|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նախօրեին հանդիպել է հաշմանդամության ոլորտում գործող տեղական և միջազգային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Հանդիպմանը քննարկվել է հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված` ռիսկերի և խնդիրների կանոնակարգմանը վերաբերող առաջարկությունների շրջանակներում ձևավորված` բժշկասոցիալական փորձաքննության համակարգի փոփոխությունների լրամշակված տարբերակը:
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել կազմակերպությունների ներկայացուցիչների կողմիցարծարծված հարցադրումներին ու մտահոգություններին, վերջին շրջանում հաշմանդամության խմբերի տրամադրման հետ կապված քաղաքացիների դժգոհություններին, որոնք պայմանավորված են գործընթացի նկատմամբ ձևավորված խիստ վերահսկողական գործառույթների իրականացմամբ:
«Չնայած բժշկասոցիալական փորձաքննությունն ընթանում է դեռևս գործող չափորոշիչներով, սակայն որոշակի վերանայված ընթացակարգով` խստացնելով անձնական պատասխանատվությունը: Չմոռանանք նաև, որ նշանակվել են նոր պատասխանատուներ: Հայեցողական մոտեցումները հնարավորինս բացառելու ճանապարհին ակնկալում ենք թե ոլորտում գործող կազմակերպությունների, թե մեր քաղաքացիների հստակ դիրքորոշումը, որ կամայական մոտեցումները պետք է բացառվեն մեր բոլորի համագործակցված աշխատանքի արդյունքում` որոշումներ կայացնելիս առաջնորդվելով բացառապես հաստատված չափորոշիչներով:
«Հաշմանդամություն ունենալը» տարանջատելով «հիվանդություն ունենալուց» հնարավորություն ենք ստեղծելու քաղաքացիներին տրամադրել համապատասխան ծառայությունների փաթեթ՝ իրենց իրական կարգավիճակին համապատասխան»,- ընդգծել է նախարարը:
Այնուհետև դիմելով ՀԿ ներկայացուցիչներին՝ նախարար Արտեմ Ասատրյանն ասել է, որ համակարգի փոփոխությունների անցումային և նոր մեխանիզմների կիրառման փուլում ակնկալում և կարևորում է ՀԿ-ների ակտիվ դերակատարումն ու աջակցությունը:
ՀԿ ներկայացուցիչներն իրենց հերթին պատրաստակամություն են հայտնել ուշադրության կենտրոնում պահել գործընթացը և բարձրաձայնել ընթացիկ խնդիրներն ու մտահոգությունները:
Հանդիպման ավարտին նախարարը տեղեկացրել է, որ փոփոխությունների ամբողջական լրամշակված իրավական ակտերի նախագծերի փաթեթը կներկայացվի ՀՀ կառավարության քննարկմանը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին