կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-23 11:47
Առանց Կատեգորիա

Հետտոնական խոհեր

Հետտոնական խոհեր

Անկախության ձեռքբերումների մասին խոսելիս, հատկապես` երբ դրանք հիմնականում կորուստների տեսքով են հանդես գալիս, գրեթե բոլորը և միշտ հիշում են անկախության… տարիքը: Ախր մեր անկախությունն ընդամենը տասնհինգ տարեկան է…, քսան տարեկան է…, քսաներկո՜ւ տարեկան է: Եվ այս խոսքերն ասվում են այնպիսի խորիմաստ հնչերանգով, որ, պարզվում է, դեռ մի տասը էդքան էլ պետք է անցնի` առնվազն երկու հարյուրամյակ, որպեսզի կարողանանք լիարժեք վայելել անկախությունն ու դրա պտուղները:

 

Անկախության այսօրինակ խեղված ընկալման մեջ, կարծում ենք, կան մի քանի կարևոր բացթողումներ, որոնց մասին արժե խորհրդածել: Մեր բոլոր պարտություններն ու ձախողումները անկախության տարիքով պայմանավորելիս մոռացության ենք տալիս չափազանց կարևոր մի բան` անկախությունը մենք չենք ստացել իբրև պարգև, այն նվաճվել է, հետևաբար, իմաստավորված ու կատարելապես ըմբռնելի է եղել մինչև նվաճումը: Չէ՞ որ անհնար է հաղթել մի կռվում, երբ չգիտես` ինչի համար ես կռվում: Ուրեմն` գոնե իբրև երազանք ու նպատակ` մենք ճանաչում էինք անկախությունը: Ուրեմն` մենք պատրաստ էինք անկախությանը, քանզի գիտեինք` ի՞նչ է մեր ակնկալածը, և ինչպիսի՞ն է մեր երազանքը:

 

Անկախության տարիքն ամեն տեսակ ձախողումների պատճառ և քավության նոխազ դարձրած մեր իմաստուններին, որ, բնականաբար, հիմնականում իշխանական ճամբարից են (լրատվակայքերում այժմ էլ կարող եք վայելեք նրանց տոնական բարբաջանքները), ևս մեկ հիշեցում: Հաճախ է վկայակոչվում այն փաստարկը, թե անկախության այսօրվա մակարդակին նույնիսկ Ամերիկայի Միացյալ Նահանգներն են հասել հարյուրամյակների ընթացքում, ուրեմն որքա՞ն երկար ժամանակ է պահանջվելու թշնամիներով շրջապատված փոքրիկ Հայաստանին` լիարժեք անկախության հասնելու համար: Մինչդեռ սա չափազանց վտանգավոր մոլորություն է, քաղաքականության կերպ ստացած պաշտոնական խաբեություն, որովհետև պատմության անիվն ու մարդկության առաջընթացի շարժիչը վաղուց պտտվում են այնպիսի խելահեղ արագությամբ, որ վերջին քսաներկու տարին իր հարաճուն արագացման ռիթմով ոչ միայն համարժեք, այլև արդեն մի քանի անգամ ավելին է վկայաբերվող հարյուրամյակներից: Ուրեմն` ոչ միայն պետք չէ, ոչ միայն վտանգավոր է, այլև դավաճանություն է` սեփական ժողովրդից ժամանակի հարյուրամյա «վարկեր» վերցնել նրա իսկ անկախության կայացման համար: Հայոց անկախությունը վաղուց պիտի կատարված փա'ստ լիներ, իսկ նրա տարիքը` չլիներ փաստարկ վերջինիս տկարության ու անկատարության համար:

 

Հետևաբար, եղբայրնե'ր ու քույրե'ր, մի' խաբեք մեզ, ձեզ ու ամենեցուն անկախության տարիքի մոլորեցուցիչ «հաշվարկներով՚», որովհետև արդի գերարագ աշխարհում անկախությունները չեն ծնվում իբրև մանուկ, որպեսզի հետո դեռ մեծանան. դրանք հղացվում են իբրև երազանք, սաղմնավորվում իբրև նպատակ, ապա լույս աշխարհ գալիս կատարելապես հասուն: Հասո'ւն, պարոնա'յք: Եվ բավակա'ն է հաշվեք տարիքը մի բանի, որն իրականում տարիք չունի:

 

Լևոն ՍԱՐԳՍՅԱՆ