կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-25 14:55
Մշակույթ

Այնքան մարդ կա, որոնց մենամարտի կհրավիրեի. Կուստուրիցային այդպես էլ չհասցրեցին ծեծել Թուրքիայում

Այնքան մարդ կա, որոնց մենամարտի կհրավիրեի. Կուստուրիցային այդպես էլ չհասցրեցին ծեծել Թուրքիայում

Տեղեկացրել էինք, որ այսօր Կ. Դեմիրճյանի  անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա Էմիր Կուստուրիցայի և The No Smoking Orchestra-ի համերգը: Կուստուրիցան այսօր հանդիպեց լրագրողների հետ:

 

Մենք` հայերս, Կուստուրիցայի աչքերով

Շատ ուրախ եմ նորից լինել մի երկրում, որի հետ մենք` սերբերս, շատ նմանություններ ունենք: Բայց մեր և ձեր միջև մեկ մեծ տարբերություն կա` դուք միասնական եք, և շնորհիվ ձեր ջանքերի` դրսում ձեզ ճանաչում են որպես Ցեղասպանության ենթարկված մի ազգ: Մեզ մոտ այլ կերպ է ամեն ինչ ձևակերպվել. սերբերս` որպես մի ազգ, որը պարբերաբար ցեղասպանությունների է ենթարկվել, միասնաբար հանդես չենք գալիս դրա դեմ, և մեր անմիաբանությունը հանգեցրել է անգամ այն իրավիճակին, որ զոհի կարգավիճակից արդեն որպես մեղավորի են ներկայացնում: Ուստի` ամեն անգամ Հայաստան գալիս, վայելում եմ ոչ միայն այն, ինչ տեսնում եմ, այլ նաև զգում եմ այն երկրի շունչը, որը կարողանում է ինչ-որ բանի հասնել համատեղ որոշումներով: Ձեր երկրում ամեն ինչ աներկբա է:

 

Թե ինչպես թուրքերը ծեծեցին «ենթադրյալ» Կուստուրիցային

3-4 տարի առաջ, երբ Թուրքիայում էի, ինձ հալածում էին և ասում, որ չեն ընդունում ցեղասպանությունների հետ կապված` քննադատաբար հնչող տեսակետները: Իսկ պատասխանն այսպիսինն էր` դուք չէ, որ պետք է ցեղասպանությունների մասին ինչ-որ կարծիք հայտնեք, քանի որ 1915-ին 1,5 մլն հայերի եք կոտորել: Իմ այս ելույթի հաջորդ օրն իսկ հեռացա Թուրքիայից: Պարզվում է` իմ հեռանալու օրը շվեյցարիացի մի կինոռեժիսորի, որ ինձ շատ նման է արտաքինով, թուրքերը հարձակվել և ծեծել էին` կարծելով, թե ինձ են ծեծում: Փաստորեն, նրանք դեռ շարունակում են դեպքերին բնազդային արձագանք տալ:

 

Աստված սերում է մշակույթից

Մեր ընտանիքը բաժանված է երկու մասի` մի մասը մուսուլմանություն է դավանում, մյուսը` քրիստոնեություն: Տարիներ առաջ ես կնքվեցի: Խնդիրն այն է, որ ընտանիքիս անդամները, որոնք մուսուլման են, պրակտիկայում «չեն կիրառում» կրոնը, դրա համար էլ ես կնքվեցի և ուղղափառ եկեղեցու հետևորդ դարձա: Բայց ես չեմ մտածում, որ դարձի եկա, ուղղակի կնքվեցի, քանի որ մինչ այդ էլ իմ հայացքները քրիստոնեական մոտեցումներով էին: Կարծում եմ, որ ամբողջ աշխարհի մշակույթը հիմնված է քրիստոնեության վրա: Իմ զգացական աշխարհը կապված է Աստծո հետ, և ես հավատում եմ, որ Աստված սերում է մշակույթից, և քանի որ ես հավատում եմ մշակույթին, ուրեմն հավատում եմ Աստծո գոյությանը: Սակայն իմ կանխատեսումն այն է, որ մենք` քրիստոնյաներս ոչնչացման եզրին ենք, և այդ մասին է փաստում Եվրոպայի ներկայիս վիճակը, որտեղ պարբերաբար մուսուլման ներգաղթյալներն են ավելանում: Ես ոչինչ չունեմ ներգաղթյալների հանդեպ, բայց զարմանում եմ` ինչու են նրանք, Սաուդյան Արաբիան թողած, հասնում, ասենք, Գերմանիա: Հետո ինձ ասացին, որ մուսուլմանական աշխարհն իր առջև նպատակ է դրել` տարեկան 1 մլն մարդ մտցնել Եվրոպա, որպեսզի Եվրոպան կորցնի իր ինքնությունը:

 

Եթե Կուստուրիցան Ձմեռ պապին տեսնի, «Կոկա-կոլա» չի ուզի

Եթե տեսնեմ Ձմեռ պապին, հաստատ «Կոկա-կոլա» չեմ ուզի, քանի որ վերջերս անում են ամեն ինչ, որպեսզի Ձմեռ պապն ասոցացվի «Կոկա-կոլա»-ի հետ, և «Կոլա»-ն գնալով իրենով է անում Ձմեռ պապին: Ձմեռ պապից կխնդրեի մի գերբնական ուժ տար, որով աշխարհը հետ կպահեի այն մեծ պատերազմից, որի դեմ կանգնած է: Կուզեի նաև այնպես անել, որպեսզի Մարադոնան առանց աշխատանքի չմնա…

 

Ամեն ինչ գրողի ծոցն է գնում

Տարիներ առաջ ես հասկացա, որ եթե չես ուզում հարմարվել միջավայրին, պետք է ստեղծես քո միջավայրը. ես արեցի դա` հիմնելով իմ գյուղը: Դա այն ժամանակ էր, երբ Հարավսլավիան ավերվում էր: Հիմա կուզեի` կինոյում և երաժշտությունում իմ ամբողջ վաստակածը վերադարձնել ժողովրդին: Մտածում եմ` ամեն ինչ գրողի ծոցն է գնում, ամեն ինչ արագացված տեմպերով դեպի դժոխք է գնում, և միակ ձևը, որի միջոցով կարող ենք փրկվել, սոցիալական միջավայր ստեղծելն է, որպեսզի մարդիկ կարողանան մի քիչ ավելի լավ ապրել: Աշխարհն իսկապես շատ փոքր է հիմա: Գիտե՞ք` երկրագունդն ինչ արագ կարող է ոչնչացվել, և եթե խեղճուկրակ մարդ ես ու չես կարող փախչել ստեղծված իրավիճակից, կարող ես ինձ նման երազել ու կինո, երաժշտություն ստեղծել: Ինքդ քեզ պետք է հանես այս իրավիճակից:

 

Գրող Կուստուրիցայի մասին

Ես ավելի շատ հաշտ եմ ապրում գրող Կուստուրիցայի հետ /կատակում է/: Երաժշտությունն ու կինոն տարբեր աշխարհներ են ինձ համար: Ամեն անգամ, երբ բեմ եմ դուրս գալիս, կարծես խոհանոցում լինեմ, քանի որ ամեն ինչ տեղում է խմորվում: Կինոյում այդպես չէ. կարծես պատերազմի դաշտում լինես, որտեղ դու ես հրամանատարը, և որտեղ պետք չէ ժողովրդավարություն խաղալ: Կարծում եմ` շատ մարդիկ կան, որ անվրեպ երաժշտություն են կատարում ու ստեղծում, շատ երաժիշտներ կան, որ մոտենում են կատարյալին: Տեխնիկան էլ, իր հերթին, օգնում է կինոռեժիսորներին` իր վրա վերցնելով մի շարք կարևոր առաքելություններ:

 

Թեկնածուները շատ են, որոնց մենամարտի կհրավիրեի

Այնքան մարդ կա, որոնց մենամարտի կհրավիրեի իրենց քաղաքական հայացքների համար: Աշխարհում իրավիճակը հիմա դժվարից մի բան էլ ավելի է. ՆԱՏՕ-ն իր սահմաններն է ընդլայնում, ԵՄ-ն դեռ նոր ուժ է իրենից ներկայացնում, իսկ ԱՄՆ-ը շահում է ստեղծված իրավիճակից: ԱՄՆ-ն ամբարտավանության եզրին է հասել` աշխարհում քաոս ստեղծելով: Գործող, շարժիչ ուժը կարող է ազդեցիկությունը լինել, բայց հիմա արվեստագետի` հասարակության վրա թողած ազդեցությունը նսեմացվել է, մեր ձեռքից խլել են մեր ուժը: Հիմա աստղերը, այո, ազդեցիկ են, բայց լուրջ մտավորականները` ոչ: Ժամանակին Բոբ Դիլանն ԱՄՆ նախագահից էլ ազդեցիկ էր, իսկ հիմա դատում են նրան խորվաթներին նացիստության մեջ մեղադրելու համար:

 

Կարինե Հարությունյան