կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-13 17:42
Հասարակություն

«Հարցը ոչ միայն աղջկաս մահն է, այլ նաև այն երեխաների ճակատագիրը, որոնք այդ բժշկի ձեռքի տակով են անցնում»

«Հարցը ոչ միայն աղջկաս մահն է, այլ նաև այն երեխաների ճակատագիրը, որոնք այդ բժշկի ձեռքի տակով են անցնում»

Հունիսի 16-ի ցերեկը Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք էր ընդունվել Ջրաշեն գյուղի 4-ամյա բնակիչ Կարինե Հովհաննիսյանը` ջերմություն, թուլություն, փսխում, լուծ ախտանշաններով։ Առողջապահության նախարարության տեղեկացմամբ` երեխայի վիճակը գնահատվել է միջին ծանրության` «սուր աղիքային ինֆեկցիա» նախնական ախտորոշմամբ: Սակայն ժամեր անց երեխան մահացել է: 

Երեխայի ծնողները երեխայի մահվան մեջ մեղադրում են Արմավիրի բուժկենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Անահիտ Պետրոսյանին: Բժիշկն իրեն մեղավոր չի համարում, ըստ նրա` երեխայի մահվան պատճառը նրան ուշ հիվանդանոց տեղափոխելն է:

Բժշկական կենտրոնում 4-ամյա աղջնակի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում հոկտեմբերի 20-ին մեղադրանք է առաջադրվել հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Անահիտ Պետրոսյանին: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Օրերս էլ Պետրոսյանն ազատվեց բաժնի վարիչի պաշտոնից` քրեական գործի շրջանակներում:

Yerkir.am-ի հետ զրույցում աղջկա հայրը` Հակոբ Հովհաննիսյանը, նշեց, որ հիմա իրենք անհամբեր դատի օրը նշանակելուն են սպասում:

«Մի անգամ տեսանք բժշկին` ոստիկանությունում: Չգիտեմ: Նա մինչև վերջ իրենն է պնդում, բայց նրա մեղքն ապացուցվել է, սպասում ենք դատին: Ես ցանկություն էլ չունեմ ինչ-որ կերպ շփվել հետը, եթե ինքն էլ ուզենա: Ցանկություն չունեմ, առհասարակ, նրան տեսնելու: Հիմա փաստաբաններս նրա գործով են զբաղվում, փաստերն են քննում»,- ասաց Հովհաննիսյանը:

Ըստ նրա` ամենևին էլ կապ չունի այն հանգամանքը, որ բժիշկը մինչ օրս չի ընդունում իր մեղքը, իրենք պայքարելու են մինչև վերջ: Հովհաննիսյանն ասում է, որ բժշկուհին պետք է կրի իրեն հասանելիք պատիժն իր աղջկա մահվան համար:

«Ես մինչև վերջ գնալու եմ, կապ չունի` դատը կշահե՞մ, թե՞ ոչ, նա փո՞ղ կտա դատավորին, թե՞ չէ: Այստեղ դատը չշահեցինք, ուրիշ տեղ կդիմենք… Նա մինչև վերջ իր պատիժը ստանալու է, և ես սա անում եմ ոչ միայն իմ աղջկա համար, այլ նաև այն երեխաների, որոնք անցնում են այս բժշկի ձեռքի տակով: Մարդու մեջ եղած հավատն իրենք իրենց ձեռքով են քամում»,- ասաց նա: 

Քրեական գործի զարգացումները կներկայացնենք ավելի ուշ: