կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-18 11:40
Հասարակություն

Հակառակորդը կրկին դիվերսիա է իրականացրել. 3 զոհ ունենք

Հակառակորդը կրկին դիվերսիա է իրականացրել. 3 զոհ ունենք

Դեկտեմբերի 17-ի գիշերը հակառակորդի կողմից ձեռնարկված անհաջող դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձերից հետո, որի արդյունքում, ծանր կորուստներ կրելով, հետ էր շպրտվել, ադրբեջանական բանակի հատուկ նշանակության խմբերը հակամարտ զորքերի շփման գծի հարավային, արևելյան, հյուսիսարևելյան և հյուսիսային ուղղություններով դեկտեմբերի 18-ի գիշերը դիմել են հերթական դիվերսիոն գործողությունների: Վերոնշյալ բոլոր ուղղություններում հայ դիրքապահները ժամանակին հավաստանշել են հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և անցել պաշտպանական մարտերի: Ադրբեջանական գրոհայինները, կորուստներ տալով, հետ են շպրտվել իրենց ելման դիրքերը:

Ցավոք, ծավալված մերձամարտերի ընթացքում արիաբար մարտիրոսվել են ՊԲ զինծառայողներ Աղասի Արսենի Գրիգորյանը (ծնվ. 1996թ.) և Ռուբեն Ռոբերտի Ալեքսանյանը (ծնվ. 1996թ.):

Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող` 1992թ. ծնված Գոռ Վահանի Օհանյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակացությունը հայտնում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Հակառակորդի սադրիչ քայլերն անհետևանք չեն մնալու: Պատասխանը լինելու է ցավոտ և անդառնալի կորուստներով լի:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն