կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-22 13:20
Քաղաքական

Հայաստանն ակնկալում է ՀԱՊԿ-ի քաղաքական աջակցությունը

Հայաստանն ակնկալում է ՀԱՊԿ-ի քաղաքական աջակցությունը

Այսօր ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Հայաստանի արտաքին քաղաքական խնդիրներին, մասնավորապես` Սարգսյան-Ալիև հանդիպմանն ու ՀԱՊԿ վերջին գագաթաժողովին: իշեցնենք, որ երեկ ՀՀ նախագահը մասնակցել է ՀԱՊԿ Անվտանգության խորհրդի նիստին և ելույթ ունեցել` ասելով. «Ամեն անգամ, երբ Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանի Հանրապետության դեմ կիրառում են ավտոմատներ, ականանետներ և հրետանային սարքավորումներ, նրանք կրակում են Աստանայի, Դուշանբեի և Բիշքեկի, Մոսկվայի և Մինսկի ուղղությամբ»: Սերժ Սարգսյանն ակնարկել է, որ Ադրբեջանի կողմից ԼՂ հակամարտության սրացումը կարող է պայմանավորված  լինել դրսից հուշումով կամ աջակցությամբ:

Արտակ Զաքարյանը չբացառեց, որ տարածաշրջանում կան  պետություններ, որոնք շահագրգիռ են տարածաշրջանում որոշակի իրավիճակի փոփոխությամբ, իրավիճակի  բացասական զարգացմամբ, և ՀԱՊԿ-ի խնդիրն է թույլ չտալ, որ Հարավային Կովկասի տարածաշրջանը զարգանա երրորդ կողմերի շահերի սպասարկման ուղղությամբ: Հետևաբար, Արտակ Զաքարյանի կարծիքով, հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով տեղի ունեցող լարվածությունը պետք է խնդիր լինի նաև ՀԱՊԿ-ի համար:

Պատգամավորի խոսքով` էական է, որ ՀԱՊԿ-ը թույլ չտա տարածաշրջանում Թուրքիայի, այսինքն` երրորդ ուժի կողմից Ադրբեջանի միջոցով իրավիճակի սրումը, էական է նաև այն, թե ինչ հանգուցալուծում կստանան Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունները:

 Yerkir.am-ի հարցին` կա՞ն, արդյոք, ակնկալիքներ, որ ՀԱՊԿ-ը` որպես անվտանգության համակարգ, կարող է գործառույթներ իրականացնել Հայաստանի սահմանին, Արտակ Զաքարյանը պատասխանեց, որ Հայաստանն ակնկալում է ռազմաքաղաքական միավոր համարվող  ՀԱՊԿ-ից  հստակ հասցեական վերաբերմունք և համապատասխան քաղաքական վերաբերմունք Ադրբեջանի ապակառուցողական գործողությունների նկատմամբ:

Հարցին, թե կա՞ այդ հասցեական վերաբերմունքը ՀԱՊԿ-ի կողմից, պատգամավորը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ ժամանակի ընթացքում, ՀԱՊԿ կոլեկտիվ շահերից ելնելով, այդ մոտեցումը պետք է ձևավորել, այլապես ՀԱՊԿ-ի դերակատարությունը և կշիռը, կոլեկտիվ գիտակցումը խնդիրների լուծման,  պրակտիկ կյանքում շատ դժվար է լինելու պատկերացնել»:

Ինչ վերաբերում է սահմանային լարվածությանը, Արտակ Զաքարյանն ասաց. «Մենք պետք է ձեռնարկենք համարժեք գործողություններ: Տանկեր մենք  էլ ունենք, և չկա այնպիսի զինտեխնիկա, որ Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ կիրառել, բայց Հայաստանը ցանկացած գործողություն իրականացնում է խաղաղության պահպանման և ինքնապաշտպանության նպատակով, հետևաբար, մեր նպատակն է առաջին  հերթին իրավիճակը վերադարձել իր բնականոն հուն, սահմանին  լիարժեք վերահսկել հրադադարի ռեժիմի խախտման բոլոր դեպքերը և հնարավորություն տալ, որ ՄԽ միջնորդական ջանքերն ունենան արդյունավետ ընթացք: Բոլորն էլ տեսնում են, որ Հայկական բանակը առանց որևէ բարդության արձագանքում է  ադրբեջանական սադրանքներին և իրականացնում հստակ պատժիչ գործողություններ, ուստի ՀԱՊԿ-ի արձագանքը պետք է  լինի ոչ թե ռազմական միջամտության ձևով, այլ քաղաքական: Մենք ակնկալում ենք հստակ քաղաքական համագործակցություն ՀԱՊԿ-ից, որը կսաստի Ադրբեջանին: Մենք ակնկալում են, որ, օրինակ, Ղազախստանը մատնանշի Ադրբեջանի ոչ ճիշտ գործողությունը խաղաղ կարգավորման գործում, մենք ակնկալում ենք, որ, օրինակ, Բելառուսը մատնանշի և հասցեական վերաբերմունք ունենա Ադրբեջանի ոչ ճիշտ պահվածքին` նշելով, որ այն խանգարում է խաղաղ կարգավորմանը և այլն»,- ասաց Արտակ Զաքարյանը:

 Նրա խոսքով` Սերժ Սարգսյանը ՀԱՊԿ Անվտանգության խորհրդի նիստում ոչ թե ակնարկներով, այլ հստակ մատնանշեց ՆԱՏՕ-ի օրինակը` որպես գործընկերության օրինակ, երբ Թուրքիան անգամ սխալ գործողությունների պարագայում, այնուամենայնիվ, ստացավ գործընկեր անդամ պետությունների քաղաքական աջակցությունը: «Եվ ՆԱՏՕ-ն և ՀԱՊԿ-ը ռազմաքաղաքական կառույցներ են, և մենք առաջին հերթին ակնկալում ենք քաղաքական աջակցություն, միասնական գործելաոճ,  քաղաքական աջակցություն ամենատարբեր ձևաչափերում, միմյանց դեմ չքվեարկելու, միմյանց դեմ հայտարարություններ կամ գործողություններ չանելու ձևով»,- ասաց Արտակ Զաքարյանը: