կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-22 20:26
Քաղաքական

Պարտված իշխանությունն արտաքին ճակատում այլևս որևէ բան չի կարող անել, եթե անգամ ցանկանա, փոխարենը ներքին ճակատում փորձում է կոտրել դիմադրությունը. Կիրո Մանոյան

Ալիևն սպառնում է ուժով միջանցք բացել Սյունիքում, իսկ Հայաստանի իշխանությունը ոչ միայն չի պաշտպանում սյունեցու անվտանգությունը, հակառակը՝ նրան խանգարում է իր ներքաղաքական հաշվարկներով՝ կոտրելով սյունեցու քաղաքական կամքը. վարչապետի աթոռին կառչածը հավատացել է, որ այլ մարզեր իր այցելություններն իբր լավ են ընկալվել, հավատացել է իր իսկ թատրոնին, Սյունիքում դա չի ստացվել: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

«Փաշինյանը խոստացել է մոտ օրերս հրաժարական տալ, այդ որոշման վրա կարող են ազդել նաև Սյունիքի դեպքերը։ Անիմաստ է պատերազմի ընթացքում և դրանից հետո իշխանության քայլերի մեջ տրամաբանություն փնտրելը։ Մեր ԱԳՆ-ն վերջերս միայն հակադարձեց Զանգեզուրի միջանցքի մասին Բաքվի պնդումներին, բայց փաստն այն է, որ Ալիևը ոչ միայն սպառնում է մեզ, այլև թյուրքալեզու մյուս պետությունների առաջնորդներին ավետում է իրենց երազանքի իրականացման մասին»,- ասել է քաղաքական գործիչը:

Ըստ Մանոյանի՝ այս իշխանությունը նույնիսկ ցանկության դեպքում որևէ բան չի կարող անել, քանի որ պարտված է, արտաքին ճակատում ոչինչ չի անում, ներքին ճակատում էլ կոտրում է դիմադրությունը. «Ռուսաստանն ու Իրանը, ելնելով իրենց շահերից, փորձում են դիմադրել Մեղրիի միջանցքի բացմանը, դա համընկնում է ՀՀ տարածքային ամբողջականության շահի հետ, բայց այս իշխանությունը չի հասկանում դա։ Պոտենցիալ շահագրգիռ երկրները տեսնում են, որ Հայաստանը տարված է աթոռակռվով և պատրաստ է զիջել, իրենք հո չե՞ն պաշտպանելու մեր անվտանգությունը։ Այս իշխանությունների ամեն օրը վտանգավոր է հայ ժողովրդի համար»:

Ընդդիմադիր գործչի կարծիքով՝ իշխանությունը հակասական պատգամներ է ուղղում աշխարհին, ԱԳՆ-ն մի բան է ասում, վարչապետն ու քաղաքական մեծամասնությունը՝ մեկ այլ բան, դա ակնհայտ է Թուրքիայի օրինակով. «Անվտանգության խորհրդի քարտուղարն ասում է՝ շտկումներ պիտի անենք Թուրքիայի մասով, ԱԳ նախարարն ասում է՝ տեղյակ չենք հայ-թուրքական գործընթացից, իմքայլականները խոսում են թշնամանքը բացառելու մասին, իսկ Թուրքիան շարունակում է իր թշնամական քաղաքականությունը։ ՀՀ իշխանությունների կողմից ոչ միայն հակազդեցություն, այլև անգամ արձագանք չկա այս ամենին»:

Կիրո Մանոյանի պնդմամբ՝ գերտերությունները մտածում են, որ եթե Հայաստանը հրաժարվել է իր ազգային-պետական նպատակներից, նախևառաջ՝ Հայոց ցեղասպանության ճանաչումից, իրենք ինչո՞ւ պիտի ճանաչեն այն: «Այսօր թուրք-ամերիկյան հարաբերություններն այնպիսին են, որ Հայաստանը կարող էր սերտացնել ԱՄՆ-ի հետ իր հարաբերությունները, ընդ որում՝ ոչ ի հաշիվ Ռուսաստանի կամ Իրանի։ Դժբախտաբար, այս իշխանությունը չի կարող որևէ բան անել։ Թուրքիայի խորհրդարանն օրեր առաջ զեկույց հրապարակեց, որով արցախյան վերջին պատերազմի հարցով կոչ է անում միջազգային ատյաններին Հայաստանի դեմ քայլեր ձեռնարկել, իսկ մերոնք խոսում են թշնամանքի վերացման մասին։ Սա ոչ միայն պարտվածի, այլև գլուխը կորցրածի պահվածք է, երբ ասում են՝ իրավիճակ է փոխվել, ի՞նչ է, գնանք երկրպագե՞նք Թուրքիային։ Ադրբեջանը և Թուրքիան փորձում են աջակցել Փաշինյանին, նա իրենց շահերի սպասարկուն է»,- ամփոփել է Կիրո Մանոյանը:

Դավիթ Սարգսյան