կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-21 16:44
Հասարակություն

Արթուր Բաղդասարյանի մտքերը հզոր են. Լիանա Զուրաբյանն անդամագրվել է «Հայկական վերածնունդ»-ին

Արթուր Բաղդասարյանի մտքերը հզոր են. Լիանա Զուրաբյանն անդամագրվել է «Հայկական վերածնունդ»-ին

Ասմունքող Լիանա Զուրաբյանն անդամագրվել է «Հայկական վերածնունդ» կուսակցությանը: Yerkir.am-ի հետ զրույցում նա նշեց, որ իր նպատակը միայն մշակութային գործունեությունն է, քաղաքականության մեջ չի խառնվելու:

-Տիկի\'ն Զուրաբյան, փաստորեն, «Հայկական վերածնունդ»-ի՞ն եք անդամակցում:

-Այո, բայց` մշակութային բաժնով, քաղաքականի հետ կապ չունեմ:

-Հիմնականում ի՞նչ հարցերով եք զբաղվելու:

-Դե, նրանք մեզ կլուսաբանեն, մենք նրանց հետ համերգային ծրագրեր կանենք:

-Պատգամավոր դառնալու ցանկություն չունե՞ք:

-Վատ չէր լինի, որ պատգամավոր դառնայի, ժողովուրդն ահագին լավ կապրեր: Ես աշխատող մարդ եմ, որ դառնամ պատգամավոր, ստիպված բան ու գործ թողնելու եմ ու աշխատեմ մարդկանց համար: Ճիշտ է, պոեզիան կտուժի, բայց դե մարդկանց համար ես կաշխատեմ:

-Ինչո՞ւ հենց «Հայկական վերածնունդ»-ն ընտրեցիք, ի՞նչը գրավեց Արթուր Բաղդասարյանի մեջ:

-Որպես մարդ` նա լավ տպավորություն է թողնում, պատկառելի է: Անկեղծ ասեմ` նրա խոսքն եմ սիրում, շատ անկաշկանդ, հռետորական խոսք ունի, իսկ խոսքն այսօր շատ կարևոր է, ամենաառաջնայինն է: Ես չեմ սիրում, որ այսօրվա ղեկավարները թղթին են նայում ու կարդում, իսկ նա անկաշկանդ, առանց թղթի է իր մտքերն արտահայտում: Նրա մտքերը հզոր են, որ այդ խոսքն էլ լավ մարդկանցով, հզոր ուժերով կարողանա գործի վերածվի, լավ կլինի:

-Ձեր կարծիքով` այսօր քաղաքական դաշտում տիրող իրավիճակը հատկապես ո՞ր բանաստեղծությամբ կարտահայտվեր:

-Սովորաբար` Պարույր Սևակի «Մարդ էլ կա, մարդ էլ», բայց միշտ, երբ այդ գործն ասմունքել եմ, նույնիսկ` ղեկավարության համար, ու երբ հարց եմ տալիս, թե` լավ, ո՞վ է ելել շալակն աշխարհի, բոլորը գլխով էին անում, թե` իրենք աշխարհն են շալակած տանում: Այդպես էլ չհասկացանք` ով է ելել շալակն աշխարհի: Բոլորն իրենց աշխարհը շալակածի տեղ են դրել, բայց սովորաբար հենց այդ վերին խավն է, էլի, որ... /Խոսքին հաջորդեց ասմունքը/

Աթոռն է սիրում
Ու նրան տիրում.
Ցանկացած գնով ելնում է նա վեր,
Փորձում է թռչել նա առանց թևեր,
Անվերջ սողալով առաջ է գնում,
Գնում է այսպես… և տարեց-տարի
Ելնում է այսպես… շալակն աշխարհի:

Ի դեպ, Զուրաբյանը տեղեկացրեց նաև, որ ապրիլի 5-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա գրական-երաժշտական երեկո՝ նվիրված մայրության և գեղեցկության տոնին` «Մայրական սերը միակն է` անաղարտ» խորագրով: