Փոխարժեքներ
12 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Կապանում հոկտեմբերի 2-ին քաղաքապետի ընտրություններ են: Թեկնածուների թվում է նաեւ ՀՅԴ-ի կողմից առաջադրված Արթուր Աթայանը: Նրա շտաբի պետ Սասուն Մանուկյանը yerkir.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ ՀՅԴ թեկնածուն հաղթող թեկնածու է, իհարկե, մրցակիցներին չեն թերագնահատում:
Անդրադառնալով փաստին, որ նախորդ ընտրությունների ժամանակ Աթայանը դարձյալ առաջադրվել էր, սակայն ինքնաբացարկ հայտնեց, մեր զրուցակիցն ուշադրություն հրավիրեց մի շատ կարեւոր փաստի: «Անցած ընտրություններին Արթուր Աթայանը ինքնաառաջադրվել էր, եւ երբ ընտրական գործընթացներում իրավիճակը խորացավ, նա որոշեց ընդհանուր մթնոլորտը չշիկացնելու համար դուրս գալ ընտրապայքարից: Այսօր, սակայն, Արթուր Աթայանը կուսակցության կողմից առաջադրված թեկնածուն է, ՀՅԴ-ի որոշմամբ է առաջադրվել, և կուսակցությունը վճռական ու մինչև վերջ ընտրական գործընթացին մասնակցելու է: Այն ժամանակ իրավիճակը հույս չէր ներշնչում, որ հնարավոր է ինչ-որ բան փոխել, հիմա՝ այս 4 տարվա ընթացքում, շատ բան է փոխվել, համակարգն է փոխվել, փոփոխված Սահմանադրությունն էլ հնարավորություն է տալիս ինքնուրույն գործելու և իրավիճակ փոխելու: Դաշնակցությունն ունի բավարար ռեսուրս ընտրական տեղամասերում, օրենքի տառին համապատասխան, ընտրություն կազմակերպել, և կարծում եմ՝ օրինական արդյունքները ամրագրելու դեպքում մենք հաղթելու ենք, որքան էլ փորձ արվի ինչ-ինչ ճանապարհներով ճնշումներ գործադրել պետական և համայնքային ենթակայության աշխատողների նկատմամբ»,- նշեց Մանուկյանը:
Մեր զրուցակցի կարծիքով` ինչքան էլ փորձեն համայնքային աշխատողներին ճնշել, նրանք գիտեն, որ Արթուր Աթայանը կադրային ջարդ չի իրականացնի: «2008 թվականին Արթուր Աթայանը ընտրվել է համայնքի ղեկավար և կադրային ջարդ չի իրականացրել: Համայնքային հասարակ աշխատողը գիտի, որ իրեն աշխատանքից ազատում չի սպառնում, այսինքն` Արթուր Աթայանի ընտրվելու դեպքում կադրային ջարդ չի իրականացվելու»,- ասաց Մանուկյանը:
Ինչ վերաբերում է ավագանու անդամներին, մեր զրուցակիցը նշեց, որ 15 տեղի համար պայքարելու է 6-7 տասնյակ հավակնորդ: