Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տավուշի մարզի Չինարի գյուղի հատվածում ադրբեջանական զինուժի իրականացրած դիվերսիոն հարձակման հետևանքով՝ հայկական կողմը զոհեր ունեցավ: Տևական դադարից հետո ադրբեջանական զինուժը կրկին թիրախավորել է Հայաստանի հյուսիսարևելյան սահմանագիծը: Ինչպես ապրիլյան պատերազմի դեպքում, կրկին գործել է անակնկալի էֆեկտը: Եթե ճիշտ է տեղեկությունը, որ հայ դիրքապահները զոհվել են ոչ մարտական հենակետերում՝ թիկունքից իրականացված հարձակման հետևանքով, ապա նրանք բացարձակապես չեն սպասել նման սադրիչ գործողության: Դրանով հակառակորդը ցույց տվեց, որ անակնկալի մարտավարությունը դեռ իր «էֆեկտիվությունը» չի կորցրել և «բլից քրիգի» կրկնությունը չի բացառվում: Եվ դիվերսիոն հարձակման նպատակներից մեկը այս առումով հայկական կողմի զգոնությունը շոշափելն էր:
Հարձակումը կազմակերպվեց Ամանորի նախաշեմին: Այս մարտավարությունն անշեղորեն գործել է նախատոնական կամ տոնական նախորդ բոլոր ժամանակահատվածներում, գործեց նաև հիմա: Հակառակորդը փչացնում է ընդհանուր տրամադրությունը, և ներշնչում ցանկացած պահի ցանկացած կետում նույնպիսի իրավիճակի առաջացման սպասում և տագնապ: Հակառակորդը փորձում է ասել, որ ոչ մի վայրկյան հանգիստ լինել չենք կարող: Սրանք, սակայն Բաքվի հետապնդած երկրորդական նպատակներն էին:
Առաջնային նպատակներից մեկը, որը ևս հոգեբանական ենթատեքստ ունի, հայաստանյան հասարակությունում պատերազմի վերսկսման վախ հարուցելով ԼՂ հարցում հանուն խաղաղության ավելի լուրջ զիջումների գնալու տրամադրվածություն հասունացնելն է: Ըստ էության՝ Բաքուն շարունակում է զարգացնել այն նույն տրամադրությունը, որը արհեստական օրակարգ ստեղծելով, հետևողականորեն բորբոքում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Չպետք է պատահական համարել, որ այս հարձակումը տեղի ունեցավ Տեր-Պետրոսյանի տված «պարզաբանումների» հենց հաջորդ օրը: Սա չի նշանակում, թե Բաքուն և Տեր-Պետրոսյանը գործում են համաձայնեցված: Սա նշանակում է, որ Բաքուն հիանալի օգտագոծում է պահը և սերմեր ցանում այն արտում, որի ներսում խնամքով և համառորեն վարում է ՀՀ առաջին նախագահը: Սա առարկայորեն ցույց է տալիս, թե ԼՂ բանակցությունների ներկայիս բացակայության պայմաններում նման զիջողականության քարոզչությունը ինչպիսի հետևանքների է հանգեցնում և ինչ է նշանակում, երբ քեզ հետ չեն ուզում խաղաղության շուրջ բանակցել, բայց դու համառորեն նրան զիջումներ ես առաջարկում:
Դիվերսիայի իրականացման մյուս առաջնային նպատակը ՀԱՊԿ-ի և ԵԱՀԿ Մինսկի խմբի հնարավոր արձագանքի կոշտության մակարդակը շոշափելն է: ՀԱՊԿ-ի դեպքում խնդիրը պարզելն էր, թե հատկապես Սանկտ-Պետրեբուրգում կայացած ՀԱՊԿ, ըստ էության, տապալված գագաթաժողովից հետո որքանո՞վ է այս կազմակերպությունը կենսունակ, ադեկվատ, եթե Բաքուն որոշի երբևէ թիրախավորել Հայաստանի սահմանները: Եվ ՀԱՊԿ-ն ցույց տվեց, որ այդ հարցում հիմա շատ ավելի անադեկվատ, անսկզբունքային ու անպատախսանատու է, քան մինչ այժմ: Այդ կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, արձագանքելով ադրբեջանական հարձակմանը, ընդամենը նշել է, որ հրադադարի խախտման վերաբերյալ լուրերը և այս միջադեպը «լուրջ մտահոգության առիթ են տալիս»: Մինչ այժմ, երբ ադրբեջանական զինուժը նմանատիպ հարձակումներ էր իրականացնում ղարաբաղյան ճակատում, ՀԱՊԿ-ն իր անգործությունն արդարացնում էր այն պնդումներով, թե ԼՂ-ն չի մտնում իր պաշտպանության գոտու մեջ: Հիմա, Բորդյուժան նաև հասկացնում է, որ Հայաստանը ևս այդ գոտում չէ: Որովհետև նա միտումնավոր որևէ գնահատական չտվեց այն փաստին, որ ոտնձգությունը տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ երկրի սահմանի նկատմամբ, ինչը պետք է համարվեր հարձակում ՀԱՊԿ բոլոր անդամ երկրների նկատմամբ: Բայց նման պիղատոսյան վարքագծի մեղավորը Բորդյուժան չէ: Ցավալի զոհերի հանգեցրած միջադեպից հետո ՀՀ արտգործնախարարությունը և պաշտպանության նախարարությունը հանդես են եկել գրեթե ոչինչ չասող, թույլ հայտարարություններով: ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է ադրբեջանական սադրանքը, հիշեցրել, որ Ադրբեջանը հրաժարվում է կատարել Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունները և ավելացրել. «Միջազգային հանրությունը, առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, անհապաղ քայլերով պետք է սթափեցնեն իրենց կոչերը ու պահանջները հանդգնորեն արհամարհող, դրանց հակառակ գնացող, իրականության զգացումը կորցրած ադրբեջանական ղեկավարությանը»: Ոչ մի խոսք այն մասին, թե ի՞նչ է անելու հայկական կողմը Ադրբեջանի՝ ակնհայտորեն պատերազմի հրահրմանն ուղղված սադրանքների ծավալումը թույլ չտալու համար: Այդ հայտարարությունում ոչ մի պահանջ չկար նաև ՀԱՊԿ-ից՝ Ադրբեջանի այս սադրանքին արձագանքել դատապարտող և նախազգուշացնող հայտարարությամբ: Ավելի շատ Ադրբեջանի շահերը հարգող ՀԱՊԿ-ից որևէ սպասելիք ունենալ չէր կարելի: Բայց հայկական կողմը պարտավոր էր նրա առջև բարձրացնել արձագանքելու պահանջը՝ իր հեղինակության և Ադրբեջանի սադնրանքներում ՀԱՊԿ-ի պատասխանատվությունն ընդգծելու համար: ՀՀ ՊՆ-ն իր հերթին նշում է, թե տիրապետում է անհերքելի ապացույցների, որ Ադրբեջանը նախահարձակ եղել, ապա ընդամենը նշում. «ՀՀ պաշտպանության նախարարությունը վերահաստատում է իր դիրքորոշումը միջազգային հետաքննության մեխանիզմների ներդրման անհրաժեշտության վերաբերյալ՝ նման սադրանքները կանխելու և զինադադարի` միջազգայնորեն ստանձնած պարտավորությունների անշեղ կատարման վերահսկելիությունն ապահովելու նպատակով»: Ապրիլյան պատերազմից հետո ո՞ւմ է ուզում ՀՀ ՊՆ-ն զարմացնել կամ ապացուցել, որ Ադրբեջանն է նախահարձակ եղել: Համառորեն Վիեննայի պարտավորություններից հրաժարվելու պայմաններում ոչ ոք այլևս չի կասկածում, որ Ադրբեջանը պատերազմի հող է նախապատրաստում: Շարունակել մնալ միայն ապացույցներ ներկայացնելու դաշտում, նշանակում է անհամարժեքություն դրսևորել բոլորի համար ակնհայտ՝ Ադրբեջանի այդ պլանների նկատմամբ: Իր հաղորդագություններից մեկում ՀՀ ՊՆ-ն նշում է, թե Բաքուն լիարժեք պատասխանատվություն է կրում կատարվածի համար: Բայց չգիտես ինչու՝ ռազմական գերատեսչությունը ոչինչ չի ասում՝ թե կրելո՞ւ է արդյոք Բաքուն պատասխանատու այդ սադրանքի հետևանքների համար կամ լինելո՞ւ են արդյոք հետևանքներ ընդհանրապես, թե՞ համակերպվելու ենք Բաքվի կողմից նոր դիվերսիոն հարձակումների մարտավարության անցնելու հետ: Սկսած սանկտպետերբուրգյան գագաթնաժողովից՝ հայկական կողմն ամեն օր արձանագրելով հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու փաստերը՝ միայն նշում է, թե որպես կանոն ձեռնպահ է մնում պատասխան գործողություններից: Միայն մեկ անգամ է նշվել, որ իրականացվել են պատժիչ գործողություններ:
Ո՞րն է ստեղծված իրավիճակում հայկական կողմի անելիքը: Ապացույցներ ներկայացնելու ժամանակներն անցել են: Եկել է այն ժամականը, երբ հակառակորդն ինքը ցանկություն հայտնի շփման գծում տեղակայել հրադադարի պահպանման մեխանիզմներ, ինչպես ապրիլին ինքը դիմեց Մոսկվայի միջամտությանը՝ կրակը դադրեցնելու համար: