Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տոնական օրերից հետո, բացի լավ ու բարի հիշողություններից, շատերի մոտ հետտոնական սթրես է սկսվում: Այսօր հոգեբան Լիլիթ Խաչատրյանը լրագրողներին ասաց, որ ցանկացած ռեժիմային փոփոխություն համարվում է սթրես, իսկ Ամանորին միանգամից խախտվում են մարդու սննդային, քնելու, աշխատանքային և այլ ռեժիմները:
«Ամանորի օրերին որոշակի սպասումներ ենք ունենում, շատերը հրաշքի են սպասում, արդյունքում` մարդկանց հուզականությունն է ավելանում, իսկ Ամանորից հետո, երբ ամեն ինչ սկսվում է իր բնականոն հունով ընթանալ, մարդկանց մոտ անիմաստության զգացողություն է առաջանում, և մարդն անկարող իրավիճակի մեջ է հայտնվում»,- ասաց հոգեբանը:
Ըստ նրա` շատ կարևոր է, որպեսզի կարողանանք անցում կատարել նոր փուլի, ինչին կօգնեն մի քանի խորհուրդներ: «Անհրաժեշտ է Ամանորից հետո տպավորիչ պահերը վերհիշել, մեր ձեռքբերումները մտաբերել, հասկանալ` ով էր մեզ համար ամենակարևոր հյուրը տոնական օրերին, և դրանց վրա կենտրոնանալ: Պետք է նաև նոր պահանջմունք ձևավորել, որը, ցավոք, չկա, մեր հասարակության մեջ պահանջմունքի ճգնաժամ է»,- նշեց Խաչատրյանը:
Ըստ նրա` հարմարվելու փուլ մտնելու համար պետք է սկսել ավելի քիչ դոզավորումից, այսինքն` աշխատանքում հունի մեջ ընկնել շաբաթվա կեսերից, աշխատելիս ընդմիջումները հաճախակիացնել, քանի որ երկարատև աշխատելն այս օրերին սթրեսային վիճակը կավելացնի:
Ի դեպ, սթրեսային իրավիճակը կարող է հանգեցնել որոշակի հիվանդությունների առաջացման: «Հնարավոր է` որոշները ջերմություն ունենան կամ երկարատև սրտխառնոցներ: Սթրեսը կարող է նաև հյուծվածության հասցնել մարդուն»,- ասաց մասնագետը:
Ի դեպ, բանանն ու շոկոլադը նպաստում են, որպեսզի օրգանիզմը շուտ դուրս գա սթրեսից:
Քնաբան Սամսոն Խաչատրյանն էլ նշեց, որ տոնական օրերին ամեն ինչ տրամադրում է, որպեսզի քնի բնականոն ռեժիմը խախտվի: Ըստ նրա` պետք է միշտ պահպանել քնի ռեժիմը, այդ թվում` հենց տոնական օրերին:
Հետտոնական սթրեսը հաղթահարելու համար, ըստ քնաբանի, պետք է կամքի ուժ դրսևորել, ինչն էլ կօգնի նորմավորել օրը: «Անհրաժեշտ է, որպեսզի մարդիկ հաճելի ժամանցը շարունակեն, այս օրերին կարելի է ընկերների հետ հանդիպել: Փոխարենը պետք է կրճատել կոֆեին պարունակող խմիչքների օգտագործումը և սննդակարգը վերանայել»,- խորհուրդ տվեց Սամսոն Խաչատրյանը: