կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-14 14:02
Քաղաքական

Սա դիվերսիա է. Գուրգեն Արսենյան

Սա դիվերսիա է. Գուրգեն Արսենյան

ԱԺ-ում շարունակվում են հարկային նոր օրենսգրքի շուրջ քննարկումները: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը նշեց, որ խիստ դեմ է այս հարկային օրենսգրքին, քանի որ սա ոտնձգություն է ՀՀ տնտեսվարող հատվածի վրա, մինչդեռ պետք է այնպիսի հարկային օրենսգիրք ստեղծեին, որ տնտեսվարողները ցանկանային Հայաստանում մնալ ու գործունեություն ծավալել:

Դիմելով քաղաքական մեծամասնությանը` նա դժգոհեց, թե ինչո՞ւ է իշխանությունը ՀՀ տնտեսվարողների մասին խոսում` որպես որսի: «Դուք որսորդներն ենք, նրանք էլ որսն են, թե ո՞նց նրանց հետևից ընկնեք, ո՞նց անեք, որ չփախչեն: Սա դիվերսիա է տնտեսության նկատմամբ, բայց դուք այս մարդկանց հարկերից եք աշխատավարձ ստանում: Հարգելի' քաղաքական մեծամասնություն, ի՞նչ է, այս օրենսգրքով դուք գնում եք ընտրություններին, չե՞ք կարծում, որ սա դիվերսիա է նաև ձեր քաղաքական ծրագրերի նկատմամբ: Հարկային նոր օրենսգիրքը կբերի արտագաղթի: ՀՀ տնտեսվարողները գերի են ընկել հարկային պլանների կատարման ձեռքը: Դուք այն մարդիկ չեք, որ գերի վերցնեք տնտեսվարողներին, նրանք արդեն իրենց պատասխանը տվել են, նրանք այս ամենը կատարում են` հեռանալով՝ քվեարկելով ոտքով»,- նշեց Գուրգեն Արսենյանը:

Ըստ նրա` այս հարկային օրենսգիրքը ատելություն է սերմանելու փոքրերի նկատմամբ: «Հայաստանը միշտ աշխատող ու ստեղծող մարդկանց երկիր է եղել, և նման վերաբերմունքը նրանց նկատմամբ անընդունելի է: Հարկային համակարգը ընդամենը ածանցյալ է, այլ ոչ` դոմինանտ, ուրեմն ածանցյալները թող մնան ածանցյալ` իրենց տեղում»,- ասաց Գուրգեն Արսենյանը: