կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-05 08:08
Քաղաքական

Իմ կեցվածքով ընդդիմադիր եմ և գտնում եմ, որ իշխանությունը պիտի հեռանա․ համայնքապետի թեկնածու

Իմ կեցվածքով ընդդիմադիր եմ և գտնում եմ, որ իշխանությունը պիտի հեռանա․ համայնքապետի թեկնածու

Այս տարվա դեկտեմբերի 5-ին Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել երեք կուսակցություն` ՔՊ-ն, «Հայրենիք» կուսակցությունը և Հայ հեղափոխական դաշնակցությունը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջադրել է գործող քաղաքապետ Թովմաս Շահվերդյանի թեկնածությունը։ Շահվերդյանը քաղաքապետ էր ընտրվել 2016 թվականին։ Աշտարակ համայնքում «Հայրենիք» կուսակցության ավագանու ցուցակը գլխավորելու է Ազատ Զաքարյանը։

Դաշնակցության քաղաքապետի թեկնածուն Կարո Առաքելյանն է, ով մեզ հետ զրույցում ասաց, որ նախկինում մարզպետի օգնական է աշխատել: «Նախկինում եղել եմ մարզպետի օգնական, այնուհետև որոշ ժամանակ անց զբաղվել եմ ձեռնարկատիրական գործունեությամբ, որից հետո էլի մարզպետարանում քաղծառայող եմ եղել՝ սոցիալական բաժնում, այս պահին չեմ աշխատում»,- ասաց Առաքելյանը։

- Ինչպե՞ս եք գնահատում Ձեր շանսերը՝ համեմատած մրցակիցների հետ։ ՔՊ-ի թեկնածուն գործող քաղաքապետն է, և ենթադրվում է, որ վարչական ռեսուրսը հօգուտ իշխանության կծառայի։

- Այո, բան չունեմ ասելու, կա նման մտավախություն, որ կօգտագործեն վարչական ռեսուրսը, բայց մեր թիմն էլ հզոր թիմ է, և ինձ թվում է, որ խնդիր չի լինի, ամեն դեպքում։ Պայքարենք, կտեսնենք՝ ինչ կլինի։

- ՏԻՄ ընտրություններն ընկալվում են նաև որպես օրվա քաղաքական իշխանությանն աստիճանաբար հեռացնելու միջոց։ Ձեզ համար այս ընտրությունները միայն համայնքայի՞ն նշանակություն ունեն, թե՞ նաև իշխանություններին հեռացնելու շարժառիթ ունի Ձեր մասնակցությունը։

- Այո, միանշանակ կա այդպիսի շարժառիթ։ Ես իմ կեցվածքով ընդդիմադիր եմ և ես էլ գտնում եմ, որ այսօրվա իշխանություններն օր առաջ պետք է հեռանան։

- Ձեր գնահատմամբ, ինչպե՞ս է աշխատել գործող քաղաքապետը։

- Վատ չի աշխատել, բայց, ամեն դեպքում, բնականաբար, ահագին անելու բան կա քաղաքի համար։

- Ասում են, որ Արագածոտնի մարզում դաշնակցականները շատ են, Դուք ունենալո՞ւ եք աջակցություն կուսակցականների կողմից։

- Այո, ունեմ, Արագածոտնում մենք շատ կուսակցականներ էլ ունենք, համակիրներ էլ ունենք և մեծ թիմ ունենք, բոլորն էլ լծված են գործին, աշխատում են։ Ամբողջ Հայաստանում էլ, որտեղ մեր դաշնակցականները կան, մեր կուսակցական ընկերները, բնականաբար, իրենք բոլորն էլ պայքարելու են, աջակցելու են մեր թեկնածուներին կամ ոչ իշխանական թեկնածուներին։

- Վերջերս հրաժարական ներկայացրեց Արագածոտնի մարզպետը՝ Դավիթ Գևորգյանը, ասում են, որ նա հրաժարական տվեց, որովհետև ՔՊ-ի ի հետ տարաձայնություններ ուներ, մասնավորապես` թեկնածուների հետ կապված։ Դուք տեղեկություններ ունե՞ք՝ ինչո՞ւ Գևորգյանը հրաժարական ներկայացրեց։

- Ճիշտն ասած՝ տարբեր լուրեր են պտտվում, բայց դա իրենց ներքին խնդիրներն են, հստակ ոչ մի բան չեմ կարող ասել, բայց տարբեր խոսակցություններ պտտվում են։

Աղբյուրը՝ «Հրապարակ օրաթերթ»