կարևոր
823 դիտում, 5 օր առաջ - 2025-01-28 11:10
Հասարակություն

Իշխանությունը թքած ունի ոչ միայն 1.5 մլն նահատակների, այլ նաև այն երկրների, կազմակերպությունների վրա, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը. «Ժողովուրդ»

Իշխանությունը թքած ունի ոչ միայն 1.5 մլն նահատակների, այլ նաև այն երկրների, կազմակերպությունների վրա, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հակահայ և հակապետական ձևով կասկածի տակ առավ 20-րդ դարի ամենամեծ ջարդի՝ Հայոց ցեղասպանության՝ Եղեռնի, լինելիությունը։

Հունվարի 24-ին Ցյուրիխում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը կոչ էր արել ևս մեկ անգամ հասկանալ` ինչ է տեղի ունեցել Հայոց ցեղասպանության ժամանակ, ինչու է դա տեղի ունեցել, և ինչպես է այդ ամենն ընկալվել, ինչու Հայոց ցեղասպանության հարցը 1939 թվականին չի եղել օրակարգում, իսկ 1950 թվականին հայտնվել է։

Սրանք խոսքեր են, որոնցից կարելի է եզրակացնել, որ իշխանությունը` ի դեմս Նիկոլ Փաշինյանի, թքած ունի ոչ միայն հայության, 1.5 մլն նահատակների, այլ նաև այն երկրների, նահանգների և կազմակերպությունների վրա, որոնք ընդունել և ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։

Օրինակ` Ուրուգվայը պետականորեն առաջինը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը 1965 թվականին։

Սկսած 1915 թվականից տարբեր պետություններ ընդունել են բանաձևեր, որոնք դատապարտում են հայերի կոտորածը։

ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) ընդունել է նմանատիպ բանաձևեր, սակայն դրանք չեն կարողացել կանգնեցնել Օսմանյան կայսրության գործողությունները։ 1915 թվականին մայիսի 24-ին Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսական կայսրությունը հանդես են եկել համատեղ հռչակագրով, որը նույնպես քննադատում էր այդ կոտորածները։

Պաշտոնապես Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 34 երկիր։

Հայոց ցեղասպանությունը ճանաչել են ԱՄՆ 50 նահանգները։ Վերջինն այն ճանաչեց Միսիսիպի նահանգը 2020 թվականին։

Հայոց ցեղասպանությունը ճանաչած պետությունների, կազմակերպությունների, նահանգային և ինքնակառավարման մարմինների ու քաղաքային խորհուրդների համառոտ ցանկը կարող եք տեսնել այստեղ:

Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի նախագահի քմահաճույքներն ու տարիների երազանքն է իրականացնում»: