Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2015-11-11 17:41
Հասարակություն

Ռուսական օդանավի կործանումը լուրջ փաստի առջև է կանգնեցրել հայաստանյան տուրիստական գործակալություններին

 Ռուսական օդանավի կործանումը լուրջ փաստի առջև է կանգնեցրել հայաստանյան տուրիստական գործակալություններին

Եգիպտոսի Սինայի թերակղզում ռուսական ավիաընկերության Airbus А321 օդանավի կործանման դեպքից հետո հազարավոր զբոսաշրջիկներ լքում են եգիպտական հանգստավայրերը: Միաժամանակ, կտրուկ նվազել է Եգիպտոս մեկնողների թիվը: Հիշեցնենք, որ Ռուսաստանը նոյեմբերի 6-ից դադարեցրել էր դեպի Եգիպտոս բոլոր չվերթերը՝ մինչ ավիավթարի պատճառների պարզումը:

Ռուսական օդանավի վթարը խուճապ է առաջացրել նաև Եգիպտոս մեկնել ցանկացող հայ զբոսաշրջիկների շրջանում: Yerkir.am-ի տեղեկություններով՝ վթարից հետո բազմաթիվ ՀՀ քաղաքացիներ տուրիստական ընկերություններից հետ են պահանջում իրենց տոմսերը: Արդյունքում՝ շատ ընկերություններ ոչ միայն լուրջ ֆինանսական կորուստներ են կրել, այլև կանգնել են փաստի առաջ: Yerkir.am-ի հետ զրույցում «Համար 1 տուրիստական գործակալության» տնօրեն Կարեն Աղաջանյանը պատմեց, որ վերջին օրերին իրենց ընկերության բազմաթիվ հաճախորդներ պահանջում են հետ վերադարձնել տոմսերի վճարները: «Խոսքը նախապես ամրագրված փաթեթների մասին է, հիմնականում՝ ամենօրյա ուղևորությունների: Մենք մարդկանց բացատրում ենք, որ Եգիպտոսում ամեն ինչ կարգին է, հանգիստ է, մարդիկ մեկնում են, հանգստանում և նորմալ հետ վերադառնում: Ավելին՝ Հայաստանից Եգիպտոս թռչող բոլոր ինքնաթիռները պատկանում են Եգիպտոսի կառավարությանը (ավիաչվերթ կատարողը պետական ավիաընկերություն է), ինքնաթիռները նոր են, սարքին, և որևէ խնդիր չի կարող առաջանալ: Սակայն մարդիկ վախենում են»,- ասաց նա:

Աղաջանյանի խոսքով՝ իրենք պատրաստ են վերադարձնել տոմսերի համար վճարված գումարները, սակայն խնդիր ունեն երրորդ կողմի, հիմնականում՝ վրացական ընկերությունների հետ, որոնցից էլ ձեռք են բերել տոմսերը: «Ավիաընկերությունները հիմնականում հրաժարվում են վերադարձնել տոմսերի գումարները՝ պատճառաբանելով, որ ֆորսմաժորային իրավիճակ չկա, որևէ պաշտոնական հայտարարություն չկա, և չվերթերը կայանալու են: ԱԳՆ-ից պարզաբանում են, որ իրենք դեռ ամռանն են հայտարարություն տարածել՝ հորդորելով հյուրանոցներից դուրս չգալ, սակայն դա ներկայիս խնդրի հետ ի՞նչ կապ ունի: Վրացական ընկերություննեից մեկը, որի հետ մենք համագործակցում ենք, երեկվանից հայտարարություն է տարածել՝ առաջարկելով զբոսաշրջիկներին երկու օրվա ընթացքում չվերթերը փոխել դեպի Թուրքիա, այլ պարագայում հետ չեն ստանա գումարները, իսկ տուրիստական ընկերությունները կտուգանվեն»,-ասաց Աղաջանյանը և ներկայացրեց մեկ այլ խնդիր. «Բանն այն է, որ այս տարի մեր տուրիստական գործակալությունը Ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ հրաժարվել է չվերթեր կազմակերպել դեպի Թուրքիա, հիմա նրանք մեզ ստիպում են փոխել Թուրքիա: Բացի այդ՝ տուրիստները նույնպես սկզբունքորեն հրաժարվում են Թուրքիա մեկնելուց»:

Տնօրենի խոսքով՝ եգիպտոսյան ուղևորությունների փաթեթները սկսվում են նվազագույնը 1000 դոլարին համարժեք դրամից, իսկ գործակալությունները նմանօրինակ յուրաքանչյուր փաթեթից ընդամենը չնչին եկամուտ են ունենում: «Մենք տուրիստների հետ պայմանագրեր ենք կնքել, որ ուղևորությունից հրաժարվելու դեպքում կտուգանվեն, սակայն տոմսերը չվերադարձնելը մեր կողմից մարդկային չէ, բացի այդ՝ խոսքը վերաբերում է մեր մշտական հաճախորդներին, ովքեր, տոմսերը չվերադարձնելու դեպքում, բնականաբար, այլևս չեն օգտվի մեր ծառայություններից: 20 հազար դրամի եկամուտ պետք է ունենայինք, արդյունքում՝ մեր գրպանից ստիպված ենք լինելու 400 հազար դրամ վճարել»,- ասաց Աղաջանյանը:

Yerkir.am-ը զրուցեց նաև տոմսերը վերադարձնել հրաժարվող, չարտերային թռիչքներ իրականացնող «Ինտերթրավել» (նախկինում՝ «Ինտերկոնտինենտալ») ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Տամարա Ախարբեդաշվիլիի հետ: «Մենք հայկական ընկերությունների հետ պայմանագիր ունենք, և նրանք լավ տեղեկացված են, որ մենք երբեք տոմսերը հետ չենք ընդունում, քանի որ դա կապված է մեծ տուգանքների հետ` հաշվի առնելով միայն մեկ տոմսի արժեքը, հյուրանոցում վարձակալած համարների արժեքը և այլն: Այլ բան է, եթե լիներ պաշտոնական հայտարարություն, որով կարգելվեին չվերթերը, այսինքն՝ չկա ֆորսմաժորային իրավիճակ: Ինչ վերաբերում է օդանավի կործանմանը, ապա ահաբեկչության վարկածն անգամ դեռ հաստատված չէ»,- ասաց նա:

Ախարբեդաշվիլին նաև հայտնեց, որ իրենք ներկայումս այս հարցի հետ կապված բանակցություններ ենք վարում Եգիպտոսի հետ, սակայն եգիպտական կողմը դեռ պատրաստ չէ հետ վերցնել տոմսերը:

Yerkir.am-ը մի քանի հարցեր ուղղեց նաև ՀՀ արտաքին գործերի նախարարությանը՝ ճշտելու՝ արդյո՞ք պատրաստվում են նոր հայտարարությամբ հանդես գալ, որով վերջ կդնեն խուճապային իրավիճակին: ԱԳՆ-ից մեզ պատասխանեցին, որ իրենք դեռևս հուլիսին հայտարարություն են տարածել՝ Եգիպտոսում իրադրության հետ կապված, հորդորելով զբոսաշրջիկներին մնալ հանգստյան գոտիներում և հյուրանոցի տարածքներում: Իսկ ինչ վերաբերում է տուրիստական ընկերությունների առջև ծառացած խնդրին, ապա, ըստ ԱԳՆ-ի, ՀՀ քաղաքացիները տուրիստական փաթեթները մասնավոր ընկերություններից են ձեռք բերել, և արտաքին գործերի նախարարությունը չի կարող նրանց վրա ազդել: «ԱԳՆ-ի ցանկացած հայտարարություն քաղաքական է և վերաբերում է երկկողմ հարաբերություններին: Ներկա պահին որևէ ապացույց չկա, որ այնտեղ ահաբեկչություն է եղել կամ որևէ վտանգ է սպառնում: Նպատակահարմար չէ ևս մեկ անգամ հայտարարություն տարածել»,- ասացին մեզ: Միաժամանակ խորհուրդ տվեցին քաղաքացիներին՝ դատական գործընթաց սկսելիս հենվել իրենց հայտարարության վրա: «Եթե նման գործընթաց սկսվի, իրենք կարող են մեզ դիմել, մենք համապատասխան գրություն կուղարկենք՝ նշելով, որ դեռևս հուլիսից է նախազգուշացվել, և դա ուժի մեջ է»,- ասաց մեր զրուցակիցը:

ԱԳՆ-ի՝ դեռևս հուլիսին արված հայտարարությունը, սակայն, ըստ Կարեն Աղաջանյանի, ժամանակավրեպ է և վերաբերել է այլ խնդրի: «Ինտերթրավել» ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Տամարա Ախարբեդաշվիլին էլ մեր այն հարցին, թե՝ ի՞նչ կանեք, եթե քաղաքացիները դատական գործընթաց սկսեն, արձագանքեց. «Խնդրեմ, թող դատի տան, մենք պատրաստ ենք»:

Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ