Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Պայմանավորված գերտերությունների շահերի բախմամբ` Հայաստանի արտաքին քաղաքականությունը դառնում է բազմագործոն, իսկ հաշվարկների ու կանխատեսումների մեջ` ավելի բարդ. այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:
Պատգամավորը նշում է, որ Հայաստանը պետք է պատրաստ լինի ցանկացած զարգացման: Եվ գոյություն ունեցող բարդ աշխարհաքաղաքական պայմաններում Հայաստանին հաջողվել է չկորցնել գործընկերներ, չվնասել իր արտաքին շահերին և խուսափել այնպիսի մարտահրավերներից, որոնք կարող էին Հայաստանի համար լինել դժվար հաղթահարելի կամ անցանկալի:
Անդրադառնալով Շվեյցարիայում Սարգսյան-Ալիև վերջին հանդիպմանը` Արտակ Զաքարյանը կարծիք հայտնեց, որ գործ ունենք իրավիճակին ոչ համարժեք արձագանքող պետության` Ադրբեջանի հետ:
«Մենք աստիճանաբար գործ ենք ունենալու այնպիսի Ադրբեջանի հետ, որում ներքին որոշակի փոփոխություններ կարող են տեղի ունենալ` տնտեսական կառուցվածքի ու Ադրբեջանի աշխարհաքաղաքական դերակատարման առումով: Ադրբեջանը խիստ մտահոգված է իր դերակատարության անկմամբ, տնտեսական ու սոցիալական պարտավորությունների իրականացման բարդությամբ և ԼՂ կարգավորման վերաբերյալ իրենց ապակառուցողական և սադրիչ գործողությունների անհաջողություններով: Դժվար թե ադրբեջանցիները կարողանան 2016-2017թթ. համար մտածել այնպիսի գործողություններ, որոնք շահեկան կլինեն ԼՂ կարգավորման գործում, հակառակը` այս տեմպերով ադրբեջանցիները ավելի են վնասելու բոլոր այն հնարավորություններին, որոնք Ադրբեջանին կարող են ինչ-որ բան շահելու հույսեր տալ»,- ասաց Արտակ Զաքարյանը:
Նա հավելեց, որ ԼՂ կարգավորումը ռազմական լուծում չունի, քանի որ ռազմական լուծումը Ադրբեջանի համար շատ ցավոտ է լինելու: Ըստ պատգամավորի` դրա մասին շատ լավ գիտեն Բաքվում, և կարելի է ասել, որ Ադրբեջանը երբեք պատրաստ չի եղել ու չի լինելու խնդրի ռազմական լուծմանը:
«Այն կամակորությունները, որ իրականացնում է Ադրբեջանը, թե ռազմական ուժի կիրառման միջացով որոշակի փոփոխություններ կառաջացնի բանակցային գործընթացում, կյանքը ցույց է տալիս, որ դա այդպես չէ, հակառակը` ՀՀ նախագահի վերջին ելույթը ՀԱՊԿ գագաթաժողովում ցույց տվեց, որ Հայաստանն իր նվազ ռեսուրսներով, բայց էֆեկտիվ քաղաքականությամբ ավելին կարող է իրականացնել և քաղաքական նախագծեր առաջարկել, քան Ադրբեջանը միջազգային երկկողմ կամ բազմակողմ ձևաչափերում: Իսկ Ադրբեջանի միակ հենարանը Թուրքիան է, որն այս իրավիճակում ոչ երանելի վիճակում է գտնվում` հաշվի առնելով հարևանների հետ չունեցած հարաբերությունները: Մինչդեռ` Հայաստանի բազմավեկտոր քաղաքականության արդյունքում և\' ԵՄ, և Ռուսաստանի, և\' ՀԱՊԿ համակարգում, նաև այլ միջազգային կառույցներում Հայաստանը միշտ էլ կարող է ունենալ հենարաններ ու աջակիցներ»,- ասաց Արտակ Զաքարյանը: