կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-11-30 12:52
Քաղաքական

Որևէ մեկը չի կարող երաշխավորել, որ «Ոչ»-ի ճակատում արկածախնդիրներ չեն հայտվի. ՀՀԿ-ական

Որևէ մեկը չի կարող երաշխավորել, որ  «Ոչ»-ի ճակատում արկածախնդիրներ չեն հայտվի. ՀՀԿ-ական

ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանի կարծիքով` հանրաքվեին նախորդած ժամանակահատվածն աչքի է ընկնում կոռեկտությամբ: Նա այսօր լրագրողներին ասաց, որ  բոլորն ազատորեն արտահայտում են իրենց կարծիքը, սակայն այլ հարց է, թե ով ինչպիսի հիմնավորումներով է հանդես գալիս:

«Մեր երկրում ընթանում են ժողովրդական գործընթացներ, և ես համոզված եմ, որ մեր հասարակությունն ընտրելու  է երկիրը կայունացման ճանապարհով տանելու ուղին և կողմ է արտահայտվելու սահմանադրական բարեփոխումներին: Դեռևս չորս-հինգ օր ունենք, բայց չեմ կարծում, որ շատ բան փոխվի: Մեր ժողովրդի բանականությունը, ապագայի  նկատմամբ ունեցող հստակ վերաբերմունքը, հող կդառնան ավելի խոհեմ հայրենիք ստեղծելու  համար»,- ասաց Մինասյանը:

Նա անդրադարձավ նաև սահմանադրական քարոզարշավի շրջանակներում ընթացքող ռեալիթի-շոուին և հայտարարեց, որ նոր մոտեցումներ կիրառելը նորմալ է, և դրական ազդեցությունն ակնհայտ է՝ մարդիկ կարողանում են ազատ արտահայտվել:

Մինասյանի բնորոշմամբ`այս հանրաքվեն մյուսներից տարբերվելու է նրանով, որ այս անգամ վերջ է տրվում միանձմյա կառավարման համակարգին: Ըստ նրա` ձևավորվում է կոլեգիալ կառավարում, որն անչափ արդյունավետ կարող է լինել մեր երկրի համար:

Խոսելով «Ոչ»-ի ճակատի անդամների մասին` նա նշեց. «Առանձին մարդիկ միգուցե կոռեկտ էին, բայց, ընդհանուր առմամբ, կային այնպիսիք, ովքեր, իրենց լեքսիկոնով նման չեն քաղաքակիրթ մարդկանց: Ամեն մի էմոցիոնալ կամ ոչ պարկեշտ բառակապակցությանը նույն տոնով պատասխանելը մեզ պատիվ չի բերում: Պետք է փաստերով խոսել և փաստացի գնահատականներ տալ, ոչ թե սեփական պատկերացումները փաթաթել ժողովրդի վզին»,- ասաց ՀՀԿ-ականը և հավելեց, որ երկրի զարգացումը կարող է արդյունավետ լինել, եթե ընդդիմությունը մասնակցի կառավարմանը, ընդդիմության պատասխանատվության զգացումն էլ մեծանա:

«Սահմանադրական բարեփոխումները ոչ միայն իշխանության համար են, այլ նաև ընդդիմադիրների: Նախագահականի և կիսանախագահականի տարբերակներն էվոլյուցիայի են ենթարկվել, և մենք նորից վերադառնում ենք խորհրդարանական կառավարկման համակարգին: Ես կարծում եմ` այս հանրաքվեին նախորդած ժամանակահատվածն ավելի խաղաղ, ավելի հանգիստ, ավելի տրամաբանական, ընթացակարգերն ու օրենքները պահպանվելով են գնում»,- ընդգծեց Մինասյանը:

Yerkir.am-ի հարցին, թե՝  «Ոչ»-ի ճակատի` առաջիկայում ծրագրած հավաքից ի՞նչ ընթացք եք ակնկալում, նա պատասխանեց. «Ասելով, որ այնտեղ արկածախնդիր մարդիկ չկան, սխալված կլինեմ: Որևէ մեկը չի կարող երաշխավորել, որ արկածախնդիրներ չեն հայտվի այդ բանակում կամ բանակից դուրս, իսկ պետությունը հայրենիքի սյուները քանդող մարդկանց պետք է հնարավորություն  չտա  քանդելու այն, պետությունը իր գործիքներով պետք է սաստի նմաններին»: