|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը Yerkir.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ ինքը Գյումրիում «այո»-ի ակտիվ քարոզչություն է անում: Նրա խոսքով` որպես Գյումրիի կուսակցական կառույցի ղեկավար՝ ամեն ինչ անում է, որ ժողովուրդը հասկանա` ինչի օգտին կամ ինչին է դեմ քվեարկում:
«Հանդիպումներ եմ ունենում` տարբեր ձևաչափերով: Հանդիպումներ են տեղի ունենում տարբեր խավերի հետ: Դրսում և գրասենյակում հնարավորին չափով փորձում ենք մարդկանց իրազեկել, բացատրել բարեփոխումների նպատակը: Փորձում ենք վեր հանել և բացատրել, թե կոնկրետ դրույթներն ինչի համար ենք փոխում: Փորձում ենք մարդկանց բացատրել, որ սա է միակ ուղին, որը կօգնի զերծ մնալ քաղաքական ճգնաժամերից և թույլ կտա ապահովել մեր ժողովրդի կայուն զարգացումը»,- ասաց պատգամավորը:
Մեր այն դիտարկմանը, թե Շիրակի մարզպետ Ֆելքիս Ցոլակյանն օրեր առաջ խորհրդարանում լրագրողներին ասել էր, որ Շիրակի մարզում Գյումրին այնքան էլ կողմ չէ սահմանադրական բարեփոխումներին, և «ոչ»-ի կողմնակիցներն ավելի շատ են, Ավետիսյանը պատասխանեց. «Գյումրին երբևէ ընդդիմադիր կեցվածքով չի եղել: Այստեղ ավելի շատ կարելի ասել, որ պասիվ են գյումրեցիները»: Պատգամավորն այդ հանգամանքը պայմանավորեց Գյումրիում սոցիալական խնդիրների առատությամբ:
Մեր այն հարցին, թե մյուս տեղերում չկա՞ն արդյոք սոցիալական վատ պայմաններ, պատգամավորը պատասխանեց. «Չմոռանանք, որ, ըստ վիճակագրության, գործազրկության ամենամեծ տոկոսը հենց Գյումրիում է, սոցիալական խնդիրներն ավելի շատ հենց Գյումրիում են: Այս ամենը որ գումարվում է, մարդիկ անտարբեր են դառնում: Կարծում եմ` կստացվի Գյումրիում լավ արդյունքներ գրանցել: Այստեղ մարդկանց ճիշտ բացատրելու խնդիրն է: Մարդիկ պետք է փաստեն, թե ինչո՞ւ են «ոչ» ասում: Եթե «ոչ» ասենք, նույնը կմնա ամեն ինչ, ուստի բերեք՝ փոփոխություն անենք»: