կարևոր
5791 դիտում, 7 ամիս առաջ - 2024-04-11 16:22
Աշխարհ

Իսրայելական «ապտակ» Իրանին. Ինչո՞ւ է Թեհրանը հապաղում պատասխանել իր դեսպանատան հարձակմանը

Իսրայելական «ապտակ» Իրանին. Ինչո՞ւ է Թեհրանը հապաղում պատասխանել իր դեսպանատան հարձակմանը

Թեհրանում խոստացել են վրեժ լուծել մեկ շաբաթ առաջ Դամասկոսում հյուպատոսության ռմբակոծության համար: Ոչ մեկին չի զարմացնում, որ Թել Ավիվը Գազայի հետ մեկտեղ հարվածում է Սիրիայի տարածքում գտնվող օբյեկտներին։ Դա պայմանավորված է պահեստները, բեռնափոխադրման բազաները եւ տրանսպորտային ողջ ենթակառուցվածքները վերացնելու անհրաժեշտությամբ՝ Իրանից մինչեւ լիբանանյան «Հզբոլլահ» խմբավորում լոգիստիկ շղթան ոչնչացնելու համար։ Սակայն Սիրիայի մայրաքաղաքի կենտրոնում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչութայն պարտությունը նման է Իսրայելի ցուցադրական մարտահրավերին…

Դեժավյու 4 տարի անց

Եվ այսպես, ապրիլի 1-ին զոհվել է 16 մարդ, այդ թվում՝ Լիբանանի «Քուդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար, բրիգադի գեներալ Մոհամմադ Ռեզա Զահեդին եւ ԻՀՊԿ 7 սպա: Այդ ճակատագրական օդային հարձակման փաստը մանրամասն լուսաբանվեց լրատվամիջոցներում, ուստի մենք կանգ չենք առնի դրա վրա: Ավելի լավ է վերլուծենք, թե ինչպես են պարսիկները պատրաստվում պատասխանել հրեաների հանդուգն հարձակմանը, քանի որ երկու երկրները պատերազմի մեջ չեն (գոնե ձեւականորեն)։ Միակ բանը, որ պետք է հստակեցնել, այն է, որ հարվածը հասցվել է բարձր ճշգրտության զենքով, ուստի ծիծաղելի պատահականությունը բացառվում է նույնիսկ տեսականորեն:

Թեհրանն ունի արձագանքման մի քանի տարբերակ, սակայն դրանցից ոչ մեկը չի կարելի լիովին հարմար համարել։ Սկսենք նրանից, որ Իրանը հաջողության է հասել «դիմադրության առանցքի» միջոցով պրոքսի-գործողություններ իրականացնելու հարցում, իսկ ահա բուն ռազմական գործողություններ նա չի իրականացրել 40ամյա վաղեմության իրանա-իրաքյան պատերազմից ի վեր, որն, ի դեպ, փաստացի պարտվել է։ Նրա ուժային ներուժը ներկայացված է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ), ինչպես նաեւ շիա աշխարհազորայինների՝ լիբանանյան «Հզբոլլահի» եւ իրաքյան «քատաիբ Հզբոլլահի» կողմից, գումարած դաշնակիցների՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի, Եմենի հուսիտների, ինչպես նաեւ Բաշար Ասադի սիրիական ռեժիմի կողմից: 2020ին Թեհրանն արդեն պատասխանել էր ամերիկացիների կողմից «Քուդս»ի հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանությանը՝ մի շարք բալիստիկ հրթիռներ արձակելով Իրաքում գտնվող Այն ալ-Ասադ ամերիկյան ռազմաբազայի ուղղությամբ: Ռազմաբազայի զինծառայողները վիրավորվել են, սակայն զոհեր չեն եղել, քանի որ յանկիները նախապես համապատասխան զգուշացում են ստացել Բաղդադից: Այդ ժամանակ ամեն ինչ սահմանափակվեց դրանով։

Որքան անպատեհ է սա

Իրանի առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտնվել է դժվար կացության մեջ.Նրան չի կարելի վրեժխնդիր չլինել, քանի որ վրեժխնդրությունից հրաժարվելը կխաթարի Իրանի հեղինակությունը: Ճիշտ է՝ հիմա ամենահարմար պահը չէ։ Տարածաշրջանը ծածկված է Գազայի պատերազմի բոցով, իսրայելա-լիբանանյան սահմանի երկայնքով շարունակվում է լուրջ առճակատումը, Իրաքում եւ Սիրիայում ամերիկյան զորախմբերի վրա հարձակումների շարք է իրականացվել, Կարմիր ծովում հուսիտիների կողմից խախտվել է նավարկության ռեժիմը։ Բանն այն է, որ հենց նման հիբրիդային պատերազմն է ձեռնտու Թեհրանին Մերձավոր Արեւելքում։ Իսկ ահա ոչ Իսրայելի, ոչ ԱՄՆ-ի հետ ուղղակի բախումը նրա պլանների մեջ չի մտնում։ Պարսիկները երկար տարիների ընթացքում վերահսկողություն են հաստատել տարածաշրջանում տիրող իրավիճակի նկատմամբ, սովորել են կարգավորել արտաքին քաղաքական գործընթացները եւ, պատկերավոր ասած, լոկալ հակամարտությունները կարճ թոկի վրա են պահում։ Իսկ հիմա նախաձեռնությունն այդպես անամոթաբար ընդհատում է Իսրայելը, այն էլ Միացյալ Նահանգների պատմության մեջ առավել հակաիրանական նախագահի թեկնածուի՝ Դոնալդ Թրամփի ենթադրյալ հաղթանակի նախօրեին։ Ընդհանուր առմամբ, եթե այժմ Իրանի ղեկավարությունը չբարձրացնի էսկալացիայի աստիճանը, Նեթանյահուն կհասկանա, որ նա վախեցել է, հետեւաբար Թել Ավիվի հետագա վճռականությունը Թեհրանին համարժեք արձագանք չի առաջացնի: Արդյունքում Խամենեին հավաստիացրել է, թե խիզախ իրանցիները կուսուցանեն Իսրայելին, իսկ նրա շրջապատի հաստիքային խոսնակները զգուշացրել են, որ նախ՝ այսուհետ Իսրայելի դեսպանատներն անվտանգ չեն, երկրորդ՝ պատասխան հարված կհասցվի անմիջապես հրեական պետության տարածքին։

Իսրայելը մերկ ձեռքերով չես վերցնի

«Վրեժի» ամենահավանական կատարողները հուսիտներն են (Սիրիայում շիական խմբավորումն ավելի քիչ մարտունակ է եւ ավելի խոցելի): Բայց Եմենը գտնվում է Իսրայելից 2 հազար կմ հեռավորության վրա, ինչը զգալիորեն նվազեցնում է հարձակման արդյունավետությունը։

Կարելի էր փորձել հրեաներին «մղփավանջեցնել» Լիբանանի միջոցով։ Բայց Հեշզբոլլահը Թեհրանի համար մի տեսակ պահուստային տարբերակ է, ռազմավարական ռեզերվ, որը նա դեռ պատրաստ չէ, ավելի ճիշտ՝ չի ցանկանում ծախսել՝ նման քայլը վաղաժամ համարելով, եւ խաղադրույքներն էլ այն չեն։ Առավել եւս փաստ չէ, որ մտահղացումը հաջողությամբ կպսակվի։ Առաջին հերթին Հզբոլլահին անհրաժեշտ է, որպեսզի սահմանին լարվածությունը պահպանվի պահանջվող մակարդակով։ Սա ՑԱԽԱԼ-ի մի մասը Գազայից շեղելու պարզ միջոց է՝ միաժամանակ միջազգային հանրությանը ցույց տալով, որ պաղեստինցիները միայնակ չեն իրենց պայքարում:

«Դիվանագիտական տեռոր»

Իրանը հեշտությամբ կարող է հայելային պատասխան տալ՝ իր հերթին հարված հասցնելով իսրայելական դիվանագիտական ներկայացուցչությւոններին։ Այդ կապակցությամբ Իսրայելը, ամեն դեպքում, ժամանակավորապես փակել է իր 28 դեսպանատները։ Հետեւաբար, նրանց վրա սպասվող հարվածը հազիվ թե ավարտվի Զահեդիի հետ համեմատելի անձի մահով եւ հավասարազոր լինի իսրայելական հարձակմանը։ Բայց նույնիսկ նման քայլը կվկայի այն մասին, որ այժմ հակառակորդները հավասարեցրել են հաշիվը։ Չնայած այստեղ խնդիր է առաքելության հյուրընկալող երկրի կառավարության հետ, որը պարսիկները, թերեւս, պատրաստ են ստեղծել իրենց համար, միայն թե կատարեն իրենց առջեւ դրված խնդիրը։ Ի դեպ, 2023ի հունվարին Իրանը բալիստիկ հրթիռներով հարվածել է Հյուսիսային Իրաքի քրդական շրջանում տեղակայված «Մոսադ» ռազմակայանին։ Ակցիայի մանրամասների եւ հետեւանքների մասին չի հաղորդվել: Անհասկանալի է, թե արդյոք այդ հարձակումը որեւէ արդյունք տվեց, բացի հեռավոր օբյեկտների վրա հարձակվելու Իրանի կարողությունը ցույց տալուց: Սակայն բացառված չէ, որ հենց դա էր նպատակը։

Իրանը հոգնե՞լ է, մտափոխվե՞լ, թաքնվո՞ւմ է

Այսինքն ստացվում է՝ փոքր Իսրայելին պատժելու համար մեծ Իրանի ձեռքերը կարճ են։ Խամենեիի խնդիրն այն է, որ հակաիսրայելական գործիքների հավաքածուի կիրառումն ակնհայտորեն կհանգեցնի «անխոհեմ» Նեթանյահուի ասիմետրիկ միջոցների եւ կառաջացնի անվերահսկելի շղթայական ռեակցիա, որը կարող է վատ ավարտ ունենալ Թեհրանի համար, եւ որին Թել Ավիվը, կարծես, պատրաստ է:  Այսպիսով՝ Իրանը լուրջ պատճառներ ունի Դամասկոսի վրա Իսրայելի հարձակման հարցում վճռականորեն արձագանքելու համար, բայց ավելի շատ հիմնավոր պատճառներ ունի ապահովելու, որ իր պատասխանն իսկապես անհանգստացնող չդառնա:

Հաշվեհարդարի հասանելի միջոցները կամ անհրաժեշտ ազդեցությունը չեն ունենա՝ Խամենեիի եւ նրա շրջապատի համար՝ պնդելու, որ իրենք մաքրել են հաշիվը, կամ նրանք դա կանեն, բայց այն ռիսկերի գնով, որոնք անընդունելի են Իրանի երկարաժամկետ անվտանգության համար, որը նույնիսկ Գազայի համար մեծ դեր չի խաղա։

 

Յարոսլավ Դիմչուկ

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի