Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Գառնու Սուրիկի լավաշ» ընկերության սեփականատեր Սուրիկ Հակոբյանի որդու` «բանդայի գործով» կալանավորված Արտուշ Հակոբյանի կյանքին ու առողջությանը վտանգ է սպառնում, անհրաժեշտություն կա նրան տեղափոխել արտասահման, որտեղ նա բուժում կստանա: Այս մասին այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց Հակոբյանի պաշտպան Հովիկ Արսենյանը:
Նա, միաժամանակ, միջնորդեց փոխել իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը: «Պաշտպանական կողմը քաջատեղյակ է, որ Արտուշ Հակոբյանի հետ կապված ապացույցները կեղծ են և արհեստածին: Առողջական վիճակի հետ կապված` բարդացումներ են տեղի ունենում, Աստված գիտի` այս քրեական գործը երբ կվերսկսվի կամ շարունակվի»,- հայտարարեց փաստաբանը:
Մեղադրող դատախազը սակայն առարկեց միջնորդության դեմ` նշելով, որ դեռևս չեն վերացել ամբաստանյալին կալանքի տակ պահելու հիմքերը: Դատավոր Մեսրոպ Մակյանն էլ պաշտպանին հիշեցրեց, որ այսօրվա դատական նիստը լիագումար չէ, քանի որ բացակայում է ամբաստանյալ Քյարամ Ամոյանը, ուստի պաշտպանը չի կարող միջնորդությամբ հանդես գալ:
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստում որոշվել էր Ամոյանի նկատմամբ ամբուլատոր դատաբժշկական փորձաքննություն նշանակել: Այսօր պարզ դարձավ, որ ամբաստանյալ Քյարամ Ամոյանի մոտ առկա հիվանդության բնույթն այնպիսին է, որ անհրաժեշտ է փորձագիտական խմբի կազմում ընդգրկել լրացուցիչ անդամ ` նյարդաբան փորձագետ, Երևանի բժշկական համալսարանի հետբուհական կրթության նյարդաբանության ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր Գուրգեն Հովհաննիսյանին: Հաջորդ դատական նիստին` մարտի 26-ին, հիշյալ փորձագետը դատարան կներկայանա: