կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-08-02 13:31
Իրավական

Սևանում աղմկահարույց սպանության գործով մեղադրանք առաջադրվեց

Սևանում աղմկահարույց սպանության գործով մեղադրանք առաջադրվեց

Հուլիսի 30-ին Սևանում տեղի ունեցած աղմկահարույց սպանության գործով կասկածյալ` 36-ամյա Էդգար Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել: Այս մասին Yerkir.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:

Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով: Նրա նկատմամբ, որպես խափանման միջոց, կալանավորումը կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:

Ավելի վաղ հայտնել ենք, որ 2017թ. հուլիսի 30-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 63-րդ կմ հատվածում հնչել են կրակոցներ, որի արդյունքում Արարատի մարզի բնակիչը՝ ծնված 1989թ., ձախ քունքային շրջանում ստացած հրազենային վնասվածքից մահացել է:

Նախնական տվյալներով՝ 2017թ. հուլիսի 30-ին՝ ժամը 18:50-ի սահմաններում, Սևանի լողափերից մեկում տեղի է ունեցել ծեծկռտուք Աշոտ Հովհաննիսյանի, նրա երկու որդիների և 1989 թ. ծնված Դավիթ Առաքելյանի ու նրա ընկերների միջև, ինչից հետո Աշոտ Հովհաննիսյանին մահացած տեղափոխել են հիվանդանոց: Աշոտ Հովհաննիսյանի որդին՝ 1981 թ. ծնված Էդգար Հովհաննիսյանը, հետապնդել և ժամը 19.05-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 62-րդ կմ-ում գտնվող ճանապարհի բանուկ մասում Դավիթ Առաքելյանին իջեցրել է «Մերսեդես» ավտոմեքենայից ու որսորդական հրացանով կրակել նրա վրա: Նա գլխի շրջանում ստացել է մահացու հրազենային վիրավորում:

Նշենք, որ Էդգար Հովհաննիսյանը ծեծկռտուքի հետևանքով մահացած 60-ամյա Աշոտ Հովհաննիսյանի որդին է: Հովհաննիսյանն այդ լողափում վարձակալությամբ նավակներ էր տալիս այցելուիներին: