կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-08 07:59
Քաղաքական

Ինչո՞ւ է ՀՀՇ-ն հապաղում

Ինչո՞ւ է ՀՀՇ-ն հապաղում

Չնայած հին եւ վերածնված ՀՀՇ-ականների միջեւ ՀՀՇ բրենդը կռվախնձոր է դարձել, սակայն, ինչպես երեւում է, վերածնված ՀՀՇ-ականները չեն պատրաստվում կռվին վերջ դնել: Նրանք, «Հրապարակ»-ի տեղեկություններով, ըստ սահմանված կարգի, չեն ներկայացրել կուսակցության  հոկտեմբերի 26-ին կայացած համագումարի արձանագրությունը ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետռեգիստր, որպեսզի գրանցվեն: Թե ինչու են հապաղում, թերթին չի հաջողվել պարզել, հայտնի ՀՀՇ-ականները բոյկոտել էին իրենց բջջայինները, իսկ արդարադատության նախարարի մամլո խոսնակ Կարինե Քալանթարյանը միայն փոխանցել է, որ անցած շաբաթ փաստաթղթերը դեռ չէին տարել:

 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին  ՀՀՇ համագումարից հետո «Հայոց համազգային շարժում» հասարակական կազմակերպության նախագահ Վահագն Հայոցյանը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ «Հայոց համազգային շարժում»' ՀՀՇ, անվանումը եւ ՀՀՇ խորհրդանշանը պատկանում են իր ստեղծած հասարակական կազմակերպությանը եւ գրանցված են պետռեգիստրում: Մինչդեռ պետական ռեգիստրում գրանցված կա «Հայոց համազգային շարժում. ազատականության տարածման եւ ժողովրդավարության զարգացման» անվանումով հասարակական կազմակերպություն: Այնպես որ, ՀՀՇ կուսակցության գրանցման հարցում, ըստ էության, լուրջ խոչընդոտներ չեն առաջանա, մնում է միայն, որ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվեն պետռեգիստր: