կարևոր
80158 դիտում, 1 ամիս առաջ - 2024-09-13 11:44
Հասարակություն

Հայ հոգեւորականի մարմինը վախճանվելուց 53 տարի հետո նույնն է մնացել․ լուսանկար

Հայ հոգեւորականի մարմինը վախճանվելուց 53 տարի հետո նույնն է մնացել․ լուսանկար

Բեյրութում հանդիսավորությամբ ընդունել են Գրիգոր Պետրոս Աղաջանյանի՝ Հռոմից Լիբանան փոխադրված մարմինը, որ սեպտեմբերի 12-ին հատուկ արարողությամբ ամփոփվել է Բեյրութի Սուրբ Եղիա եկեղեցու բակի նորակառույց շիրմատանը: 

Ըստ ականատեսների՝ վախճանումից 53 տարի հետո կարդինալի մարմինը մնացել է նույն վիճակում՝ անփուտ, ինչը կարեւոր նախադրյալ է երանացման եւ սրբադասման համար: 

Հռոմի Սրբադասման հանձնաժողովն այս տարվա  փետրվարի 23-ին ավարտել է կարդինալ Աղաջանյանի մարմնի կանոնական հետաքննությունը, հաստատել դրա վավերականությունը, ինչպես նաեւ՝ լավ պահպանված (անփուտ) վիճակը, որ կարեւոր քայլ է երանացման եւ սրբադասման դատի հաջողության համար: 

Հայ կարդինալը հուղարկավորված էր Հռոմի Ս․ Նիկողայոս եկեղեցու՝ Ս. Գրիգոր Լուսավորչին նվիրված կողմնակի մատռան դամբանում եւ Լիբանան է փոխադրվում իր կտակի համաձայն: 

Կարդինալ Աղաջանյանը սրբադասման է արժանանալու իր գործունեության համար, որ միտված էր խաղաղության տարածմանը, ինչպես նաեւ այն անսահման սիրո համար, որ նա վայելել է հազարավոր հավատացյալների կողմից՝ համաշխարհային մակարդակով:

1960-70-ին նա գլխավորել է Վատիկանի Հավատի տարածման միաբանությունը, ջանացել  ընդլայնել կաթոլիկության ազդեցությունը տարբեր երկրներում՝ հատկապես «Երրորդ աշխարհ»-ում, որտեղ փորձել է կազմակերպել կաթոլիկ նոր թեմեր ու դպրոցներ։

Նա համարվում է «կարմիր զգեստով խաղաղության առաքյալ», որ իր համեստության պատճառով հրաժարվել է Հռոմի Պապի աթոռից. ըստ որոշ ոչ պաշտոնական տեղեկությունների, նա Հռոմի Պապ է ընտրվել 1963-ի քահանայապետական գաղտնի ընտրաժողովի ժամանակ (Պապության է առաջադրվել երկու անգամ): Նրա եպիսկոպոսական նշանաբանը եղել է «Արդարություն եւ խաղաղություն» (Lustitia et Pax): 

1946 թվականին, Պիոս XII պապից ընդունելով կարդինալի գլխարկը, Աղաջանյանը հայտարարել է. «Ընդունում եմ աստիճանը խոնարհությամբ եւ հպարտությամբ։ Խոնարհությամբ, քանզի գիտակցում եմ իմ անկատարությունը, իսկ հպարտությամբ, քանզի ի դեմս ինձ պատվում են իմ սիրելի հայ ժողովրդին, նրա սրբերի եւ նահատակների արյունը»։

Նա մեծ ջանք է տարել Լիբանանի տարբեր համայնքների միջեւ խաղաղության հաստատման ուղղությամբ՝ կրոնականից բացի գործելով նաեւ դիվանագիտական, քաղաքական դաշտերում: Տիրապետում էր ութ լեզվի:  

Աղաջանյանի մարմինը Լիբանան փոխադրելու առթիվ այցելել էին բազմաթիվ ուխտավորներ:

Հռոմից Լիբանան փոխադրումը՝ Middle East Airlines-ով

Գրիգոր Պետրոս Աղաջանյանը (իսկական անունը՝ Ղազարոս) ծնվել է 1895 թվականի սեպտեմբերի 18-ին, Ախալցխայում։ Սովորել է Հռոմի կաթոլիկ հաստատություններում, ստացել աստվածաբանի, փիլիսոփայի եւ իրավաբանի վկայագրեր։ 1917-ին ձեռնադրվել է քահանա։ 1919-21-ին եղել է Թբիլիսիի հայ կաթոլիկների առաջնորդը, 1921-32-ին՝ Հռոմի հայ կաթոլիկական Լեւոնյան վարժարանում դասատու էր, պրոռեկտոր, 1932-ից՝ ռեկտոր։ 1937-ին ընտրվել է կաթոլիկ հայերի պատրիարք՝ ընդունելով Գրիգոր–Պետրոս XV անունը։ 1946-ից կարդինալ էր: Վախճանվել է 1971 թվականին, Վատիկանում։