Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետևել է մայրաքաղաքում շարունակվող ձնամաքրման ու ձնահեռացման աշխատանքների ընթացքին: Տեղերում քաղաքապետին զեկուցվել է, որ գլխավոր փողոցների մաքրմանը զուգահեռ` աշխատանքներ են տարվում նաև երկրորդական փողոցների ու բակային տարածքների ձնամաքրման և կուտակված ձյան տեղափոխման ուղղությամբ: Քաղաքապետը նկատել է, որ աննախադեպ տեղումների հետևանքների վերացումն այս պահին ամենագլխավոր խնդիրն է:
«Ձյան տեղումների օրերին, դրա առատությունը հաշվի առնելով, մեզ համար առաջնահերթը մայրաքաղաքի տրանսպորտային երակները բաց պահելն էր, ինչը հաջողվեց: Տեղումների դադարից հետո մեզ համար գլխավորը հրապարակներից, փողոցներից, խաչմերուկներից և մայթերից ձյան շերտը մաքրելն է, դրանք որոշակի հատվածներում կուտակելն ու կուտակված ձյունը օպերատիվ քաղաքից դուրս տեղափոխելն է: Այժմ շուրջօրյա ռեժիմով հենց այդ աշխատքներն են ընթանում: Ի դեպ, մայրաքաղաքի փողոցներից արդեն ավելի քան 5000 անգամ ամբողջությամբ բեռնված բեռնատարներով ձյուն է տեղափոխվել»,- ասել է Մարգարյանը:
Հարկ է նշել, որ դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 2-ի լուսաբաց մայրաքաղաքում անընդմեջ տեղացած առատ ձյան շերտի հաստությունը կազմել է 45 սմ, ինչը, օդերևութաբանների հավաստմամբ, հավասար է տեղումների 1 ամսվա նորմային: Այսինքն ավելի քան 3 օրվա ընթացքում Երևանում առանց դադարի տեղացել է 1 ամսվա քանակի ձյուն:
«Օդերևութաբանների տեղեկացմամբ` վերջին 15 տարիների ընթացքում համեմատաբար առատ տեղումներ ունեցել ենք 2005 և 2009 թվականներին, սակայն ի տարբերություն այս տարվա, դրանք եղել են ընդհատումներով և ոչ այսքան առատ: Ու ըստ այդմ` այս տարվա ձյան տեղումները՝ իրենց անընդհատությամբ, եղել են աննախադեպ»,- նշել է Մարգարյանը:
Նա պատասխանատուներին հանձնարարել է շարունակել շուրջօրյա ռեժիմով ձնամաքրման աշխատանքների իրականացումը՝ բոլոր ուժերը կենտրոնացնելով մայրաքաղաքի փողոցներում կուտակված ձյունն արագ տեղափոխելու և բակային տարածքների ձնամաքրման աշխատանքների վրա: Հանձնարարվել է զուգահեռաբար սկսել նաև բազմաբնակարան, ինչպես նաև հասարակական շենքերի ու շինությունների տանիքներին կուտակված ձյան և առաջացած սառցալեզվակների հեռացման աշխատանքները:
Ձյան մաքրման ու ձնահեռացման բոլոր տեսակի աշխատանքներում, այդ թվում նաև վերգետնյա և ստորգետնյա անցումների ու բակային տարածքների մաքրման գործընթացում ներգրավված են մայրաքաղաքի կոմունալ ծառայությունների, կանաչապատման ձեռնարկությունների, համատիրությունների, մասնավոր կազմակերպությունների և «Սանիտեք» ընկերության ընդհանուր թվով շուրջ 1200 աշխատակիցներ: