Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Վիեննայում կայացած ԼՂ հարցով բազմակողմ հանդիպումից հետո անցել է ուղիղ մեկ շաբաթ, և այդ ընթացքում շփման գծի երկայնքով կայուն հրադադար է պահպանվում, նոր զոհեր, բարեբախտաբար, չեն արձանագրվում։ Որքան էլ այս փաստն ուրախալի լինի, այնուամենայնիվ, հարց է առաջանում, թե ինչո՞վ է պայմանավորված Ադրբեջանի` այս անգամ ստանձնած պարտավորությանը կարծես թե հավատարիմ մնալու հանգամանքը։ Խնդիրն այն է, որ նախկինում ևս նմանատիպ պայմանավորվածություններ էին ձեռք բերվում, սակայն ադրբեջանական կողմն անմիջապես էր սկսում դրանք խախտել։
Թվում է, թե հիմնական պատճառը ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների կողմից Վիեննայի բանակցություններին չափազանց բարձր մակարդակով մասնակցությունն էր։ Սակայն 2014թ. ամռանը սահմանային սրացումից հետո Հայաստանի և Ադրբեջանի նախագահները նմանատիպ համաձայնություն ձեռք էին բերել Սոչիում` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անմիջական մասնակցությամբ, բայց դա չխանգարեց Բաքվին կարճ ժամանակ անց նորից անցնել դիվերսիոն հարձակումների պրակտիկային։ Իսկ նոյեմբերին ադրբեջանական զինուժը խոցեց հայկական ԶՈւ-ին պատկանող ուղղաթիռն այն բանից հետո, երբ նախագահները հանդիպել էին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ, ապա Փարիզում հանդիպում անցկացրել` Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի միջնորդությամբ։
Այսինքն` ակնհայտ է, որ շփման գծում կայուն հրադադարի պահպանման հիմքում ընկած են այլ` շատ ավելի լուրջ գործոններ։ Պնդումները, թե դա պայմանավորված է Բաքվում անցկացվելիք «Ֆորմուլա 1»-ի Եվրոպայի Գրան պրիին նախապատրաստություններով, այնքան էլ համոզիչ չեն։ Նախ՝ այդ մրցումներին դեռ մոտ մեկ ամիս ժամանակ կա, բացի դրանից, դրանք տևելու են ընդամենը երեք օր, ինչը չէր կարող տևական կայունության պահպանման մղել Բաքվին։ Անցած տարի Բաքվում եվրոպական օլիմպիադայի անցկացման փորձը ցույց է տալիս, որ Բաքուն կրակը դադարեցնում է նման միջոցառումներից անմիջապես առաջ և դրան անցում միջոցառումներից գրեթե անմիջապես հետո։ Այս իմաստով առաջնային պատճառը, բոլորովին էլ առաջիկա սպորտային այդ միջոցառումը չէ։
Ներկայիս իրադրությունն իրականում կարող է պայմանավորված լինել Վիեննայի բանակցությունների ոչ հրապարակային արդյունքներով կամ պայմանավորվածությամբ, որոնք ուղղակի կապված են հունիսից սկսվելիք` ԼՂ համապարփակ կարգավորման բանակցությունների հետ։ Վիեննայում արձանագրված ամենաէական փաստը ինչպես կրակի դադարեցման ռեժիմի պահպանման, այնպես էլ կարգավորման բանակցությունները շարունակելու հարցում համանախագահող բոլոր երեք երկրների միջև առկա համաձայնությունն է, որը, կարծես, Երևանին և Բաքվին զրկել է մանևրելու, գերտերությունների հակասությունների վրա խաղալու հնարավորությունից։ Այս փոխըմբռնումը, որը տարօրինակ օրինաչափությամբ արձանագրվում է միայն ԼՂ հիմնահարցի համատեքստում, ԱՄՆ-ին, ՌԴ-ին ու ԵՄ-ին հնարավորություն է տվել կողմերին հարկադրելու «բանակցությունների»՝ խաղարկելով բանակցություններ սկսելու համար երկու կողմերի առաջադրած նախապայմանները «բավարարելու» տակտիկան։ Հայաստանի մասով հիմնական նախապայմանը եղել է հրադադարի ռեժիմին վերադառնալը՝ Սերժ Սարգսյանի առաջադրած երեք մեխանիզմներով, իսկ Ադրբեջանի մասով՝ երաշխավորելը, որ հրադադարի պահպանումը չի ծառայեցվելու որպես գործող ստատուս քվոն Հայաստանի կողմից պահպանելու միջոց։
Այս առումով հարկ է ուշադրություն դարձնել երկու հանգամանքի։ Նախ՝ որքան էլ տարօրինակ է, Վիեննայի բանակցություններից մեկ շաբաթ անց դեռևս հայտնի չէ՝ ի՞նչ է անում ԵԱՀԿ-ն, այս կազմակերպության նախագահությունը ստանձնած Գերմանիան ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման, շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների մշակման ուղղությամբ։ Այլ իրավիճակում դրանց համար մեկ շաբաթը կարող էր չափազանց քիչ համարվել։ Սակայն եթե արդեն հունիսից սկսվելու են ԼՂ կարգավորման բանակցությունները, ապա միանգամայն տրամաբանական է, որ մինչ այդ արդեն դրանք գործարկված լինեն։ Եթե այս ուղղությամբ ԵԱՀԿ-ն դանդաղում է, կարելի է եզրակացնել, որ Վիեննայում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Ֆրանսիայի պետնախարար Արլեմ Դեզիրը անձամբ են հայկական կողմին տվել հրադադարի պահպանման երաշխիքներ՝ տվյալ դեպքում ճնշում գործադրելով Բաքվի վրա։ Իսկ դրա հնարավորությունները նրանք ունեն։ Խնդիրն այն է, որ այդ երկրներին բացարձակապես պետք չէ ոչ մի հավելյալ մեխանիզմ՝ տեղեկանալու, թե կողմերից որն է առաջինը խախտում հրադադարը, ձեռնարկում ծավալուն ռազմական գործողություններ։ Նրանց օդատիեզերական ուժերը և արբանյակային տեխնիկական միջոցները լիուլի տալիս են այդ հնարավորությունը։ Եվ չի կարելի բացառել, որ նրանք պարզապես հասկացրել են Իլհամ Ալիևին, որ նոր սադրանքների դիմելու դեպքում պարզապես կմեղադրեն Ադրբեջանին 1994-95թթ. հրադադարի պայմանագրերը խախտելու մեջ և ուղղակի կխրախուսեն ԼՂՀ-ի միջազգային ճանաչման գործընթացը։
Երկրորդ՝ ուշագրավ էր Վիեննայում բանակցություններից հետո ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի արած հայտարարությունը. «Մենք նպատակադրված ենք գործը ավարտին հասցնել, որպեսզի շարժվենք հակամարտության լիարժեք կարգավորման ուղղությամբ: Հավանաբար, կողմերի միջև բավական լարված իրադրության պատճառով դա կարվի փուլ առ փուլ, և կարգավորման առաջին փուլի ուղենիշերը համաձայնեցնելու հնարավորություն կա»: Այսինքն` բացի նրանից, որ Ադրբեջանին տրվել են, արդեն հունիսից կարգավորման բանակցություններն սկսելով, ստատուս քվոն պահպանելու հնարավորությունից Երևանին զրկելու երաշխիքներ, նաև երաշխավորվել է, որ կարգավորումը տեղի է ունենալու փուլային եղանակով, ինչպես պահանջում էր Բաքուն։ Ուշագրավ է, որ խոսքը բացառապես մադրիդյան սկզբունքների շրջանակում կարգավորման մասին է, ինչը նախատեսում է, որ առաջին փուլում խոսքը գնում է հայկական կողմից տարածքային զիջումների, որից հետո միայն փախստականների վերադարձի, իսկ վերջում՝ հանրաքվեի միջոցով ԼՂ-ի կարգավիճակի որոշման մասին։ Ահա թե ինչու էր Լավրովի այս հայտարարությունը ողջունում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը։
Փաստորեն, իրողությունը, որ միջնորդները Վիեննայում այդպես էլ որևէ գնահատական չտվեցին ապրիլին ԼՂ-ի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած կայծակնային հարձակմանը, պատահական չէ, դրանով նրանք քարտ բլանշ տվեցին Ադրբեջանին, որ եթե Երևանը հրաժարվի «փուլային» սկզբունքով բանակցություններից, Բաքուն կարող է իրեն իրավունք վերապահել հարցը լուծել պատերազմի միջոցով։ Այլ կերպ ասած՝ միջնորդները երկու կողմերին էլ կարծես կանգնեցնում են փաստի առաջ։ Հայաստանին սպառնում են փուլային կարգավորման բանակցություններին չգնալու դեպքում` Ադրբեջանին պատերազմի արտոնություն տալով, իսկ Ադրբեջանին` ռազմական նոր սադրանքների դիմելու դեպքում ԼՂՀ-ն ճանաչելու հեռանկարով։ Թերևս հենց այս ուժեղ գործոններն են ներկայումս կայուն հրադադարի պահպանման իրական պատճառները։
Գևորգ Դարբինյան