է և բազմաթիվ անձինք, որ առողջական խնդիրներ ունեն, վախ ունեն, որ կհիվանդանան․․․ ես չեմ արդարացնում այդ ամենը, բայց կան օբյեկտիվ սահմանափակումներ և այդ մասին մարդիկ ինձ գրում են»։
Ավելի վաղ նշել էինք Արծվիկ Միանսյանը դիտարկումը, որ դավաճանի ցանցի մեջ լինելը խարան է։
Մանրամասն՝ տեսանյութում․