Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Կառավարության այս շաբաթվա նիստի օրակարգում ընդգրկված է որոշում, որը նախատեսում է հաստատել հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնողական անհատական ծրագրերի կազմման և իրականացման կարգը:
Հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնումը բժշկական, սոցիալական և մասնագիտական միջոցառումների համակարգ է, որն ուղղված է հասարակական կյանքին նրանց լիարժեք մասնակցության համար հավասար և մատչելի պայմանների ապահովմանը: Վերականգնումը հաշմանդամություն ունեցող անձին հասարակության մեջ ներառելու կարևոր նախապայմաններից է, որը բխում է ՄԱԿ-ի 2006 թվականի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի դրույթներից:
Համաձայն «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի` անձին հաշմանդամություն սահմանելիս եռօրյա ժամկետում մշակվում և նրան է տրամադրվում վերականգնողկան անհատական ծրագիր, որտեղ բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովների կողմից սահմանվում են տվյալ անձի բժշկական, սոցիալական և մասնագիտական վերականգնմանն ուղղված միջոցառումների ծավալները, տեսակները և ժամկետները, սոցիալական օգնության տեսակները, աշխատանքային անհրաժեշտ պայմանները, ինչպես նաև, գործունեության սահմանափակվածությամբ պայմանավորված, հատուկ տեխնիկական միջոցների և ծառայությունների տեսակները:
Գործող ՎԱԾ-ն իր ամբողջ ծավալով չի նպաստում հաշմանդամություն ունեցող անձանց լիարժեք վերականգնմանը, չի ապահովում հետադարձ կապը փաստացի իրականացված միջոցառումների վերաբերյալ, որն էլ հնարավորություն չի տալիս վերափորձաքննությունների ժամանակ գնահատելու այդ միջոցառումների արդյունավետությունը և նպատակահարմարությունը: Մյուս կողմից` վերջին տարիներին հաշմանդամության հիմնահարցերի ոլորտում կատարված օրենսդրական բարեփոխումների արդյունքում ակնհայտ է, որ հաշմանդամության հիմնախնդիրների կարգավորումը պահանջում է բազմաոլորտային մոտեցում: Հետևաբար, նախագիծը հնարավորություն կընձեռի կարգավորելու միջոլորտային իրավահարաբերությունները, ամրապնդելու միջոլորտային համագործակցությունը հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնման ուղղությամբ, ապահովելու հետադարձ կապը, գնահատելու վերականգնողական անհատական ծրագրում ընդգրկված միջոցառումների արդյունավետությունը:
Նախագծով ամրագրվում են ՎԱԾ-ի կազմման և դրանում ընդգրկված վերականգնողական միջոցառումների իրականացման ու դրանց իրականացմանն աջակցելու, տարբեր մարմինների միջև համագործակցության, ինչպես նաև ՎԱԾ-ում ընդգրկված վերականգնողական միջոցառումների արդյունավետության գնահատման մեխանիզմները:
Նախագծի դրույթներն ուղղված են նաև հաշմանդամություն ունեցող անձի վերականգնմանը խոչընդոտող խնդիրների բացահայտմանը, դրանց բացասական ներգործության հետևանքների կանխմանը կամ նվազեցմանը, հաշմանդամություն ունեցող անձի խաթարված օրգանիզմի ֆունկցիայի և կենսագործունեության սահմանափակման վերականգնման կամ փոխհատուցման, աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության և սոցիալական կարգավիճակի վերականգնման դրական զարգացումների արդյունավետ օգտագործմանը:
Նախագծով կարգավորվում են հաշմանդամություն ունեցող անձի ՎԱԾ-ի կազմման և դրանով նախատեսված միջոցառումներն իրականացնող մարմինների միջև համագործակցությանն առնչվող, ինչպես նաև ՎԱԾ-ում ընդգրկված վերականգնողական միջոցառումների արդյունավետության գնահատման հետ կապված հարաբերությունները: