կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-19 16:38
Իրավական

Գառնիում աղմկահարույց կրակոցների գործով մեղադրանք առաջադրվեց «Գառնիի Սուրիկի լավաշ»-ի ձեռնարկատիրոջ որդուն

Գառնիում աղմկահարույց կրակոցների գործով մեղադրանք առաջադրվեց «Գառնիի Սուրիկի լավաշ»-ի ձեռնարկատիրոջ որդուն

Այսօր ոստիկանության Գառնիի բաժանմունքում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս Երևան քաղաքի Սարյան փողոցից ժամը 00.15-ին, Կոտայքի բաժին բերման է ենթարկվել Ռուբեն Հ.-ն, ով հուլիսի 15-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի (խուլիգանություն) 4-րդ մասի և 235 հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասի մեղադրանքներով:

Yerkir.am-ի տեղեկություններով՝ հայտնաբերվածը 23-ամյա Ռուբեն Հակոբյանն է, ով հայտնի բանդայի գործով դատապարտված Արտուշ Հակոբյանի եղբոր՝ «Գառնիի Սուրիկի լավաշ» արտադրական ձեռնարկության ղեկավար Անդրանիկ Հակոբյանի որդին է: Ըստ նախաքննության՝ նա այս տարվա հուլիսի 9-ին Գառնիում կրակոցներով ուղեկցված միջադեպի մասնակիցներից է: Yerkir.am-ին ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 258-րդ 4-րդ մասի և 235-ի 1-ին կետ հատկանիշներով, և քննիչը միջնորդել է դատարան՝ նրա նկատմամբ, որպես խափանման միջոց, կալանքը վերահաստատելու համար:

Հիշեցնենք, որ հուլիսի 9-ին Գառնի համայնքի ղեկավար Աշոտ Վարդանյանից ահազանգ է ստացվել, որ նույն գյուղում տեղի է ունեցել վիճաբանություն, հնչել են կրակոցներ, որի հետևանքով վնասվել է որդու ավտոմեքենան, ապա գրավոր հաղորդում է ստացվել նաև գյուղապետի որդուց՝ Մարզպետ Վարդանյանից։

Նախնական քննության արդյունքներով՝ հուլիսի 9-ի երեկոյան Մարզպետ Վարդանյանի, նրա երկու ազգականների և համագյուղացի Ռուբիկ Հակոբյանի միջև Գառնի գյուղի տարածքում վիճաբանություն է ծագել ավտոմեքենաներով ճանապարհը միմյանց չզիջելու պատճառով։ Այն շարունակվել է գազալցակայանի շրջակայքում, ապա վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում, քննության տվյալներով, Ռ.Հակոբյանն ինքնաձիգով կրակահերթ է արձակել։ Վնասվել են գյուղապետի որդու ավտոմեքենան, գազալցակայանի սպասասրահի և օժանդակ շինության ապակիները: Պարզվել է նաև, որ վիճաբանությանը միջամտել են համայնքի ղեկավար Աշոտ Վարդանյանը, Ռուբեն Հակոբյանի մտերիմները՝ Ա.Սահակյանը և Ա.Հայրապետյանը, նախնական տվյալներով՝ վերջիններս ևս ինքնաձիգից կրակահերթ են արձակել։