Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում ոչ թե քաղաքական ուժերի, այլ ԶԼՄ-ների հայտնաբերած ընտրախախտումների փաստերին, ասաց, որ այդ հրապարակումների մեծ մասը երբ ստուգվեց, պարզվեց, որ կեղծ էին ու սխալ, հետևաբար, այդ հրապարակումները չեն կարող ընդունել որպես կատարված ու ապացուցված փաստ:
«Լինում են կեղծիքներ, բայց արդյո՞ք արձանագրված ու ապացուցված է ընտրակեղծիքների այն ծավալը, որը մեզ թույլ կտա ասել, որ դրանք ազդել են հանրաքվեի արդյունքների վրա: Նման արձանագրում դեռևս գոյութուն չունի»,- ասաց Արմեն Ռուստամյանը:
«Եթե կեղծիքների ծավալն այնքան է, որ հանրաքվեի կայացածությունը դրվում է կասկածի տակ, ուրեմն պետք է փաստվի: Կա՞ն ապացույցներ, որ կեսից ավելին չի մասնակցել հանրաքվեին, կա՞ն արձանագրումներ, որ մեկ չորրորդից ավելին «այո» չի քվեարկել, մենք նման արձանագրումներ չունենք, դրա մասին հայտարարողներն էլ չունեն»,- ասաց նա՝ հավելելով, որ վախի մթնոլորտի մասին կարծիքներն էլ են չափազանցեցված: Իսկ եթե եղել են ճնշումները վկայող փաստեր, ուրեմն դա հստակ հաղորդում է հանցագործության մասին, և դրանով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները: «Մենք չենք կարող մեզ դնել իրավապահ մարմինների տեղը և կատարել հայտարարություններ, որոնց ապացույցները չունենք»,- ասաց նա:
Արմեն Ռուստամյանի խոսքով՝ բոլոր ընտրությունների ժամանակ էլ կեղծիքներ եղել են, որովհետև ունենք հիվանդ ու արատավոր համակարգ: «Մենք դա ենք ուզում փոխել, իսկ դուք ուզում եք, որ մենք անընդհատ արձանագրենք այդ արատավոր համակարգերը: Բայց այդ արձանագրումը ոչինչ չի փոխելու, քանի դեռ այս համակարգը շարունակում է պահպանվել: Կեղծիքներ կան, բայց կեղծիքների ծավալներն ամրագրելու մեխանիզմները չկան, որովհետև այս համակարգը հսկայական բաց ունի: Այս խոսակցություններն անվերջ են լինելու, քանի դեռ չկան մեխանիզմներ` արձանագրելու կեղծիքների ծավալները: Արձանագրելու ձևերը կան, մենք բազմիցս ենք ներկայացրել արձանագրելու ձևերը, որոնք գործելու են այս համակարգի փոփոխության դեպքում»,- ասաց նա:
Արմեն Ռուստամյանի խոսքով՝ պատկառելի «ոչ»-ի քանակ է արձանագրել այս հանրաքվեն, որը իշխանություններին պետք է սթափեցնի, դա նշանակում է, որ մարդը դժգոհություն ունի, բայց այդ դժգոհությունը արտահայտում է սահմանադրական փոփոխությունների նախագծի նկատմամբ, այսինքն` «ոչ»-ն ուղղված է ոչ թե նախագծին, այլ իշխանություններին:
Հարցին, թե ինչո՞ւ արվեցին այն խախտումները, որոնց մասին պարզ դարձավ երեկվա ընթացքում, Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Կա մի իներցիա այս երկրում, որը ձևավորվել է` ընտրական պրակտիկայից ելնելով, մի զգալի մասը ընտրությունները համարում է փող աշխատելու միջոց` լինեն ընտրական պրոցեսի մեջ ներգրավվածները, թե` ընտրողները: Այս` փող աշխատելու մթնոլորտը ձևավորվել է երկար տարիների ընթացքում, որից պետք է ազատվել, ահա, թե ինչու կարևոր է արմատապես փոխել այս ընտրական համակարգը: Ինչո՞ւ պետք է տեղամասի անդամը, ով կուսակցական է, պատասխանատու դառնա ընտրությունների կազմակերպման համար: Դա նրա լիազորությունների մեջ չի կարող մտնել, որովհետև նա չունի այդ լծակները: Դա պետք է անեն հստակ լիազորություններ ունեցող պրոֆեսիոնալ մարդիկ: Սա գոյություն չունի Հայաստանում»: