կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-13 13:34
Քաղաքական

Գործող Սահմանադրությամբ կուսակցությունները ռեալ լծակներից զրկված են. Բագրատ Եսայան

Գործող Սահմանադրությամբ կուսակցությունները ռեալ լծակներից զրկված են. Բագրատ Եսայան

Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ ՀՅԴ-ի տեսակետը հայտնի է՝. փոփոխությունները պետք է լինեն համակարգային և խորքային. սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ կազմակերպված քննարկման ընթացքում ասաց ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ Բագրատ Եսայանը:

Նրա խոսքով` պետք է հասկանալի լինի՝ ինչքա՞ն է հասարակությունը պատրաստ այս փոփոխություններին, և ինչքանո՞վ են այդ փոփոխությունները հասարակական պահանջարկի արդյունք:

«Մեր «այո»-ն` պառլամենտական համակարգի, արձանագրված էր դեռևս այն ժամանակ, երբ Հայաստանում որևէ քաղաքական ուժ, բացի Կոմունիստական կուսակցությունից, կողմ չէր դրան: Այն մեղադրանքները, որ ինչ-ինչ պատճառներով Դաշնակցությունն «այո» է ասում` հետևելով ինչ-որ մեկին, ինչ-որ այլ քաղաքական ուժի, անտեղի են: Վստահեցնում եմ ձեզ, որ անցնող 25 տարիների ընթացքում բոլոր քաղաքական ուժերն իրենց մոտեցումները, իրենց գաղափարական դիրքորոշումը փոխել են ՀՀ-ում համակարգի փոփոխության կապակցությամբ, բացի ՀՅԴ-ից»,- ասաց Եսայանը:

Հիմնավորելով «այո» ասելու անհրաժեշտությունը՝ նա նշեց, որ գործող Սահմանադրության պայմաններում ունենք այն համակարգը, որը երկիրը հասցրել է բավական ծանր վիճակի: ««Ոչ»-ի այն կարծիքը, որ նոր Սահմանադրությունը կհանգեցնի միակուսակցական համակարգի, արդեն իսկ առկա է ՀՀ-ում: Ընտրության արդյունքում մի կուսակցություն ստանում է ամեն ինչ,և այսօր մենք ականատես ենք այդ վիճակին: Մենք այս վիճակին ենք եղել 95 թվականից: Վերջին քսան տարիների ընթացքում մենք ունեցել ենք միակուսակցական համակարգ: Կուսակցությունները պետք է փաստարկեն, թե ինչո՞ւ են «ոչ» ասում, որ այսօր գործող Սահմանդրությամբ զրոյի է հավասարեցվել կուսակցության դիրքորոշումը, նույնիսկ` խորհրդարանական կուսակցության»,- ասաց ՀՅԴ-ականը` հավելելով. «Խորհրդարան մտած կուսակցությունը հիմա չունի որևէ իրավունք, որևէ կերպ չի կարող ազդել պետական համակարգի և իշխանությունների գործողությունների վրա: Սա է հասարակությանը դրդում մտածել, որ էլ ինչո՞ւ ենք ձայն տալիս այս կամ այն կուսակցությանը»:

Ըստ Եսայանի` գործող Սահմանադրությամբ կուսակցությունները ռեալ լծակներց զրկված են, քանի դեռ չեն մտել կոալիցիայի մեջ, և այդ մոտեցումները իրականացնելու միակ ձևը իշխանության մեջ մտնելն է: «Վերջին քսան տարիների ընթացքում ես չեմ հիշում, որ երեք նախագահները հաշվետվություն ներկայացնեն իրենց գործունեության մասին: Երրորդ նախագահի խոսնակը նույնիսկ չի ներկայացնում դիրքորոշում, ես չեմ խոսում հաշվետվության մասին: Գործող Սահմանադրությունը չի ստիպում նախագահին հաշվետվություն ներկայացնել պառլամենտին, ժողովրդին: Նորով վարչապետն առնվազն երկու անգամ հաշվետվություն է ներկայացնում ժողովրդին»,- ասաց Եսայանը:

Նա շեշտեց, որ առաջարկվող բարեփոխումներով դատական իշխանությունը հարյուր տոկոսով անկախանում է:

Եսայանն անդրադարձավ նաև կայուն մեծամասնության դրույթին: «Եթե կայուն մեծամասնություն չես ձևավորում, նշանակում է՝ դու երկիրը դնում ես ռիսկի տակ և գցում ցնցումների մեջ. գործել առանց իշխանության` փոքրամասնության կառավարություն ձևավորելով»,- ընդգծեց ՀՅԴ-ականը:

Նա, որպես օրինակ, ներկայացրեց Թուրքիան. «Թուրքիայում առաջին ընտրությունները չձևավորեցին մեծամասնություն, մի քանի ամսվա համար փոքրամասնության կառավարություն ձևավորեց: Փոքրամասնության կառավարությունը Թուրքիայում հանգեցրեց այդ փոքրամասնության կառավարության ձևավորմանը. նոր ընտրությունների նշանակումից հետո իշխանությունը դարձավ մեծամասնություն»:

Ըստ Բագրատ Եսայանի`այսօրվա համակարգը ենթադրում է, որ հաղթողը ստանում է ամեն ինչ, իսկ նոր համակարգը դա թույլ չի տալիս: