կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-17 16:38
Քաղաքական

Որ չասեն` ԲՀԿ-ն նախկին վարչապետի վրա է կենտրոնացած...

Որ չասեն` ԲՀԿ-ն նախկին վարչապետի վրա է կենտրոնացած...

Այսօր ԱԺ արտահերթ նիստում, ուր քննարկվում էր ՀՀ նախագահի ներկայացրած` ՀՀ և Եվրասիական զարգացման բանկի միջև ֆինանսական վարկի մասին համաձայնագիրը վավերացնելու հարցը, ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հարց ուղղեց հիմնական զեկուցող` գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանին:

«Զարմանում եմ, թե ինչո՞ւ եք դժգոհությունը կառավարությունից համարում նորմալ երևույթ, պետք է աննորմալ լիներ, երբ ՀՀ քաղաքացին չի վստահում, որ վարկերը մսխվում են խայտառակ կերպով և չեն ծառայում իրենց նպատակին, մսխվում են տարբեր դիսերտացիաներ և լոլոներ կարդալու, տարբեր խորհրդատվությունների վրա: Կա տոտալ անվստահություն թե\' ժողովրդի կողմից, թե\' քաղաքական բոլոր կուսակցությունների կողմից` այս վարկերի օգտագործման հետ կապված: Բոլոր վարկերի վերնագրերն էլ շատ դրական են, ժողովրդամետ, բայց արդյունքում մենք տեսնում ենք չավարտված Հյուսիս-հարավ, որը քանի վարկ կուլ տվեց: Բազմաթիվ վարկեր գնում են ջրօգտագործման, ոռոգման վրա, բայց վերջը չի երևում: ԲՀԿ-ն հանդես է գալու նախաձեռնությամբ` ստեղծել խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով` քննարկելու թե\' նախորդ կառավարությունների, թե\' նաև այս կառավարության վարկային քաղաքականությունը, որ ոչ ոք չասի, թե ԲՀԿ-ն ֆիքսված է նախորդ վարչապետի վրա: Մենք որևէ մեկի վրա ֆիքսված չենք, բայց պետք է պարզել` ինչո՞ւ փոշիացան մնացած վարկերը, որ նոր ձեռնամուխ լինենք նոր վարկեր վերցնելուն»,- ասաց պատգամավորը:

Նրա խոսքով՝ չկա մի վարկ, որի տակ մութ պատմություններ չլինեն: Ելույթի վերջում ԲՀԿ ղեկավարը որոշեց հակադարձել բոլոր այն ընդդիմադիր գործիչներին, որոնք այս օրերին իրենց ելույթներում քննադատել են ԲՀԿ-ին: «Գոյություն չունեցող որոշ ընդդիմադիր ուժեր` Ամանորին ընդառաջ հոգով իրենց ընդդիմադիր զգալու համար, որոնք հովանավորվում են իշխանության այս կամ այն ներկայացուցչի կողմից, թիրախ են դարձրել ԲՀԿ-ն, որովհետև իրենց գործունեությունը դատապարտված է, և այդ դե յուրե ընդդիմադիր բայց դե ֆակտո իշխանության այս կամ այն ներկայացուցչի կողմի , երբ տեսնում են, որ իրենք իրենց խնդիրը չեն կարողանում լուծել, թիրախ է դառնում ԲՀԿ-ն»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Նրան արձագանքեց Հերմինե Նաղդալյանը` ասելով, որ մութ պատմություններ տարածում են մութ պատմությունների սիրահարները:

Նշենք, որ Զոհրաբյանի ակնարկը վերաբերում էր ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանին: