Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ-ում 2016թ. բյուջեի նախագծի վերաբերյալ իր կարծիքը ներկայացրեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ իշխանությունն ասում է` սա այսօրվա բյուջեն է, առավելագույնն է, ինչ հնարավոր է: Իշխանությունից դուրս գտնվողներն ասում են, որ վատ բյուջե է: Իրականում, ըստ պատգամավորի, երկու ձևակերպումները ոչ թե իրարամերժ են, այլ՝ լրացնող:
«Սա իրական բյուջեն է, այն է, ինչ հնարավոր է, բայց, մյուս կողմից, այն չի համապատասխանում բնակչության պահանջներին»,- ասաց Վահե Հովհաննիսյանը՝ հավելելով, որ տնտեսության ներկայիս վիճակը մեկ տարում չէ, որ ձևավորվել է:
Նրա խոսքով՝ ժամանակին «իշխանությունից դուրս գտնվող մարդիկ ահազանգում էին կոպիտ սխալների, առաջիկա վտանգների մասին, իսկ իշխանության մեջ գտնվող մարդիկ, քաղաքական կոնյոնւկտուրայից ելնելով, ցածրաձայն են պատկերացնում վտանգները, բայց բոլորից լավ գիտեն իրավիճակը»:
Վահե Հովհաննիսյանը նշեց, որ մեղավորներ փնտրել պետք չէ: «Թիրախ ընտրելը ճաշակի, պատվերի հարց է, բայց դրանից խորքային խնդիրները չեն լուծվում: Մենք ունենք Ղարաբաղի, արտագաղթի, սահմանների պաշտպանության խնդիր, ու ամեն սխալ տնտեսական քայլ, դանդաղած նախագիծ, մսխված հնարավորություն հարվածելու է երկրի անվտանգությանը: Ով սա հասկանում է, պետք է համարվի համախոհ, մի կողմ դնի մեղավորների անիմաստ փնտրտուքը, ու շարժվենք առաջ, որովհետև ժամանակ չունենք»,- ասաց պատգամավորը:
Վ. Հովհաննիսյանը դիմեց իշխանություններին. «Փետրվարից մեղմվեց քաղաքական սրությունը, ի՞նչն էր խանգարում լուծումներ գտնել հայտնի 12 խնդիրների շուրջ: Լավ, քաղաքական կուսակցությունները դադարեցին դրանց մասին հիշել, բայց խնդիրը հո չվերջացա՞վ, դրանք սոցիալական խնդիրներ էին: Իշխանությունը պետք է երկխոսեր հանրության հետ, այդ կետերից յուրաքանչյուրով կարելի էր մեղմել մի ամբողջ շերտ»:
Այս առումով պատգամավորը հորդորեց երկխոսել հանրության հետ, չմատուցել տհաճ անակնկալներ, խոսել պարզ: «Մենք իրավունք չունենք փլուզումներ թույլ տալու: Մենք պարտավոր ենք ընտրել այս վիճակից գրագետ քայլերով դուրս գալու ճանապարհը»,- եզրափակեց ԲՀԿ խմբակցության պատգամավորը: