կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-23 15:29
Սպորտ

Վարուժան Սուքիասյանը՝ Հայաստանի 2015 թ. լավագույն մարզիչ

Վարուժան Սուքիասյանը՝ Հայաստանի 2015 թ. լավագույն մարզիչ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգում 2015թ. քվեարկության արդյունքները: Ս.թ. դեկտեմբերի 11-ին սահմանված կարգի համաձայն` հայտարարվել էր քվեարկության սկիզբը: Քվեարկության վերջնաժակետն էր ս.թ. դեկտեմեբերի 21-ը:

2015-ի փակ, գաղտնի քվեարկությանն էր ներկայացվել 16 մարզչի թեկնածություն, որոնց օգտին քվեարկել է 47 մարդ:

Ինչպես հայտնի է, Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան ներկայացնում է Հայաստանի ազգային հավաքականների և բարձրագույն խմբի առաջնության մասնակից թիմերի գլխավոր մարզիչների իր թեկնածուներին, որից հետո ընդհանուր ցուցակը ներկայացվում է փակ, գաղտնի քվեարկության: Քվեարկությանը մասնակցում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի անդամները, բարձրագույն խմբի ակումբների նախագահները, գլխավոր մարզիչները, թիմերի ավագները, մեդիայի ներկայացուցիչները: Նրանցից յուրաքանչյուրը տալիս է երեք թեկնածություն՝ առաջին, երկրորդ եւ երրորդ տեղերի համար:

Բոլոր քվեարկությունները փակ ծրարով հանձնվում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա: Քվեարկության արդյունքներն ամփոփվում են 5-3-1 սխեմայով` առաջին տեղի համար՝ 5, երկրորդ տեղի համար՝ 3, երրորդ տեղի համար՝ 1 միավոր սկզբունքով:

Հայաստանի 2015 թ. լավագույն մարզիչ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի և Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը: Վարուժան Սուքիասյանի անունը 17 անգամ նշվել է առաջին, 12 անգամ՝ երկրորդ և 11 անգամ՝ երրորդ տեղում: Հավաքելով 132 միավոր՝ Վարուժան Սուքիասյանը հռչակվում է 2015 թվականի լավագույն մարզիչ:  

«Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգում երկրորդ տեղը զբաղեցրել է Երևանի «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը՝ վաստակելով 123 միավոր: Աբրահամ Խաշմանյանի անունը 19 անգամ նշվել է առաջին, 7 անգամ՝ երկրորդ և 7 անգամ՝ երրորդ տեղում:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի նախկին ժամանակավոր պաշտոնակատար և Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը, վաստակելով 72 միավոր, զբաղեցրել է երրորդ տեղը: Հովսեփյանի անունը 4 անգամ նշվել է առաջին, 14 անգամ՝ երկրորդ և 10 անգամ՝ երրորդ տեղում:

Տարվա լավագույն մարզիչ Վարուժան Սուքիասյանին կհանձնվեն հատուկ մրցանակը, պատվոգիր և 2 միլիոն ՀՀ դրամ դրամական պարգեւ:

Հարցման արդյունքներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ:

ՀՖՖ պաշտոնական կայք