կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-08-22 12:02
Հասարակություն

ՀԾԿՀ-ն որոշել է «Վեոլիա Ջուր» ընկերությանը տուգանել 10 միլիոն դրամով

ՀԾԿՀ-ն որոշել է «Վեոլիա Ջուր»  ընկերությանը տուգանել 10 միլիոն դրամով

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշել է «Վեոլիա Ջուր»  ընկերությանը տուգանել` 10 000 000 (տասը միլիոն) ՀՀ դրամ գումարի չափով:

ՀԾԿՀ  տարածած հաղորդագրության մեջ ասված է, որ հաշվի առնելով

ա) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) կողմից ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին նոր միացման կամ միացման փոփոխության գործընթացի իրականացման վերաբերյալ 2017 թվականի 4-րդ և 2018 թվականի 1-ին եռամսյակների տեղեկատվության մոնիթորինգի արդյունքները.

բ) «ՕՐԲԵԼԻԱՊԱՐՏ ՀՈԹԵԼ» փակ բաժնետիրական ընկերության լիազոր ներկայացուցչի 2018 թվականի մայիսի 14-ի դիմումը, համաձայն որի «ՕՐԲԵԼԻԱՊԱՐՏ ՀՈԹԵԼ» փակ բաժնետիրական ընկերությունը սույն թվականի ապրիլի 19-ին դիմել է Ընկերություն՝ տեղեկացնելով, որ ավարտել է վերջինիս կողմից տրամադրված տեխնիկական պայմանների հիման վրա Երևան քաղաքի Բաղրամյան 65/2 հասցեում ջրամատակարարման և ջրահեռացման աշխատանքներն՝ կցելով հիմնավորող փաստաթղթերը, սակայն Ընկերությունից պատասխան չի ստացել.

գ) քաղաքացի Սուսաննա Ղարիբյանի 2018 թվականի հունիսի 8-ի դիմումը, համաձայն որի՝ վերջինս 2017 թվականի նոյեմբերի 23-ին դիմել է Ընկերություն, տեղեկացնելով, որ ավարտել է վերջինիս կողմից տրամադրված տեխնիկական պայմանների հիման վրա Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Նոր Խարբերդի 3-րդ փողոցի 12 տան ջրամատակարարման և ջրահեռացման աշխատանքները, և դիմումը Ընկության 2017 թվականի դեկտեմբերի 22-ի պատասխան գրությամբ մերժվել է՝ փաստաթղթերը թերի ներկայացնելու հիմքով.

դ) որ հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը՝ 2018 թվականի հուլիսի 9-ից Հանձնաժողովը Ընկերության նկատմամբ հարուցել է վարչական վարույթ՝ Հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 30-ի №378Ն որոշմամբ հաստատված խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնների (այսուհետ՝Կանոններ) 16-րդ, 19-րդ, 19.1-րդ և 21.1-րդ կետերով սահմանված ժամկետների խախտման փաստերի ուսումնասիրության նպատակով։ Լրացուցիչ հանգամանքների ուսումնասիրության նպատակով վարչական վարույթի ժամկետը երկու անգամ 10-ական օրով երկարաձգվել է.

ե) հարուցված վարչական վարույթի շրջանակում Ընկերության 2018 թվականի օգոստոսի 6-ի № ԿԼ/1967 գրությամբ ներկայացված պարզաբանումները, համաձայն որի Ընկերության կողմից 2017 թվականի 4-րդ և 2018 թվականի 1-ին եռամսյակների ընթացքում Կանոններով սահմանված ժամկետների խախտման հիմնական պատճառ են հանդիսացել կապալառու կազմակերպությունների հետ աշխատանքում թերացումները և դիմող անձի տարածքում հայտնաբերված ապօրինի ջրամիացումների առկայությունը, իսկ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Նոր Խարբերդի 12 փողոցի 19 տան և Երևան քաղաքի Բաղրամյան 65/2 հասցեներում ջրամատակարարման և ջրահեռացման աշխատանքների ավարտին առնչվող փաստաթղթերը ներկայացվել են թերի, որի վերաբերյալ դիմող անձինք տեղեկացվել են համապատասխանաբար 2017 թվականի դեկտեմբերի 22-ի և 2018 թվականի մայիսի 18-ի գրություններով.

զ) որ Կանոնների 16-րդ կետի համաձայն՝ դիմումը ստանալու օրվանից 20 աշխատանքային օրվա ընթացքում մատակարարը դիմող անձին է ներկայացնում՝ տեխնիկական պայմաններ՝ դիմող անձի կողմից նոր համակարգի կառուցման դեպքում, կամ միակողմանի կնքված միացման պայմանագիր՝ Ընկերության կողմից նոր համակարգի կառուցման դեպքում.

է) որ Կանոնների 19-րդ և 19.1-րդ կետերի համաձայն՝ միացման պայմանագիրը կնքելու օրվանից մինչև Ընկերության կողմից դիմող անձին ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելու առաջարկ ներկայացնելու առավելագույն ժամանակահատվածը չի կարող գերազանցել 60 աշխատանքային օրը, բացառությամբ այն դեպքերի երբ նոր համակարգի ջրամատակարարման կամ ջրահեռացման համակարգերից մեկի երկարությունը առանձին վերցված գերազանցում է 500 մետրը և (կամ) անհրաժեշտ է կառուցել պոմպակայան, միացման պայմանագիրը կնքելու օրվանից մինչև Ընկերության կողմից դիմող անձին ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելու առաջարկ ներկայացնելու առավելագույն ժամանակահատվածը չի կարող գերազանցել 120 աշխատանքային օրը.

ը) որ Կանոնների 85-րդ կետի համաձայն՝ Ընկերությունը պարտավոր է դիմումին պատասխանել 10 աշխատանքային օրվա ընթացքում.

թ) հարուցված վարչական վարույթի շրջանակում փաստվել է, որ Ընկերությունը 2017 թվականի 4-րդ և 2018 թվականի 1-ին եռամսյակների ընթացքում 112 դեպքում խախտել է Կանոնների 16-րդ, 19-րդ, 19.1-րդ կետերը՝ դիմող անձանց միացման պայմանագիր կամ տեխնիկական պայման, ինչպես նաև ծառայությունների մատուցման պայմանագիր ներկայացնելով Կանոններով սահմանված ժամկետի խախտմամբ, և Կանոնների 85-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Նոր Խարբերդի 12 փողոցի №19 տուն և Երևան քաղաքի Բաղրամյան 65/2 հասցեներում նոր համակարգերի կառուցման աշխատանքների ավարտին առնչվող փաստաթղթերը թերի ներկայացված լիենլու հիմքով նշված դիմումատուներին ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելու առաջարկ չներկայացնելու վերաբերյալ վերջիններիս պատասխանելով սահմանված ժամկետի խախտմամբ.

ժ) որ Հանձնաժողովի 2018 թվականի ապրիլի 4-ի №109Ա որոշմամբ Ընկերությունն արդեն իսկ Կանոնների 16-րդ կետի խախտման համար ենթարկվել է տուժանքի, և Ընկերությունը թույլ է տվել ինչպես մեծաքանակ, այնպես էլ միացման գործընթացին վերաբերող տարաբնույթ խախտումներ, որոնց համաչափ է Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 47.1 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված տուգանքի առավելագույն չափը․ և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 47.1 հոդվածի 1- ին մասի 2-րդ կետը և 2-րդ մասի 3-րդ կետը՝ Հանձնաժողովը որոշում է.

1. Կանոնների 16-րդ, 19-րդ, 19.1-րդ և 85-րդ կետերը խախտելու համար Ընկերությանը տուգանել` 10 000 000 (տասը միլիոն) ՀՀ դրամ գումարի չափով։ 2. Ընկերությանը՝ 1) սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկշաբաթյա ժամկետում սույն որոշման 1- ին կետում նշված գումարը 900005001343 hաշվեհամարով փոխանցել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե.

2) ընդունել ի գիտություն, որ Ընկերությունն իրավասու է սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում այն բողոքարկել Հանձնաժողով կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ընկերությանն օրենքով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից: