|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը կանխատեսում էր, որ ՀՀԿ-ն ընտրելու է մարտավարության այդ տարբերակը: Yerkir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով այսօրվա արտահերթ նիստի տապալմանը, նա ընդգծեց, որ ՀՀԿ-ի` քննարկումներից խուսափելու մարտավարությունը սխալ է:
«Եթե հանրապետականները երկաթյա արգումենտներ ունեին, ինչպես իրենք են պնդում, ուրեմն իրենց իսկ շահերից էր բխում, որ ներկայանան նիստին: Փախուստը նիստից, ինչ անուն էլ դրան տան` անվանելով քաղաքական բոյկոտ, մեկ բանի մասին է խոսում, որ չունեն լրջագույն փաստարկներ»,- ասաց պատգամավորը:
Նրա կարծիքով` խորհրդարանն այն ամբիոնն է, որտեղից պետք է հնչեցվեին փոխադարձ հիմնավորումներ: Ըստ պատգամավորի` երեք կողմերը` մեծամասնությունը, ոչ կոալիցիոն քաղաքական ուժերը և կառավարությունը կարող էին ներկայացնել իրենց փաստարկները, և ճշմարտությունը կբացահայտվեր բանավեճի ընթացքում: Հնարավոր է, որ իշխող կոալիցիայի փաստարկներն այնքան հիմնավոր լինեին, որ համոզեին ոչ կոալիցիոն քաղաքական ուժերին, բայց նրանք խուսափեցին հարցի բաց, հրապարակային քննարկումից: «Իրենց գործունեությունը երբևէ բաց ու թափանցիկ չի եղել, որ կանխատեսեինք, թե ինչու խուսափեցին: Կտեսնենք, թե երկուշաբթի օրը կառավարությունն ինչ փաստարկներ է ներկայացնելու»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը: